Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. Իրանի հանձնակատար

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, բայց ռացիոնալ մոտեցման և Թեհրանի իրավունքների հարգանքի հիման վրա: Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին:

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ռացիոնալության, արժանապատվության, մարդկայնության և մեր իրավունքների պահպանման հիման վրա: Մենք երբեք չենք լքել բանակցությունների սեղանը, և նրանք (Միացյալ Նահանգները) թողեցին այն, որովհետև շատ բան էին խնդրել», – մեջբերել է Իլահիի խոսքը The Times of India թերթը:

Իրանցի հանձնակատարի խոսքով՝ Միացյալ Նահանգներն «անսահմանափակ պահանջներ» ուներ:

Նա նաև լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ առճակատման դեպքում Իրանը պատրաստ է մի քանի տարի շարունակ պաշտպանվել, եթե դա պահանջվի։

«Ինչպես գիտեք, մենք չենք սկսել այս պատերազմը, մենք չենք դրա նախաձեռնողները։ Նրանք (ԱՄՆ-ն) այն մեզ պարտադրեցին, և մենք սկսեցինք պաշտպանվել, և մենք դեռ պատրաստ ենք պաշտպանվել, նույնիսկ երկու, երեք, հինգ տարի», – հայտարարել է նա։

«Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր արժանապատվությունից, ենթարկվել կամ մեր երկիրն ու մեր իրավունքները հանձնել մյուս կողմին», – ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ Հաքիմ Իլահին հայտարարել է, որ ամերիկյան նավերը պետք է հեռանան Պարսից ծոցից, դրանց ներկայությունը չի նպաստում կայունությանը, իսկ տարածաշրջանային երկրները կարող են իրենք ապահովել նավերի անվտանգությունը։

«Ինչո՞ւ են ամերիկյան նավերը գտնվում Պարսից ծոցում։ Ի՞նչ են նրանք անում այնտեղ։ Նրանք պետք է հեռանան տարածաշրջանից։ Մենք ինքներս կարող ենք ապահովել բոլոր նավերի անվտանգությունը», – ասել է նա։

Իլահիի խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով Հորմուզի նեղուցում իրադրությունը մնում է լարված։

«Մենք ցանկանում ենք, որ նեղուցը լինի բաց, բայց այնտեղ ներկայիս իրավիճակն անբարենպաստ է», – ընդգծել է նա։

Իլահին միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել հակամարտության դադարեցմանը։

«Մենք ստիպված ենք խնդրել աշխարհի ղեկավարներին և բոլոր ժողովուրդներին, որոնք խաղաղություն և արդարություն են ցանկանում, միավորվել և դադարեցնել պատերազմը։ Չլինի պատերազմ, չի լինի ճգնաժամ», – նշել է Իլահին։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 13-ի երեկոյան երկրի զինված ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցի շրջափակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930