Բաժիններ՝

Դեպի Արփի լիճ տարող ճանապարհահատվածը երթուղայիններ չեն սպասարկում

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Շիրակի մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներին:

«Մարզում ունենք 816 կմ երկարությամբ ավտոճանապարհներ, որոնք երեք տեսակի՝ հանրապետական, միջետական և մարզային նշանակության են: Մարզային նշանակության ճանապարհները 461 կմ են, որից 170 կմ-ն բավարար վիճակում են գտնվում, բայց երթևեկության համար ոչ նորմալ վիճակում են: Մնացած 110 կմ-ն ասֆալտապատված են: Այսինքն՝ մենք ունենք բավարար և վատ վիճակում գտնվող ճանապարհներ»,- ասաց Խաչատուր Խնձրցյանը:

Ըստ Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի՝ 2017 թվականին 165 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել:

Կարդացեք նաև

«Մենք վերանորոգում ենք այն ճանապահները, որոնք կապ չունեն մարզկենտրոնի կամ գլխավոր մայրուղու հետ: Գյումրի, Մարալիկ, Արթիկ քաղաքներում փողոցաշինական աշխատանքներ են իրականացվել: Մարալիկ-Քարաբերդ ճանապարհը 2017 թվականին ամբողջովին վերանորոգվել է: Երեք մարզային նշանակության ճանապարհահատված հիմնանորոգվել է:

Դեպի Լանջիկ մտնող ճանապարհը ևս բավարար վիճակում է գտնվում: Հիմնանորոգել ենք նաև դեպի Հովտաշեն տանող ճանապարհահատվածը: Այն ճանապարհները, որոնք երթևեկության համար բավարար չեն, աշխատում ենք դրանք հիմնանորոգել: Մենք մարզում չունենք այնպիսի համայնք, որտեղ դեպի մարզկենտրոն կամ գլխավոր համայնք տանող ճանապարհները բավարար վիճակում չլինեն: Իսկ երկու համայնքներն իրար կապող կամ ներհամայնքային ճանապարհները հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չենք կարող վերանորոգել:

Ներկա պահին ունենք նաև երկու ճանապարհներ, որոնք պետք է հիմնանորոգվեն կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում: Այս պահին դեռ մրցույթները հայտարարված չեն: Նախատեսվում է շուրջ 10 կմ ճանապարհահատված վերանորոգել»,- պարզաբանեց Խ.Խնձրցյանը:

Մեր հարցին՝ ի՞նչ պատճառով դեպի Ամասիայի տարածաշրջանի որոշ համայնքներ տրանսպորտ չի գնում, սպասարկում չկա, Խ. Խնձրցյանը պատասխանեց, որ բացի Ամասիայի տարածաշրջանի Արփի համայնքից՝ բոլոր շրջանները սպասարկվում են:

«Չնայած ճանապարհն ավազակովշային հիմքով վերանորոգված է, սակայն այս համայնքում ազգաբնակչության թվաքանակի պակաս կա, երթևեկություն կազմակերպելն էլ շահութաբեր չէ: Խոսքը դեպի Արփի լիճ տարող ճանապարհահատվածի մասին է: Երթուղին չի սպասարկվում ուղևորահոսք չլինելու պատճառով: Արփի համայնքում ազգաբնակչության թիվը քիչ է: Գյուղ գնացող- գալացողները հիմնականում մեքենաներ ունեն»,- նշեց Խ.Խնձրցյանը:

Հավելենք, որ ըստ Շիրակի մարզի զարգացման ծրագրի տվյալների՝ մարզն ունի զարգացած տրանսպորտային ցանց, մարզի բնակչության 100%-ն ապահովված է մշտական երթուղային տրանսպորտային կապով մարզկենտրոնի հետ: Մարզում գործում են 75 ներմարզային՝ 24 ավտոբուսային և 51 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնք սպասարկվում են 14 ուղևորափոխադրող կազմակերպությունների կողմից: Սպասարկման գործում ընդգրկված են 122 տրանսպորտային միջոցներ (ավտոբուսներ՝ 40, միկրոավտոբուսներ: Գործում են նաև 17 միջմարզային՝ 3 ավտոբուսային և 14 միկրոավտոբուսային երթուղիներ: Ներքաղաքային երթուղիների սպասարկում իրականացվում են Գյումրի (2 ավտոբուսային և 12 միկրոավտոբուսային) և Արթիկ (մեկ միկրոավտոբուսային) քաղաքներում:

Բեռնաուղևորափոխադրումները մարզում հիմնականում իրականացվում են ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով:

Կանոնավոր սպասարկվում են Գյումրի-Երևան, Արթիկ-Երևան, Մարալիկ-Երևան և միջմարզային ավտոբուսային ու միկրոավտոբուսային երթուղիները: Ներքաղաքային երթուղիների սպասարկում է իրականացվում Գյումրի և Արթիկ քաղաքներում: Մարզում ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները կազմակերպվում են մասնավոր ընկերությունների կողմից: Ուղևորափոխադրումների համար կազմակերպվում են մրցույթներ:

Որպես ճանապարհաշինարարական ենթակառուցվածքների բարելավում՝ կարևորվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման գործընթացը, որի շուրջ 90 կիլոմետրը անցնելու է ՀՀ Շիրակի մարզով: Դեռ շինարարական աշխատանքներ իրականացվել են ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում, իսկ Գյումրի-Բավրա հատվածը նախագծման փուլում է: «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը մեծապես կնպաստի ինչպես՝ հանրապետության, այնպես էլ՝ մարզի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բարելավմանը:

Մարզի տարածքով է անցնում Հարավկովկասյան երկաթուղին: Մարզի երկաթուղին 180 կմ է, որը կազմում է հանրապետության ողջ երկաթուղու 21.4%-ը: Մարզի տարածքում են գտնվում Գյումրի-Արթիկ-Մարալիկ և Գյումրի-Ախուրյան-Թուրքիայի սահման երկաթուղային հատվածները, որոնք այժմ չեն շահագործվում:

Գյումրի-Արթիկ-Մարալիկ երկաթուղային հատվածի ուղևորատար գնացքը չի շահագործվում ոչ շահութաբեր լինելու պատճառով, իսկ Գյումրի-Ախուրյան-Թուրքիայի սահման երկաթուղային հատվածով ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ չեն իրականացվում Թուրքիայի կողմից շրջափակման պատճառով: Մարզի տարածքով է անցնում Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքը: Այժմ օրական 3 չվերթով գործում է Գյումրի-Երևան էլեկտրագնացքը: Մարզով է անցնում նաև Փոթիի և Բաթումի նավահանգիստներին կապող երկաթգիծը, որով իրականացվում են Հայաստանի Հանրապետություն ներկրվող բեռնափոխադրումները:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս