Համայնքը՝ Ամուլսարի ծրագրից առաջ և հետո
Այս տարի ավարտվող Ամուլսարի ծրագրի շինարարության կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 370 միլիոն դոլար, որը Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրումն է:
«Լիդիան Արմենիան» արդեն իսկ խոշոր հարկատուների 19-րդ հորիզոնականում է, ինչը խոսում է Ամուլսարի շինարարության զգալի տնտեսական ազդեցության մասին՝ հաշվի առնելով, որ հանքը դեռևս արտադրանք չի տվել: Սակայն ի՞նչ է բերում այս ներդրումը Ամուլսարի շրջակա համայնքներին: Այս մասին զրուցել ենք «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանի հետ:
– «Լիդիան Արմենիան» 2017թ. դարձավ խոշոր հարկատու: Ընկերությունը նշում է, որ, երբ հանքը սկսի արտադրանք տալ, ընկերությունը տարեկան 40-50 միլիոն դոլարի հարկ կվճարի: Իսկ ի՞նչ են շահելու համայնքները:
– Կարծում եմ՝ որևէ ներդրման ազդեցությունը սխալ է հաշվել միայն հարկերով: Հարկերն իհա՛րկե կարևոր են, բայց դա չէ տնտեսական ազդեցության ամենակարևոր ցուցանիշը: Կարևոր է այս կամ այն ներդրման ստեղծած աշխատատեղերի քանակը և որակը, անուղղակի աշխատատեղերը, տնտեսական ազդեցությունը, որ բերում է տվյալ ներդրումը:
Այդ առումով հանքարդյունաբերությունը, թերևս, ամենամեծ տնտեսական ազդեցությամբ ճյուղերից է: Բերեմ օրինակներ: Անցած տարվա ընթացքում Ամուլսարի շինարարությունում զբաղված էր ավելի քան 1400 մարդ, որի մոտ 40% հարակից համայնքներից: Հանքի շահագործման ընթացքում մշտական աշխատանք կունենա ավելի քան 700 մարդ: Ամեն ուղղակի աշխատատեղ հանքարդյունաբերության ոլորտում ստեղծում է 5-6 անուղղակի աշխատատեղ:
Ստեղծվում են հանքը սպասարկող փոքր բիզնեսներ, սննդի, ապրանքների մատակարարում, մաքրման, տրանսպորտային, սպասարկման այլ ծառայություններ: Անցյալ տարի Ամուլսարի հարակից համայնքներից մեր գնումները (ապրանքների և ծառայությունների) նույնպես տնտեսական լուրջ ինդիկատոր են. օրինակ՝ նոյեմբերին տեղի գնումները կազմել են ավելի քան 326,000 դոլար: Թե՛ աշխատատեղերը, թե՛ նաև գնումներն արդեն իսկ զգալի տնտեսական ազդեցություն են ստեղծել Ամուլսարի հարակից համայնքներում:
– «Լիդիան Արմենիան» իրականացնում է սոցիալական ծրագրեր՝ ի լրումն անմիջական տնտեսական ներդրումների: Ո՞րն է դրանց նպատակը։
– Այս տարիների ընթացքում «Լիդիան Արմենիան» մոտ 3.4 միլիոն դոլար է ներդրել Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Սարավան, Գորայք համայնքներում ամենատարբեր սոցիալական և զարգացման ծրագրերի վրա։ Չնայած խնդիրները, հատկապես՝ գյուղական համայնքներում, շատ-շատ են, այդուհանդերձ, քայլ առ քայլ, ժամանակի ընթացքում բավականին հարցեր լուծվում են։
Ամեն տարի՝ նախորդի համեմատ, առաջըթաց այս տարածքներում երևում է, ինչը թե՛ Ամուլսարի շինարարության մեկնարկի, և, ինչպես արդեն ասացի, տեղում ակտիվ տնտեսական գործունեության արդյունք է, թե՛ նաև «Լիդիանի» կողմից իրականացվող նպատակային կենսակերպի զարգացման ծրագրերի շնորհիվ է տեղի ունեցել։
Օրինակ, միայն այս տարի 31 նոր բիզնես-առաջարկներ հավանության են արժանացել, և դրանք սկսում են հերթով բացվել ու աշխատել։ Հնարավո՞ր է արդյոք՝ դրանց դրական ազդեցությունը համայնքում աննկատ մնա, իհա՛րկե ոչ: Նույն նախաձեռնությամբ անցած տարի «Լիդիանն» աջակցել է ևս 24 փոքր բիզնեսի, որոնք այսօր գործում են:
– Հաճախ ասում են, որ դուք անում եք այդ ծրագրերը՝ որպես բարեգործություն՝ համայնքների սիրտը շահելու համար:
– Մենք բարեգործ չենք, ոչ էլ պետություն: Մենք ունենք կոնկրետ պատճառներ այդ ամենն անելու համար, բայց բարեգործությունը մեր նպատակների և գործառույթների մեջ չի մտնում: Թվարկեմ մեր համայնքային ներդրման քաղաքականության դրդապատճառները։ Նախ՝ այն, ինչ մենք անում ենք կոչվում է՝ «մեղմացում կամ նվազեցում»։
Օրինակ՝ եթե Գնդեվազից հող ենք գնել Ամուլսար Ծրագրի իրականացման նպատակով, ապա համարում ենք, որ, չնայած մարդուն վճարել ենք հողի դիմաց բավականին լավ գին, միևնույն է, կորցնելով հողը՝ գյուղացին կորցնում է իր ապրուստի միջոցը։ Ստեղծված իրավիճակում՝ միջազգային ստանդարտների պահանջով, որը մենք որդեգրել ենք, անհրաժեշտ է նրա համար եկամուտի լրացուցիչ հնարավորություն ստեղծել: Երկրորդը՝ ցանկացած խոշոր բիզնեսի ձեռնտու է, որ շրջակայքում լինեն դինամիկ զարգացող համայնքներ, որոնք նաև արդյունավետ գործընկեր են դառնում:
Մենք ցանկանում ենք մեր համայնքների հետ աշխատել, լինել լավ գործընկեր, այդ համայնքներից աշխատանքի ընդունել մարդկանց, այնտեղից գնումներ անել, և որքան սոցիալ-տնտեսական առաջընթաց լինի այս համայնքներում, այնքան ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը:
– Ինչպե՞ս եք ընտրում ոլոտները, ինչպե՞ս եք որոշում այդ համայնքների իրական կարիքները:
– Մինչև հիմա աշխատել ենք տարբեր ոլորտներում, որոնք ընտրել ենք լուրջ հետազոտական, կարիքների գնահատման և վերլուծության արդյունքում։ Առաջինը, ինչ մենք կարևորում ենք՝ գյուղական ենթակառույցների զարգացումն է։ Գնդեվազի ոռոգման ջրագիծը, օրինակ, 200 հա տարածք կարող է ոռոգել, և դա նշանակում է, որ ջրագծի վերանորոգման համար մեր ծախսած գումարը լիովին արդարացված է, արդյունքից օգտվելու է ամբողջ համայնքը՝ կոռոգվեն գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք Խորհրդային Միությունից հետո մինչև հիմա ոռոգման լուրջ խնդիր ունեին, նոր այգիներ կհիմնվեն՝ որպես եկամտի աղբյուր։
Շատ կարևորում ենք կրթական ծրագրերը, քանի որ մեր թիրախը երիտասարդներն են: Ամեն ինչ անում ենք, որ նրանց կարողությունները զարգացնենք։ Եթե գյուղում երիտասարդները կրթվելու հնարավորություն չունեն, մշակութային և կրթական հաստատություններ չկան՝ գյուղը պասիվ է, մարդիկ իրենց երեխաների համար ապագա չեն տեսնում, ու այդ պոտենցիալը կորչում է։
Այդ իրավիճակն է, որ մարդկանց ստիպում է հեռանալ գյուղից իրենց երեխայի կրթության ու ապագայի համար ավելի լավ բնակավայրեր։ Տնտեսական ակտիվության խթանման առումով՝ մենք աջակցում ենք մանր բիզնեսների ստեղծմանն ու կայացմանը, օգնում ենք ֆերմերային տնտեսություններին եռակի անգամ բերք ստանալ նոր տեխնոլոգիաների կիրառման և տեխնիկական աջակցության/կրթության միջոցով, գյուղատնտեսության և անասնապահության զարգացմանն ենք աջակցում, նոր մշակաբույսեր ներմուծում:
Յուրաքանչյուր համայնքում աշխատում ենք առաջարկել այսպիսի բիզնես, այնպիսի զբաղվածություն, որն ավանդաբար եղել է և արդեն ընդունված է այդ տարածքում։ Դա էլ շատ կարևոր է՝ զարգացնել եղածը, և դրան զուգահեռ՝ ներմուծել նաև նոր մշակույթ։
– Իսկ որքանո՞վ է իրատեսական հանքարդյունաբերական ծրագրի շրջակայքում գյուղատնտեսության զարգացումը:
– Համաշխարհային փորձն ասում է, որ դա ոչ միայն իրատեսական է, այլև շատ արդյունավետ: Հայաստանյան կարծրատիպ է, որ հանքի շուրջը չի կարող զարգանալ որևէ այլ տնտեսության ճյուղ: Աշխարհում հարյուրավոր օրինակներ կան, թե ինչպես է հանքարդյունաբերությունը՝ որպես լոկոմոտիվ, իր հետ բերել թե՛ գյուղատնտեսության, թե՛ այլ ոլորտների զարգացում:
Եկեք անկեղծ լինենք, այս տարածաշրջանում այս բոլոր նորամուծությունները, թեկուզ՝ գյուղատնտեսության ոլորտում, հազիվ թե հնարավոր լիներ, եթե չլինեին «Լիդիանի» համայնքային ներդրման ծրագրերը: Ստացվում է, որ հանքարդյունաբերական ծրագիրը կոնկրետ Ամուլսարի շրջակա համայնքների դեպքում բերում է նաև գյուղատնտեսության զարգացման հնարավորություններ:
– Խնդիրը հաճախ դիտարկվում է բնապահպանական ազդեցությունների տեսանկյունից, արդյոք անվտա՞նգ է հանքի կողքին գյուղատտնտեսության զարգացումը:
– Ես և իմ բազմաթիվ գործընկերներ պարզապես չէինք աշխատի Ամուլսարի ծրագրում, եթե դրանում վստահ չլինեինք: Այսօր ժամանակակից հանքեր են գործում տուրիստական քաղաքների, գյուղատնտեսական շրջանների հարևանությամբ, և տնտեսության տարբեր ճյուղերն աջակցում են միմյանց: Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը և միանշանակ վստահ եմ, որ հանքի կողքին կարող է լինել մաքուր ջուր և հող ու բարձրորակ գյուղմթերք: Ցավալի է, որ Հայաստանում բոլորիս տեսածն այլ բան է եղել, ու այդ առումով ես հասկանում եմ մարդկանց մոտ հավատի կամ վստահության բացակայությունը:
Բայց համոզված եմ, որ Ամուլսարը լինելու է հենց այնպիսի հանք, ինչպիսիք գործում են ժամանակակից աշխարհում, առանց որևէ կերպ վնասելու գյուղատնտեսությանը: Ի դեպ, մենք արդեն այսօր որոշ գյուղմթերքների նմուշներ պարբերական մոնիտորինգի ենք ենթարկում (մեղր, միրգ, այլ), որպեսզի փաստերով հիմնավորված ապացույցներ ունենանք, որ հանքի հենց հարևանությամբ կարող է բարձորակ միրգ կամ բանջարեղեն աճել, և, որ հանքի զարգացմանը զուգահեռ՝ դրանց որակը չի փոխվում:
– Այսօր «Լիդիանն» աջակցում է Ամուլսարի հարակից համայնքներում ամենատարբեր ստարտափ բիզնեսների զարգացմանը: Բայց Ամուլսարի հանքավայրը կարծես 10 տարվա ծրագիր է, դուք միշտ չեք լինելու այստեղ, երբ ընկերությունն ավարտի իր աշխատանքը, այդ գյուղացիները մնալու են իրենց բիզնեսի հետ միայնակ:
– Իհարկե, անգամ այն ձեռնարկությունները, որոնց ստեղծմանը մենք աջակցում ենք, ու այն բիզնեսները, որոնց հիմնական պատվիրատուն այսօր «Լիդիանն» է, ենթադրենք՝ մատակարարում են կամ ծառայություններ են մատուցում Ամուլսարի ծրագրին, պետք է այս ընթացքում այնքան կայանան, որ «Լիդիանի» գործունեության ավարտից հետո հողին ամուր կանգնած ընկերություններ լինեն։
Դրա համար ժամանակ կա, և ես վստահ եմ, որ մեր մասնագիտական թրեյնինգների, մեր կողմից հրավիրված մասնագետների ուսուցման շնորհիվ՝ նրանք կարողանալու են գրագետ բիզնես վարել ու հաջողության հասնել: Մենք հստակ ներկայացնում ենք մեր ուղերձը, այն է՝ չդիտարկել «Լիդիանին»՝ որպես իրենց միակ կամ հիմնական բիզնես պարտնյոր, ընդլայնել իրենց շուկան, և մեր դասընթացներով օգնում ենք բիզնեսներին այս հարցում:
– Բիզնեսի մշակույթ հայկական գյուղական համայնքներում գրեթե չկա, մարդիկ գործ նախաձեռնելու փորձ չունեն, և, ի վերջո, դա ռիսկեր է պարունակում: Մարդիկ հավատո՞ւմ են, որ կկարողանան հաջողության հասնել:
– Այո, հավատում են և հասկանում են նաև, որ դա իրոք լուրջ աշխատանք է, նրանք արդեն գիտեն՝ ինչ է նշանակում՝ աշխատել «Լիդիանի» հետ։ Դա նշանակում է՝ բիզնես կարգապահություն, դա նշանակում է՝ հստակ հաշվարկ և մաքուր հաշվապահություն, ճշգրիտ թղթաշրջանառություն, գործող բոլոր օրենքների կիրառում, առողջապահական և անվտանգության ստանդարտների պահպանում: Այսինքն՝ անգամ համայնքներում մեր աջակցությամբ կատարվող շինարարությունն այլևս սովորական գյուղական կարգով չի կարող կատարվել։
Դա պետք է համապատասխանի շինարարական և անվտանգության բոլոր չափանիշերին։ Սկզբում, իհարկե, շատ բան գյուղի բնակչության համար անհասկանալի կամ անընդունելի էր։ Փորձեր կային և հիմա էլ լինում են՝ աշխատել հին մեթոդներով, բայց արդեն համայնքի բնակիչները գիտեն, որ աշխատել այս ընկերության հետ՝ նշանակում է՝ հետևել ավելի բարձր ստանդարտների։ Սա ևս մշակութային առումով շատ մեծ նորամուծություն և փոփոխություն է, որ արտասահմանյան ընկերության հետ մտնում է հեռավոր տարածքներ և դառնում կյանքի ու աշխատանքի ոճ։ Կարող եմ ասել, որ մեր բացած բիզնեսներում շատ բան արդեն հիշեցնում է արևմտյան ընկերությունների աշխատանքը։
Իհա՛րկե, սա շարունակական ջանք և մոնիտորինգ է պահանջում. այն գործընկերները, ովքեր պատրաստ չեն ջանք թափել, աշխատել իրենց վրա, գիտելիք ձեռք բերել և ճիշտ բիզնես ստեղծել, չեն կարող երկար ժամանակ համագործակցել մեզ հետ և, առավել ևս, չեն կարող իրենց բիզնեսի կայունությունն ապահովել։ Մեր մասնագետները համբերությամբ այս չափանիշերը ներմուծում են Ամուլսարի ազդակիր համայնքներ։
Եթե անգամ այդ ջանքերի արդյունքը չի երևում միանգամից, չի կարող ակնհայտ և շոշափելի չդառնալ ժամանակի ընթացքում։