Բաժիններ՝

«Երևանից բժիշկներ եմ հրավիրելու, մեր մոտ մանկական ռեանիմատոլոգ է լինելու». Գյումրու ծննդատան տնօրեն

168.am-ը Գյումրու ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Աբրահամյանից հետաքրքվել է՝ արդյո՞ք հնարավոր է փակել ծննդատան կուտակած պարտքերը և ի՞նչ եղանակներով:

«Ես դեռ նոր եմ եկել, կաշխատեմ պարտքերը գոնե չավելացնել: Սուտ կխոսեմ, եթե ասեմ, որ այդքան պարտքը կփակեմ: Ես հիմա այնքան խնդիրներ ունեմ լուծելու, որ գումարի դեպքում մեր խնդիրները պետք է լուծեմ: Մենք պետական հովանավորության տակ ենք և ընդհանրապես օգնություն չենք ստանում: Վճարովի ծառայությունների ավելացումն առաջնակարգ հիմնարկի խնդիրների լուծման համար է:

Երևանից բժիշկներ եմ հրավիրելու, մեր մոտ մանկական ռեանիմատոլոգ է լինելու, վիրաբույժներ են գալու: Երևանից մանկաբարձ-գինեկոլոգներ են գալու, ովքեր վիրահատություններ են անելու: Չնայած նշեմ, որ մեր կադրերը կարող են ավելի լավը լինել»,- ասաց Լիանա Աբրահամյանը:

Մեր հարցին՝ արդյո՞ք ծննդատանը գործող վճարովի ծառայությունների գների բարձրացում լինելու է, Լ.Աբրահամյանը պատասխանեց, որ առայժմ գների բարձրացում տեղի չի ունենալու:

Կարդացեք նաև

Կառույցի շենքային պայմանների վերաբերյալ մեր զրուցակիցը նշեց.

«Ծննդատունը շենքային որևէ խնդիր չունի: Այն միակն է Շիրակի մարզում՝ պատրաստված մոնոլիտ-բետոնից: Երևանի ցանկացած կլինիկայի դեպքում էլ ծննդատներն առանձին շենքում են գործում, և՛ «Էրեբունիի», և՛ հանրապետական կլինիկաների դեպքում ծննդատների մուտքն առանձնացված է: Նույնն Ավստրիայում որևէ ծննդաբերական բաժանմունք չի մտնում որևէ բաժանմունքի կամ հիվանդանոցի մեջ, ուր մնաց՝ տնակի մեջ լինի: Գյումրու ծննդատունը համապատասխանում է բոլոր սանիտարական նորմերին, այն քարային է ու երկարաժամկետ»:

Հաջորդ հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ամեն տարի Գյումրու ծննդատան հնարավոր փակման հարցն է քննարկվում, արդյո՞ք կուտակված պարտքերն են պատճառը, Լ.Աբրահամյանը պատասխանեց.

«Խնդիրը չեմ կարող ասել: Օպտիմիզացիայի հարց է: Մարզում միակ ծննդատունն է՝ պետական հովանու ներքո: Ավստրիականի («Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ն (նախկին Ավստրիական Մանկական Հիվանդանոց).- Ա.Ս.) օգնողն Ավստրիան է, Ախուրյանի հիվանդանոցինը՝ ՀՕՄ-ն է, մենք մնացել ենք մեր հույսին: Դրա համար ավելի հեշտ է ազատվել, քան ներդրում կատարել: Հնարավոր չէ մեր կառույցը միացնել Ավստրիական հիվանդանոցին»:

Մեզ հետ մասնավոր զրույցներում Գյումրու ծննդատան նախկին տնօրենը դժգոհում էր ՀՀ առողջապահության նախարարությունից՝ կառույցի աշխատակիցների աշխատավարձերն ուշացնելու համար, և աշխատողներին ուշ աշխատավարձ տալու համար տույժեր էր մուծում, այսօր կա՞ նման խնդիր։ Այս հարցին ի պատասխան՝ Լ.Աբրահամյանը նշեց, որ իրենք նախարարության հետ որևէ խնդիր չունեն: Բոլոր մուծումները ժամանակին արվում են:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս