«ՌԴ-ում և հետսովետական երկրներում պետք է դադարել կիրառել արտաքին թշնամու կոնցեպտը»

Առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերություններին առճակատման նոր փուլ է սպասվում, որից, ըստ ամերիկյան հեղինակավոր վերլուծաբանների՝ անուղղակիորեն քաղաքական և տնտեսական հետևանքներ կկրի նաև Հայաստանը:

Նախօրեին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի դեմ սահմանվելիք ամերիկյան պատժամիջոցների մանրամասները կհրապարակվեն հունվարի 29-ին: Վաշինգտոնի նոր պատժամիջոցները պայմանավորված են ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսական միջամտությամբ, որը ռուսական կողմը հերքում է:

Մի շարք կանխատեսումների համաձայն-վերջին տարիների ընթացքում սահմանված պատժամիջոցների ցանկում հունվարի վերջին հրապարակվելիք նոր պատժամիջոցներն ամենակտրուկն ու վտանգավորն են լինելու Ռուսաստանի տնտեսության համար:

Ավելին՝ տեղեկություններ կան, որ Միացյալ Նահանգները պարզապես ոչնչացնելու է «Պուտինի շրջապատը», որի համար յոթ կատեգորիաներ են հստակեցվել` քաղաքական գործիչներ և գործարարներ, որոնք պատասխանատվություն են կրում ՌԴ-ի ագրեսիվ, կոռուպցիոն և հանցավոր գործունեության համար, «Պուտինի Սանկտ Պետերբուրգի ընկերների» մոտ շրջանակը, որի հետ նա կապ է ունեցել 1990-ական թվականներին, «ոսկե երեխաներ», Պուտինի անձնական ընկերներ, որոնք նրա սեփական ակտիվները վերահսկողի և պահպանողի դերակատարությունն են ստանձնել, կառավարական ընկերությունների կոռումպացված մենեջերներ, կիսակառավարական ընկերությունների ղեկավարներ և անձինք, ովքեր հանցավոր կապերի մեջ են եղել այս կամ այն ժամանակահատվածում ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Բացի «կրեմլյան ցուցակից», ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ սահմանելու է պատժամիջոցներ, որոնք վերաբերում են մի շարք առանցքային ոլորտներին, ինչպիսին ռազմաարդյունաբերությունն է, տնտեսությունը, այստեղ թիրախավորվելու են առանձին ընկերություններ: Ի դեպ, ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ դեկտեմբերին ևս սահմանվել էին որոշ պատժամիջոցներ:

Տվյալ պատժամիջոցները, բացի տնտեսական հետևանքներից, կարող են դրականորեն անդրադառնալ Հարավային Կովկասում կայունության վրա: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայնին» օրերս ասել էր Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում և՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթն էլ փոքր էր գնահատում պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն ավելացրել էր.

«Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետևանքների»:

Հերբսթի կարծիքով՝ նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային Միության վերականգնման փորձերը. «Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է՝ թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»: «Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները նրանց կործանում են»,- Սթիվեն Բլանկի խոսքով, Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից և հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

Ռուս-ամերիկյան ցնցումների ազդեցությունը մեղմելու նպատակով, ըստ մի շարք փորձագետների, Հայաստանը պետք է գոնե վերանայի իր քաղաքականությունն առանցքային մի քանի ուղղություններով:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովն ասաց, որ մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի: Ըստ նրա՝ պետք է կենտրոնանալ ոչ թե պատժամիջոցների ազդեցության վրա, որն արտաքին մարտահրավեր է, պատրաստվել դրան, դրանից ելնելով՝ ինչ-որ բաներ փոխել, այլ ներքին մարտահրավերների վրա կենտրոնանալ, դրանք լուծել, որոնք առաջին հերթին՝ թուլացնում են երկիրը: Հետսովետական բոլոր երկրները, նրա կարծիքով, ունեն ժողովրդավարացման, բարեփոխվելու կարիք:

Մասնավորապես խոսելով Ռուսաստանում տիրող իրավիճակից` ընդդիմադիր գործիչն ասաց, որ ներքին խնդիրները կոծկելու նպատակով Ռուսաստանի հասարակության աչքում արտաքին թշնամու կերպարն է ներմուծվել, շարունակաբար բարձրացվել է գործող նախագահի ռեյտինգը:

«Բոլոր խնդիրներում մեղավոր է արտաքին թշնամին, այս դեպքում՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, որոնք մտածում են միայն Ռուսաստանը տապալելու մասին՝ առանց պատճառի: Արտաքին թշնամու միջոցով պետք չէ վախեցնել և կանգնեցնել անհրաժեշտ գործընթացները երկրում:

Ի դեպ, Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցությունը խնդիրներ չեն, այնինչ ամեն բան սկսվել է հենց այն պատճառով, որ Ռուսաստանն է խախտել միջազգային իրավունքի սկզբունքները:

Արտաքին թշնամու ֆոնին ներքին որևէ բարեփոխում չի իրականացվել Պուտինի նախագահության տարիներին, նա տապալել է իր նախընտրական բոլոր խոստումները, որոնք վերաբերում էին տնտեսական աճին, երկրում քաղաքական և տնտեսական կայունությանը: 6-ամյա նախագահության ընթացքում երկրի տնտեսական աճը կազմել է ընդամենը 4 տոկոս, այնինչ նա խոստացել է այդքան տոկոս աճ յուրաքանչյուր տարի, որը պետք է ամենաքիչը կազմեր 20 տոկոս: Ռուսաստանը նաև կրճատել է սեփական չափաբաժինը համաշխարհային տնտեսությունում:

Բնակչության եկամուտները նվազել են մի քանի տոկոսով, համատարած օպտիմալացման գործընթացներ են տեղի ունենում, տարածաշրջաններում ավելի վատ է իրավիճակը:

Մեղմ ասած, ներքին ձեռքբերումներ Ռուսաստանում ոչ թե չկան, այլ հետընթաց է գնում վերջին տարիներին: Այս ամենի ֆոնին՝ բարձր է երկրի նախագահի ռեյտինգը, նրան ոչնչում մեղադրել չի կարելի, քանի որ նա ամենում է հնարավորը, ամեն ինչի համար մեղավոր են պատժամիջոցներ սահմանողները: Այս բոլոր ներքին խնդիրների արդարացումն այն է, որ նախագահը զբաղված է եղել երկրի արտաքին խնդիրները չեզոքացնելով: Մենք հիմա կենտրոնանում ենք ոչ այնքան էական խնդիրների վրա: Խնդիրը ներսում է»,- մեկնաբանեց Ռիժկովը:

Նրա համոզմամբ՝ կայուն երկրին պատժամիջոցները չէին կարող հասցնել այն վնասը, ինչ ներկայումս է լինում և դեռ պատահելու է: Ռիժկովի կարծիքով՝ Ռուսաստանի օրինակով մյուս հետսովետական երկրները շատ են «արտաքին թշնամի» փնտրում, այնինչ կարող են սկսել բարեփոխումներ:

«Այդ բարեփոխումներին, ամուր, կայուն պետություն ստեղծելուն ոչ մեկը չի խոչընդոտում: Լեհաստանն արեց, չէ՞, դա: Արևելյան գործընկերության որոշ երկրներ դա փորձում են անել, քանի որ նրանք ևս ժամանակ են վատնել, ընկղմված են եղել կոռուպցիայի մեջ: Պատժամիջոցներին դիմագրավելու հիմքը պետք է լինի ամուր երկիրը, կայուն տնտեսությունը»,- ասաց Ռիժկովը:

Նրա խոսքով՝ այս կոնցեպտը գործում է նաև Հայաստանի դեպքում: Նրա կարծիքով՝ պետք է բարեփոխվել, դրան այլընտրանք չկա: «Չպետք է մտածել, հորինել այնպիսի բաներ, որոնք դժվար է, լուծումը շատ հեշտ է, այդ օրինակները շատ են»,- ասաց նա: Նրա դիտարկումների համաձայն՝ Ռուսաստանում արտաքին թշնամին ԱՄՆ-ն է, իսկ այլ երկրներում` Ռուսաստանը, գուցե այլ երկրներ:

«Դրանք պատճառաբանություններ են, արդարացումներ: Ես այսպես եմ գտնում: Պետք է օր առաջ սկսել ժողովրդավարացման գործընթացները: Դրա համար պետք է Ռուսաստանում և այլ հետսովետական երկրներում հրաժարվել արտաքին թշնամու կոնցեպտից: Նույնը՝ նաև Հայաստանի դեպքում: Ամեն խնդրի դիմակայությունը թեթև կանցնի, եթե երկիրը դրան միշտ պատրաստ լինի տնտեսապես և քաղաքականապես, դրա համար պետք է վերացվեն նաև արտաքին կախվածությունները, հավասարակաշռված արտաքին հարաբերություններ պետք է սահմանվեն: Սա է բանաձևը»,- նման համոզմունք հայտնեց Ռիժկովը:

Տեսանյութեր

Լրահոս