«Դա շանտղություն է». Հրաչ Բերբերյան
Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հայ և ռուս ֆերմերներն անհավասար պայմաններում են գտնվում, ինչն ազդում է մեր մրցունակության վրա.
«Հայաստանում բարձր որակի սերմերը հիմնականում ներկրվում էին եվրոպական երկրներից։ Երբ հայ ֆերմերը Եվրոպայից ներկրում է և 1 տոննայի հաշվարկով 220 եվրո է վճարում, ռուս ֆերմերը նույնը 80 եվրոյով է ներկրում։ Ռուս ֆերմերը 10 տոկոս պետտուրք է վճարում, մեզ մոտ չկար, բայց սկսում են կիրառել։ Ռուս ֆերմերը մեկ պարկ պարարտանյութի համար վճարում է մինչև երեք հազար դրամ, իսկ հայ ֆերմերը՝ 6000-7000 դրամ: Ռուս ֆերմերը ստանում է պետությունից սուբսիդիա, իսկ Հայաստանում ոչ մի սուբսիդավորում չկա: Այս ուղղությամբ կառավարությունը լուրջ ծրագիր պետք է իրականացնի»։
Բերբերյանն ասաց, որ մշակել են երեք ուղղությամբ ծրագիր, որը ներկայացնելու են կառավարությանը. «Առաջինը վերաբերում է անասնակերի բազայի վերականգնմանը, որը մենք կորցրել ենք։ Դա կբերի մսի գնի էժանացման, կաթի արտադրության ավելացման։ Երկրորդը՝ բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի նոր սորտերի զարգացմանն է վերաբերում, որոնց համար կարկուտը վտանգավոր չէ, և ամենակարևորը՝ լոլիկի արտադրության վերականգնումը Հայաստանում։ Շատ հանրապետություններ, նաև՝ ԵՏՄ-ում, չեն ցանկանա, որ մենք լոլիկի արտադրությունը վերականգնենք»։
Նա ասաց, որ ԵՏՄ երկրները ցանկանում են իրենց արտադրանքը վաճառել մեր շուկայում. «Այս տարի հայկական շուկայում հայտնվեց աստրախանյան ձմերուկը. սա արդեն, ժողովրդի լեզվով ասած, ախպերություն չէ, այլ շանտղություն է։ Եթե մենք մի շուկա ենք, ուրեմն՝ բոլորս էլ հավասար պայմաններում պետք է լինենք։ Մենք պատրաստ են աշխատել գիտակ մարդկանց հետ, իսկ դատարկագլուխների հետ չենք աշխատելու»։
Ըստ նրա՝ Հայաստանի չինովնիկներն այնպիսի ծառայություն են ուզում մատուցել գյուղացիներին, որ ձեռքերը տաքացնեն. «Պետք չէ արտագաղթը կապել այսօրվա թանկացումների հետ: Երբ կունենանք շահութաբեր գյուղատնտեսություն, գյուղացիները վարկերի տակ չեն լինի, արտագաղթը չի լինի: Դրա համար պետք է ինտեսիվ գյուղատնտեսություն զարգացնել»։
Բերբերյանի խոսքով՝ կարևոր է ներքին արտադրության զարգացումը, մասնավորապես՝ խաղողի հյութի արտադրությունը, որն ըստ նրա՝ շահութաբեր ուղղություն է։ Բերբերյանի գնահատմամբ՝ նախարարությունում ծանր է վիճակը, կադրեր չկան. «Չունենք մասնագետներ, որոնք կարող են աշխատել և այս երկրին օգուտ տալ»։
Ինչ վերաբերում է տաք ձմռանը, նա ասաց, որ գյուղատնտեսության վրա դա ծանր հետևանքներ չի ունենա, և, որ տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է»։
Անդրադառնալով դիզվառելիքի և բենզինի թանկացմանը՝ նա ասաց, որ հաշվարկել են, և ըստ կուլտուրայի՝ մեկ հեկտարի համար թանկացումը կկազմի 10-40 հազար դրամ. «Դա, բնականաբար, գյուղմթերքի ինքնարժեքի վրա է ազդելու, և մոտավորապես առնվազն հինգ տոկոս կթանկանա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում