Բաժիններ՝

«Դահլիճի շինարարության ծախսերը 33-34 միլիոն են, բուֆետն էլ՝ սարքավորումներով, 16 միլիոն է». Շիրակի պետհամալսարանի ռեկտոր

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար գրառումներ է կատարում բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի վերաբերյալ:

Վերջինս սկզբում անդրադարձել էր բուհում 118 միլիոն դրամի շրջանակներում իրականացված դահլիճի, 25 միլիոն դրամի շրջանակներում իրականացված բուֆետի շինարարությանը, որոնց հիմնանորոգման համար գումարները հատկացվել են համալսարանի բյուջեից:

Վերջերս էլ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը.

«Հունվարի 16-ին Շիրակի պետհամալսարան էր ժամանել մի խումբ, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ Հարկային ծառայության ներկայացուցիչներ էին և նպատակ են ունեցել ստուգելու ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից շահագործվող բուհի և բուհի ավագ դպրոցի բուֆետների աշխատանքները: Հարկային ծառայության ներկայացուցիչների այցը բուհ առիթ դարձավ, որ բացահայտվեն Սահակ Մինասյանի ևս մի քանի հանցագործություններ:

Կարդացեք նաև

Պարզվում է, որ 3-4 ամիս առաջ բուհի ավագ դպրոցի բուֆետում 12-րդ դասարանի աշակերտուհի Ա.Ա.-ն հյութ խմելուց կուլ է տվել նաև ապակու կտոր: Դա շատ մեծ սկանդալ է առաջացրել դպրոցում, և սկսվել է հետաքննություն, որը գտնվում է Շիրակի մարզի դատախազի տեղակալներից մեկի անմիջական վերահսկողության տակ: Աշակերտուհու հետ կապված միջադեպից հետո դպրոցի բուֆետը փակվել է և չի գործում մինչ օրս: Դպրոցի աշակերտների հավաստիացմամբ՝ խայտառակ վիճակ է եղել նաև սանիտարական նորմերի պահպանման բնագավառում: Ինչպես ասում են բարձր դասարանում սովորող աշակերտներից ոմանք՝ «Խոզնոց էր, բուֆետ չէր»:

ՇՊՀ-ի ավագ դպրոցի բուֆետում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, որը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ 17-ամյա աղջկա համար, տեղյակ էին նաև դպրոցի հարևանությամբ գտնվող բնակիչները: Հետաքննության շրջանակներում պարզվել է նաև, որ դպրոցի բուֆետը, որը շահագործվում է անմիջականորեն բուհի ռեկտորի կողմից, փաստացի չի ունեցել աշխատողներ. գրանցված է եղել միայն մեկ աշխատակից, իսկ մյուսներն աշխատել են ապօրինի: Ըստ հավաստի տեղեկությունների` Սահակ Մինասյանն ամեն ինչ ձեռնարկում է այդ խայտառակ միջադեպը չհանրայնացնելու համար և իր «տերերի» միջոցով փորձում է կանխել հետաքննությունը՝ ճնշումներ գործադրելով Դատախազության աշխատակիցների վրա»:

Այնուհետև նա կատարել էր ևս մեկ գրառում. «10 միլիոն դրամանոց սանհանգույց՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հանգստասենյակում: Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի թալանչիական գործունեության վերաբերյալ նոր փաստեր են հայտնվել: Պարզվում է, նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամը փոշիացնելու և գրպանելու քաղաքականության հիմքերը դրվել են հենց այն պահից, երբ կրթական գործի Կոլումբոս Մինասյանը ոտքը բուհ դրեց:
Մինասյանի առաջին նախաձեռնություններից մեկը եղավ ռեկտորի կաբինետի վերանորոգումը, չնայած այն հանգամանքին, որ նախորդ ռեկտորը բավական լավ վիճակում գտնվող կաբինետ էր ժառանգություն թողել ներկայիս ռեկտորին»:

Զանգահարեցինք համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին՝ պարզելու համար վերջինիս դիրքորոշումը վերը նշված գրառումների վերաբերյալ:

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի խոսքով՝ բուհի դահլիճի և ճաշարանի շինարարության համար այդքան գումար չի ծախսվել: Նա նաև հերքեց 10 մլն դրամանոց սանհանգույցի վերաբերյալ տեղեկությունները: Վերջինիս նաև հարց ուղղեցինք, թե որքա՞ն գումար է բուհում տնտեսվել նախորդ տարվանից:

«Շինարարությունն այս պահին ռեալ ավարտված է, արդեն չենք անում: Էդ բոլոր թվերը չի համապատասխանում իրականությանը: Դահլիճի շինարարության ծախսերը 33-34 միլիոն են, «Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբը՝ նույնքան, սարքավորումները Համաշխարհային բանկն է տալիս, բուֆետն էլ 16 միլիոն է՝ սարքավորումներով, ամեն ինչով: Բուհի կողմից տնտեսված գումարի վերաբերյալ զանգահարեք 10-15 օրից, ձեզ գրավոր էլ կուղարկենք»,- ասաց Սահակ Մինասյանը:

Բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.

«Տեղի շխատողներին հարցրեք, ամեն մեկը յուրովի է մոտենում այդ հարցին: Կա բուհի ղեկավարություն, գնացեք, էդ հարցերն իրենց հետ պարզեք: Չեմ կարող ասել՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ արված շինարարությունը, բայց մի բան կարող եմ ասել, որ ինքնանպատակ չէր տնտեսվել այն կես միլիարդ դրամը, քանի որ առաջիկա տարիներին բուհերին ծանր շրջան է սպասվում: Օրինակ, այս տարի ընդունելությունը կրկնակի, գուցե եռակի անգամ կպակասի՝ պայմանավորված շրջանավարտների քիչ քանակով: Անհրաժեշտ է բուհի գոյությունը պահել, մինչև լավ օրերի գալը: Նախատեսվում էր, որ այդ գումարներով կկարողանային հիմնականում բուհի կենսական գործունեությունն ապահովել՝ չվնասելով հատկապես կադրային հարցը, որովհետև, եթե ուսանողների քանակը քիչ եղավ, կրկին դրվելու է կադրերից ազատվելու խնդիր: Կադր պատրաստելը երկարաժամկետ գործառույթ է, կադր կորցնելը՝ ընդամենը հրամանի հարց»:

Հավելենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դեռ որևէ կերպ չի արձագանքել Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող գործընթացներին, որևէ եզրակացություն չի ներկայացվել հանրությանը՝ արդյո՞ք բուհում չարաշահումներ տեղի ունեցել են, թե՞ ոչ:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս