Այս մարդն ինքն է ժողովրդի գլխին պատերազմ բերելու. նույնիսկ իր կրծքին կպցրած քարտեզն է մեր դեմ. նա պարզապես մարդկանց խաբում, սպառնում է. Վազգեն Սիսլյան
Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շարունակում է «քարոզարշավային» ավտոբուսով շաբաթ-կիրակի օրերին գնալ մարզեր, իր սարքած փոքր քարտեզը նվիրել քաղաքացիներին՝ ասելով. «Համեցեք, վերցրեք, սա է իրական Հայաստանի քարտեզը»։
Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր, քաղաքացիներից մեկը նրան շատ ուղիղ հարց տվեց՝ «Արդյո՞ք խաղաղությունը ձեր իշխանության մնալով է պայմանավորված, քանի որ ասում եք՝ եթե ՔՊ-ն իշխանություն չկազմի հունիսի 7-ին, ապա պատերազմ է լինելու»։
Քաղաքացին նույնիսկ հեգնեց. «Ես ամեն օր աղոթում եմ՝ հանկարծ ձեզ մի բան չլինի, խաղաղություն չունենանք»։
Ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս իր հայտարարությունով շատ ուղիղ սպառնում ու վախեցնում է մարդկանց։
«Այդ մարդը հայտարարել էր, որ մայիսի 28-ին պետք է զինվորական շքերթ անցկացնի, բա սա պատերազմ չի՞ բերելու, ըստ իր խոսույթի, հայտարարությունների, տվյալների նման բաները պատերազմ են բերում։ Ասում է՝ «Ես իշխանության չլինեմ, պատերազմ է լինելու», պարզապես ժողովրդին է վախեցնում, ինչ է՝ այս երկրում խաղաղությունն իրենի՞ց է կախված, այսինքն՝ ինքը ցմահ պետք է մնա իշխանության, որ հանկարծ պատերազմ չլինի՞։ Թոշակառուին էլ ասում է՝ «Ես չլինեմ, թոշակ չես ստանա», սա ի՞նչ է նշանակում, շատ պարզ է՝ քաղաքացուն ճնշելու, վախեցնելու ձև է, միջոց։ Այս մարդու արած այս քայլերն ինձ համար անընդունելի են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ օրվա իշխանությունների բոլոր քայլերը, հայտարարություններն ու արածներն արդեն իսկ պատերազմ է՝ Հայաստանի գլխին կախված։
«Այդ պատերազմն ինքն է ժողովրդի գլխին բերելու, դրա համար հույս ունեմ, որ չի ընտրվելու, թե ով կընտրվի, սա արդեն այլ խնդիր է։ Հույս ունեմ, որ ինքը չի ընտրվի, հերիք ու բոլ եղավ։ Աշխարհում օրենք կա, չէ՞, երբ նախագահ են ընտրում, ընտրում են 2 անգամ, ինքն արդեն գնում է չորրորդին, հաստատում է դիկտատուրա ու թող չասի, թե Հայաստանում տիրում է ժողովրդավարությունը։
Մեկ բան էլ հավելեմ՝ ինձ համար Հայաստանում խորհրդարանական համակարգն անընդունելի է, պետք է նախագահական լինի և օրենքով ընտրվի առնվազն 2 անգամ»,- շեշտեց Վազգեն Սիսլյանը։
Ինչ վերաբերում է պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարություններին և հարցին՝ իրավապահներն այստեղ անելիք ունե՞ն, քանի որ, ինչպես ասաց՝ նման կերպ նա ընտրություններից առաջ փորձում է ճնշել ժողովրդին, Վազգեն Սիսլյանը պատասխանեց՝ դժբախտաբար իրավապահներն անկախ չեն։
«Ինքն էր ասում, չէ՞, որ կա՞ այնպիսի դատավոր, որ իր ասածը չանի, այսինքն՝ մեր արդարադատությունն անկախ չէ, որպեսզի մի բան անի կամ փաստերը նրա դիմաց դնի, նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանին։ Հայ ազգը կողմ քվեարկեց անկախությանը, ցանկացավ անկախ լինել, բայց այս մարդը եկել է ու որոշել է հանել Անկախության հռչակագիրը, գնում է ժողովրդի ընտրության դեմ դրանով։ Այդ մարդը ինձ ու ինձ նման քաղաքացիներին խաբում է, մենք այս երկրի քաղաքացի ենք, չէ՞։
Կրկնում եմ՝ ես մեծ հույս ունեմ, որ այս մարդը չընտրվի։ Այս իշխանություններն իմ պայքարած գաղափարի լրիվ հակառակ կողմում են, ես ինչպե՞ս կարող եմ կողմ լինել իրենց։ Կարող եմ իրենց կողմ լինել, եթե այս երկրի, մեր պետության համար աշխատեն, բայց այդպես չէ։ Նույնիսկ իր կրծքին կպցրած քարտեզն է մեր դեմ՝ սփյուռքի, աշխարհի հայություն, Արևմտյան Հայաստան չկա։ Բա մեր տարածքներում ադրբեջանցի զինվորներն են նստած, ինչո՞ւ նրանց դուրս չի բերում։
Ի վերջո, այս մարդը երկիր չի ղեկավարում, նա պարզապես մարդկանց է խաբում, հուսանք՝ չի ընտրվի»,- ընդգծեց Վազգեն Սիսլյանը։



