«Նման բան անելն ուղղակի անթույլատրելի է». Կարեն Վարդանյան
Հարկային օրենսդրությունը ոլորտի խթանման կամ, հակառակը՝ արգելակման ամենաազդեցիկ գործիքներից մեկն է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման վրա հարկային նոր օրենսգրքով նախատեսված եկամտահարկի փոփոխության ազդեցությանը՝ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Նոր մշակման փուլում, երբ արդեն պարզ էր, որ եկամտահարկը սպիտակ դաշտում և բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցների համար կտրուկ բարձրանալու միտում է դրսևորում, իսկ դրանք հիմնականում տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն են, մենք արձագանքեցինք, որ նման բան անելն ուղղակի անթույլատրելի է: Ցավոք սրտի, պետության ներկայացուցիչը, որ Վաչե Գաբրիելյանն էր և բանակցություններ էր վարում Միջազգային արժութային հիմնադրամի հետ, այդ բանակցությունների ժամանակ սակարկության էր դրել հենց մեր՝ սպիտակ դաշտում բարձր աշխատավարձ ստացող ոլորտների ներկայացուցիչների շահերը»,- ասաց նա:
Բանախոսը նկատում է՝ իրականում հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում՝ Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը հարց են բարձրացնում, թե մոտ 6 մլրդ-ի հասնող պարտքերն ի՞նչ միջոցներով կամ ճանապարհով են պատրաստվում զրոյացնել՝ ակնկալելով տեսնել այնպիսի մի նոր օրենսդրություն, որը երաշխիքներ կտա պարտքի վճարման համար.
«Փոխանակ ստվերային դաշտը պակասեցվի և այնտեղից համապատասխան գումարներ բերվեն, կառավարությունը որոշում է ընդունում հարվածն ընդունել դեպի սպիտակ դաշտում աշխատող ընկերություններին: Քանի որ ստվերային դաշտն ուղղակիորեն կապված է իշխանությունների հետ, պարզ է դառնում, որ իրենք իրենց մաքսիմալ կոմֆորտ գոտու մեջ են պահում և հայացքն ուղղում սպիտակ դաշտ՝ տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցների վրա»:
Նոր օրենսգրքով երկու փոփոխություն է սահմանվում՝ մինչև 2 մլն դրամ ստացող աշխատակիցների պարագայում, որ 28 տոկոս է, որով պայմանավորված փոփոխությունը մոտավորապես 2 տոկոս է կազմում, և մյուս մասը՝ 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող աշխատակիցների հարկման պայմանները.
Կարեն Վարդանյանը նշում է՝ նոր օրենքի մշակման փուլում իրենք մի շարք առաջարկություններ են արել, այդ թվում նաև՝ եկամտահարկի հետ կապված, որը, սակայն, հավանության չի արժանացել. «Այսօր շատ կարևոր խնդիր կա՝ մենք Հայաստանի ողջ տարածքով մեկ՝ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով հանրակրթական դպրոցներում լայնածավալ կրթական ծրագիր ենք անցկացնում, որտեղ ընդգրկված է մոտ 5000-ից ավելի երեխա:
Մենք ձգտում ենք և անում ամեն ինչ, որ առաջիկա երկու տարիների ընթացքում բոլոր դպրոցներում այս ծրագիրն անպայման ընդգրկված լինի, որ կներառի ավելի քան 25. 000 երեխա: Սրա համար շատ կարևոր է, որ համապատասխան մասնագետները հենց տեղում՝ իրենց համայնքներում, ձեռնարկություններ ստեղծեն և սկսեն աշխատել: Շատ կարևոր է խրախուսել, որ մասնագետները հենց մարզերում ձեռնարկությունները ստեղծեն, և Երևանը չդառնա քաղցկեղային գոյացություն, որի արդյունքում բոլորը գյուղերը թողնում, գալիս են Երևան:
Մի քանի տարբեր նկատառումներից ելնելով՝ պետք է նշեմ, որ Երևանն անվտանգության տեսանկյունից շատ անբարենպաստ տեղում է գտնվում, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ մենք պատերազմական գոտում ենք: Հետևաբար՝ որևէ գործողություն սկսելու դեպքում շատ դժվար կլինի պատկերացնել, որ եղած բիզնեսները կարող են հանգիստ և արդյունավետ շարունակել իրենց աշխատանքը:
Այս առումով՝ մեր ստատեգիական շահերից է բխում ապակենտրոնացնել Երևանում գտնվող գոնե IT բիզնեսները, որպեսզի անգամ պատերազմական իրավիճակներում տեխնոլոգիական բիզնեսը շարունակի իր անխափան աշխատանքներն ու գումարներ բերի, որով էլ դու կպատերազմես: Այս առումով մենք առաջարկել էինք, որպեսզի սանդղակ մշակվի՝ մասնավորապես, օրինակ, սահմանամերձ գյուղերում եկամտահարկը գանձվի 5 տոկոս, միջին համայնքներում՝ 10 տոկոս, իսկ խոշոր համայնքներում՝ 15 տոկոս, և դրանով իսկ ձեռնարկություններին շահագրգռենք՝ իրենց ստորաբաժանումները տանելու համայնքներ: Ցավոք սրտի, այդ առաջարկությունը նույնպես չընդունվեց»: