Ինչպես երկարացնել կյանքը՝ ըստ գիտնականների
Ֆիզիկական վարժություններն օգնում են պայքարել սիրտ-անոթային համակարգի ծերացման դեմ եւ նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը: Այս եզրակացությանն են եկել Տեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի սրտաբանները, որոնց ուսումնասիրությունների արդյունքներին կարելի է ծանոթանալ MedicalXpress կայքում։
Գիտնականները գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել է միջին տարիքի ավելի քան 50 մարդ: Նրանց բաժանել են երկու խմբի. առաջինը երկու տարի զբաղվել է ակտիվ ֆիզիկական վարժություններով, երկրորդը՝ յոգայով:
Ընդ որում՝ վարժանքները, որոնք անցկացվել են շաբաթական 4-5 անգամ, տեւել են, առավելապես, 30 րոպե՝ բացառությամբ 1 ժամ տեւողությամբ մարզումների, երբ փորձի մասնակիցները ժամանակ են հատկացրել զբոսանքներին, աերոբիկային, հեծանիվ վարելուն կամ թենիսին:
Առաջին երեք ամսվա ընթացքում վարժությունները կատարվում էին չափավոր, իսկ 10 ամիս հետո՝ բարձր ինտենսիվությամբ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբի մարդկանց մոտ ֆիզիկական ակտիվության ժամանակ թթվածնի սպառումն ավելացել է 18 տոկոսով, իսկ սրտամկանի առաձգականունությունը բարձրացել է 25 տոկոսով:
Լավագույն արդյունքների հասնելու համար կանոնավոր ֆիզիկական պարապմունքները, ինչպես պնդում են փորձագետները, հարկավոր է սկսել մինչեւ 65 տարեկան հասակը: Իսկ ահա նստակյաց կենսակերպը նպաստում է սրտամկանի կարծրացմանը, ինչը, իր հերթին, սպառնում է նրա կողմից արյան մատակարարման վատացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: