Այսօր Կրկնազատիկ է. Նոր կիրակի
Այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ». նոր ասելով նոր կյանքն է նշվում, քանզի Քրիստոսով ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (տես Բ Կորնթ. 5:17): Նոր եղավ նաև Եկեղեցու խորհուրդը, որը հավիտյան ծածկված էր Աստծո մոտ, և այժմ հայտնվեց Իր սրբերին, և Եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին ու պետություններին (տես Կողոս. 1:26, Եփես. 3:9-10):
Այս օրը Նոր կիրակի է կոչվում նաև խորհրդապես: Թեպետ առաջին միաշաբաթին՝ Հարության Կիրակիին նորոգվեց մեր բնությունը՝ հանձին Փեսայի, սակայն ոչ հանձին Հարսի՝ Եկեղեցու, քանզի Եկեղեցու իշխանները տակավին հնության մեջ էին. ոմանք երկմտում էին, ոմանք էլ չէին հավատում: Այդպիսիներին այս միաշաբաթում Տերը նորոգեց ու հաստատեց հավատի մեջ և նրանց միջոցով՝ Եկեղեցին: Նորոգեց, որպեսզի նոր գինին նոր տիկերի մեջ հեղի, քանզի չի կարելի նոր գինին լցնել հին տիկերի մեջ (տե՛ս Մատթ. Թ 17):
Այս կիրակին ունի հետևյալ հատկությունները: Նախ՝ ինչպես կիրակին բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը, այնպես էլ այս կիրակին վախճանն է ժամանակի և սկիզբը՝ մշտնջենավոր հավիտենականության: Երկրորդ՝ աներեկո է, քանզի երեկոն սրան չի այցելելու: Երրորդ՝ չունի գիշեր, միշտ ցերեկ է, և սրան այլ օրեր չեն հաջորդելու: Չորրորդ՝ անշարժ է ժամերի, րոպեների ու վայրկյանների համար, այսինքն՝ անժամանակ է:



