Ինչպես խուսափենք մեղքերից
Մի օր մի իմաստուն թագավորի մոտ եկավ մի մարդ և հարցրեց, թե ինչպես խուսափել մեղքից:
Թագավորը նրան հրամայեց մի անոթ վերցնել, լիքը լցնել յուղով և պտտել ամբողջ քաղաքում, այնպես որ ոչ մի կաթիլ յուղ չթափվի:
– Եթե անգամ մեկ կաթիլ յուղ թափես, կհրամայեմ քեզ գլխատել, – ասաց թագավորը:
Նա հրամայեց երկու զինվորների մերկացրած թրերը ձեռքներին կրկնակոխ հետևել այդ մարդուն և յուղը թափվելու դեպքում իսկույն գլխատել:
Այդ նույն ժամանակահատվածում քաղաքում տոնավաճառ կար, փողոցները մարդաշատ էին: Առաջադրանքը կատարող մարդն այնքան զգույշ և զգոն էր, որ բաեհաջող պտտեց անոթը քաղաքում և ոչ մի կաթիլ չթափեց: Պտույտից հետո նա ուրախ վերադարձավ թագավորի մոտ:
– Դե, պատմիր, թե ինչ տեսար քաղաքում շրջելիս, – հարցրեց նրան թագավորը:
– Ոչինչ չկարողացա տեսնել, քանի որ միտքս ամբողջովին զբաղված էր յուղով:
– Լավ, ուրեմն այդպես էլ վարվիր: Ամբողջ ուշադրությունդ, սիրտդ և զգացմունքներդ նվիրիր Աստծուն և Նրա կամքին, ինչպես որ արեցիր յուղով լի ամոթը տանելիս:
«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9):
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը