Ինչպես են աճել Հայաստան ուղարկվող գումարները
2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են ուղարկել 1 մլրդ 561.5 մլն դոլար։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքը 1 մլրդ 321.1 մլն դոլար էր։
Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ Հայաստան ուղարկվող փողն ավելացել է 240.4 մլն դոլարով կամ 18.2%-ով։ Այս տվյալները կարելի է գտնել ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի նոյեմբեր ամսվա տեղեկագրում։
Այս տվյալները ցույց են տալիս, որ դրամական փոխանցումների ներհոսքը վերականգնվում է։ Հիշեցնենք, որ 2013 թվականին դրամական փոխանցումների ներհոսքը հասավ առավելագույն մակարդակին՝ 2.3 մլրդ դոլար, որից հետո տարեցտարի կայուն նվազում էր։
2016 թվականին դրամական փոխանցումների ներհոսքը կազմեց 1 մլրդ 532.9 մլն դոլար, ինչն ավելի քիչ էր, քան ճգնաժամային 2009 թվականին։
2017-ի տարեկան տարեկան տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն հաշվի առնելով 11 ամիսների աճի դինամիկան՝ կարելի է ենթադրել, որ տարվա արդյունքներով դրամական փոխանցումների ներհոսքը կգերազանցի 1.8 մլրդ դոլարը։
Սակայն ԿԲ-ն հրապարակում է նաև դրամական միջոցների ներհոսքին վերաբերող մեկ այլ վիճակագրություն՝ ըստ վճարային հաշվեկշռի։
Այդտեղ երկրները չեն երևում, փոխարենը՝ այս մեթոդաբանությամբ ներկայացվող տրանսֆերտների վիճակագրությունը թույլ է տալիս հասկանալ, թե Հայաստան ուղարկվող փողերն ինչ բնույթի են՝ միգրանտների աշխատարձե՞րն են, դրսում մատուցած ծառայությունների դիմաց վճարումների դիմաց վճարումնե՞րը, թե՞ այլ բան։ Այս վիճակագրությունը հրապարակվում է եռամսյակը մեկ, և օրերս ներկայացվել են 2017 թվականի 3-րդ եռամսյակի տվյալները։
Այսպես, ըստ վճարային հաշվեկշռի՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակում արտերկրից Հայաստան է փոխանցվել 418.9 մլն դոլար։
Փոխանցվող գումարների մեջ ամենամեծ կշիռն ունի արտերկրում սեզոնային աշխատողների (աշխատանքային միգրանտների) զուտ աշխատավարձը՝ 200.2 մլն դոլար։ Զուտը նշանակում է, որ այն չի ներառում եկամտահարկը, տրանսպորտային ծախսերը և արտերկրում կատարված այլ ծախսումները (ընդգծենք նաև, որ այստեղ ներառված չեն նաև ՀՀ տարածքում տեղաբաշխված անկլավային տարածքում ռեզիդենտ աշխատողների ստացած աշխատավարձերը)։
Ըստ մեծության՝ երկրորդը անձնական տրանսֆերտներն են՝ 170 մլն դոլար։
Շուրջ 40 մլն դոլար երրորդ եռամսյակում կազմել են որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտները։ Մի փոքր պարզաբանում՝ այս ցուցանիշի մասով. արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ: 39.9 մլն դոլարի գնահատականը տրված է՝ հիմնվելով հարցումների տվյալների վրա:
Կապիտալ բնույթի փոխանցումների ծավալն ամենափոքրն է՝ 8.8 մլն դոլար։
Ըստ վճարային հաշվեկշռի, 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 2017 թվականի երրորդ եռամսյակում Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալն աճել է 44 մլն դոլարով կամ 11.7%-ով։
Ինչպես տեսնում եք Գծապատկեր 2-ում՝ տրանսֆերտներն ավելացել են բոլոր ուղղություններով՝ թե՛ միգրանտների աշխատավարձերի, թե՛ ծառայությունների, թե՛ անձնական ու կապիտալ տրանսֆերտների գծով։
2017-ի հունվար-սեպտեմբերին (3 եռամսյակների ընթացքում), ըստ վճարային հաշվեկշռի՝ Հայաստան են ուղարկվել 994.9 մլն դոլարի տրանսֆերտներ։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ տրանսֆերտներն ավելացել են 106.7 մլն դոլարով կամ 12%-ով։
Դրամական փոխանցումների ներհոսքի աճը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից եկող գումարների ավելացմամբ։ Դա էլ իր հերթին՝ բացատրվում է ՌԴ տնտեսության որոշակի ակտիվացմամբ։ Եթե 2015 թվականին Ռուսաստանում գրանցվել էր 2.8 տոկոսանոց տնտեսական անկում, 2016 թվականին՝ 0.2% անկում, ապա 2017 թվականին Համաշխարհային բանկն այս երկրի համար տնտեսական աճը գնահատել է 1.7%՝ կանխատեսելով, որ աճի տեմպը կպահպանվի նաև 2018 թվականին։
Բնականաբար, Հայաստանի տնտեսության մեջ արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումների դերակատարումը բավականին մեծ է։ 2016թ. զրոյականին մոտ աճը մասամբ պայմանավորված էր հենց տրանսֆերտների կրճատմամբ։
2017-ին հակառակ պատկերն է՝ տրանսֆերտներն աճել են, տնտեսությունը՝ նույնպես։ Հիշեցնենք, որ 2017 թվականի համար ի սկզբանե կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ, սակայն հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության փաստացի աճը կազմել էր 7.3%: Իսկ Ֆինանսների նախարարության ամենաթարմ գնահատականներով (երեկ հրապարակված)՝ 2017 թվականին տնտեսական աճը կլինի 6.7%:
Իհարկե, այս աճը միայն տրանսֆերտներով չի պայմանավորված, սակայն փաստ է, որ այդ մասով արտաքին գործոնները բարենպաստ են եղել։ Ու եթե ՌԴ տնտեսությունն այս տարի շարունակի աճել, ինչպես կանխատեսում է Համաշխարհային բանկը, ապա այս տարի դրամական փոխանցումները նույնպես կաճեն՝ նպաստելով 2018 թվականի համար 4.5% նախատեսվող տնտեսական աճի ապահովմանը։