Կրթության ոլորտի հակակոռուպցիոն ծրագրի մասին
www.e-draft.am կայքում օրերս հրապարակվեց Կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս փաստաթուղթը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված, թերևս, ամենահամարձակ փաստաթուղթն է։
Ծրագրում՝ որպես կոռուպցիոն ռիսկեր, ամրագրված են այնպիսի երևույթներ, որոնց մասին երկար տարիներ խոսում են ոլորտի մասնագետները, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետազոտողները։ Այս փաստաթուղթն ընդհանուր հայտարարի է բերում նախարարության և ոլորտի մասնագետների տեսակետները՝ չհաշված որոշ բացառություններ։
Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր մանկապարտեզների դաստիարակների, վարիչների և բուհերի դասախոսների աշխատանքի ընդունման գործընթացում։ Բայց նախարարությունը շրջանցել է դպրոցների տնօրենների և ուսուցիչների աշխատանքի ընդունման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի խնդիրը։
Իրականում հենց այդ ռիսկն իր ընդգրկումով մի քանի անգամ ավելի մեծ է, քան մանկապարտեզներում և բուհերում առկա նման խնդիրները՝ միասին վերցված։ Մյուս խնդիրն այն է, որ այս փաստաթղթում որոշակի ակնկարկ կա դպրոցների կառավարման խորհուրդների հասցեին։
Մինչդեռ հայտնի է, որ տնօրենների ընտրության գործընթացում հիմնական խնդիրը ոչ թե դպրոցների խորհուրդների անդամներն են, այլ նրանց վրա ճնշում գործադրող բարձրաստիճան պաշտոնյաները։ Փաստաթղթի հիմնական թերություններից մեկն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը կապվում են կառավարման միջին և ստորին օղակների հետ։
Ուշագրավ է, որ նախագծում՝ որպես կոռուպցիոն ռիսկ, նշվում է նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների ազդեցության մասին։ Մասնավորապես, որպես խնդիր՝ սահմանվում է այն, որ քարոզարշավների, ընտրական գործընթացների և տարբեր տոնակատարությունների ժամանակ դպրոցական անձնակազմը կամավոր-պարտադիր սկզբունքով ներգրավվում է:
Փաստաթղթում առաջարկվում են նաև լուծումներ։ Մասնավորապես, այս խնդրի հետ կապված՝ առաջարկվում է իրավական ակտերում ներառել դրույթներ, որոնք կարգելեն դպրոցների ղեկավար անձնակազմին և ուսուցիչներին՝ աշխատանքային ժամերին զբաղվել քաղաքական քարոզչությամբ, կուսակցական գործունեությամբ, օգտագործել ուսումնական հաստատության տարածքը, գույքը, հեռախոսակապը, այլ ռեսուրսները՝ ի շահ կուսակցության։
Չեմ կարծում, որ այս մեխանիզմը կարող է հարցի լուծում լինել, քանի որ անհնար է վերահսկել, թե որ ժամին է դպրոցի տնօրենը կուսակցական հարցերով զբաղվել։ Կամ ի՞նչ կարող է անել դպրոցի տնօրենը, եթե աշխատանքային ժամին կուսակցական վերնախավի ներկայացուցիչն իրեն զանգահարում է կուսակցության հետ կապված հարցերով։ Իմ կարծիքով՝ այս հարցն ունի մեկ լուծում. իշխող կուսակցությունը պետք է հանգիստ թողնի մանկավարժներին և տնօրեններին՝ հասկանալով, որ ժամանակակից կրթության համակարգը կարիք ունի ազատ մտածող և գործող տնօրենների ու մանկավարժների։
Որպես կոռուպցիոն ռիսկ՝ նշվում է նաև բուհերի կառավարման խորհուրդների քաղաքականացվածությունը։ Ըստ փաստաթղթի՝ բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է ղեկավարեն բուհերի խորհուրդները։ Սա չի համապատասխանում Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նոր նախագծին, որի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն չեն կարող ղեկավարել բուհերի կառավարման խորհուրդները, այլև չեն կարող նաև խորհրդի անդամ լինել։
Որպես կոռուպցիոն ռիսկ՝ նշվում է հատկապես ավարտական դասարաններում դասերի հաճախելու խնդիրը։ Նախարարությունն առաջարկում է երկու ավագ դպրոցներում փորձարկել մուտքն ամրագրող քարտեր և dasaran հարթակի միջոցով վերահսկել հաճախումները։ Իհարկե, աշակերտների և ուսանողների հաճախումը համարժեք չէ, բայց պակաս կարևոր չէ նաև ուսանողների հաճախումների խնդիրը։ Հատկապես՝ մագիստրատուրայի մակարդակում արձանագրվում են դեպքեր, երբ դասի հաճախում է ուսանողների 20-30֊%-ը։
Այս մասին փաստաթղթում չի նշվում։ Հաճախումների խնդրի լուծումը հնարավոր է միայն կրթության որակի բարձրացման արդյունքում։ Ավելին, կրթության ոլորտի միջազգային մի շարք փաստաթղթերում կարևորվում է ոչ թե դպրոց հաճախելը, այլ այն, թե ինչ են անում սովորողները դպրոցում։
Փաստաթղթում կարևորվում է նաև հակակոռուպցիոն կրթության դերը։ Առաջարկվում է Հասարակագիտություն առարկայի ծրագրում, բուհական դասընթացներում ավելացնել կոռուպցիային նվիրված թեմաները։ Տարիներ առաջ այդ թեման դպրոցական ծրագրում ընդգրկվել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի առաջարկով։ Նախարարությունը համարում է, որ դա բավարար չէ։
Ընդհանրապես կա տեսակետ, որ հասարակական ցանկացած երևույթ պետք է դառնա Հասարակագիտություն առարկայի մաս։ Այդ մոտեցումը սխալ է, քանի որ դպրոցական մակարդակում Հասարակագիտությունը պետք է ներառի հասարակական կյանքի միայն հիմնարար հարցերի մասին պատկերացումներ։ Իսկ հակակոռուպցիոն կրթության վիճակը բարելավելու լավագույն ճանապարհը երկրում կոռուպցիայի դեմ պայքարելն է։ Երբ երեխաները տեսնեն, որ կոռումպացված պաշտոնյաները պաշտոնանկ են արվում, կոռուպցիոն երևույթները բացահայտվում ու պատժվում են, ապա նրանք կստանան որակյալ հակակոռուպցիոն կրթություն։
Իսկ երբ դասագրքում վերամբարձ մտքեր են գրվում կոռուպցիայի մասին, իսկ ուսուցիչը վերարտադրում է այդ մտքերը, ապա դա անորակ կրթություն է, քանի որ չի համապատասխանում իրական կյանքին։ Միշտ չէ, որ կրթությունը սկսվում և ավարտվում է դասագրքերով։ Բոլոր ժամանակներում լավագույն ուսուցիչը եղել և մնում է կյանքը։
Իսկ ընդհանուր առմամբ, նախագիծը շատ հաջողված է, քանի որ նախարարությունը համարձակորեն ներկայացրել է գրեթե բոլոր կոռուպցիոն ռիսկերը։ Բայց մյուս կողմից՝ ծրագիրը կդառնա անարդյունավետ փաստաթուղթ, եթե այն հետևողականորեն չիրականացվի։ Չմոռանանք, որ Հայաստանի կրթության համակարգի ամենամեծ բացերից մեկը ծրագրերի անհետևողական իրականացումն է։