«ԵՄ-ն նպատակ ունի նպաստել էներգիայի էժանացմանը Հայաստանում». Պյոտր Սվիտալսկի
Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված 5 նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով։
Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 1.9 մլն եվրո, ծրագրերն իրականացվելու են 2018-2019 թվականներին։
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդների և հասարակ քաղաքացիների` ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ։ «Այս հինգ նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարման, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր»,- ասաց Սվիտալսկին։ Նա ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը։ Այս ծրագրերը, ըստ դեսպանի` հիմք են հանդիսանում ՀՀ-ԵՄ կապերի խորացման համար։
«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մասին իրազեկման բարձրացում» երկամյա ծրագիրն իրականացնում են «Հանրային լրագրության ակումբ» և «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունները։ Այս ծրագիրը կլուսաբանի փակ հաստատություններում ապրող հայերի ամենօրյա կյանքը։ Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են նախնական կալանքի տակ, դատապարտված են ազատազրկման կամ ապրում են մասնագիտացված փակ հաստատություներում՝ ծանր ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունենալու պատճառով։ Դեսպան Սվիտալսկին հիշեցրեց, որ ԵՄ-ն 1 մլն եվրո է տրամադրել հայկական ՔԿՀ-ներին, որպեսզի ավելի թափանցիկ աշխատանքներ իրականացվեն։
Հաջորդ ծրագրի նպատակն է՝ օգնել հայ բնակչությանը, հատկապես՝ մարզերում, մեծացնել ազգային բյուջեի, պետական ծախսերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և իրազեկել կառավարության կողմից բյուջեի անարդյունավետ ծախսերի վեաբերյալ հաշվետվություն ստանալու իրենց իրավունքների մասին։ Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ հանրությունը շատ լավ գիտի, թե որն է բյուջեի ծախսման լավագույն տարբերակը, դրա համար, ըստ դեսպանի՝ քաղհասարակության դերն այս հարցում շատ մեծ է։
Էներգախնայողության վերաբերյալ ծրագրի նպատակն է՝ ներգրավել հասարակության լայն շերտերի՝ էներգիայի արդյունավետության վերաբերյալ քաղաքացիական ընկալման վերանայման գործում՝ որպես Հայաստանում աղքատության նվազեցման և վերացման ուղի։ «ԵՄ-ն նպատակ ունի նպաստել էներգիայի էժանացմանը Հայաստանում»,- ասաց դեսպանը։
Մյուս ծրագիրը քաղհասարակության դերի բարձրացմանն է ուղղված, իսկ վերջինը՝ ձեռնարկատիրության ոլորտում կանանց մասնակցությանը։ Դեսպան Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի հայ կանայք ավելի ակտիվ կերպով մասնակցեն երկրի տնտեսական կյանքին»։