«Հարկային դաշտում մեզ հաջողվել է կարևոր բարեփոխումներ կատարել». Արցախի Ֆինանսների նախարար
Հարկային քաղաքականության ոլորտում այն ծրագրերը, որոնք մեզ հաջողվել է իրականացնել, կատարվել է շարունակական և նպատակային բարեփոխումների շնորհիվ, որոնց առանցքային ուղղությունը հարկատու-հարկային մարմին փոխհարաբերությունների բարելավումն է, և այդ առումով մեր գերնպատակն է արմատավորել ինքնուրույն գնահատման և հարկերի վճարման մշակույթը:
Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Համակարգն անընդհատ բարելավման և կատարելագործման կարիք ունի, և այդ նպատակով հարկային մարմինն օգտագործում է հարկատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների բոլոր հնարավոր ուղղություներն ու մեթոդները, որոնց մեջ մտնում են սեմինարների կազմակերպումը, կայքի, skype հեռաձայնային ծառայության միջոցով իրականացվող հարցուպատասխանի հնարավորությունները, ինչպես նաև թեժ գիծը, որի միջոցով կարելի է ստանալ պարզաբանումներ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ 2017 թ-ին ներդրվել է նաև օրինապահ հարկ վճարողների համակարգը, և տարեվերջին առաջին անգամ 57 հարկատու արժանացել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհմանը, որը տվյալ հարկատուների համար ապահովելու է ավելի մեղմ վարչարարություն:
«Նշված հարկ վճարողների նկատմամբ իրականացնելու ենք մեղմ վարչարարություն` ռիսկերը բացահայտելով կամերալ ուսումնասիրություններով» – շեշտել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին կազմվելիք ցանկերում ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն:
ԱՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ տարեվերջին ընդունվել է հարկային ոլորտին վերաբերվող ծավալուն փաթեթ, որը բաղկացած է 18 օրենքից, և որոնց մեջ ներառված էին տարբեր փոփոխություններ՝ ուղղված վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկերից խուսափելու տարբեր հնարավորությունների սահմանափակմանը, նպատակային արտոնությունների շարունակմանը կամ ընդլայնմանը:
Այս առումով Գ. Մարտիրոսյանը հիշեցել է, որ ֆինանսների նախարարության լիազորությունների մեջ է մտնում պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը, մասնավորապես 2017 թ-ի ընթացքում հսկողություն է իրականացվել ավելի քան 140 մարմիններում և տարբեր կազմակերպություններում, որի ընթացքում արձանագրվել է մոտ 300 միլիոն դրամի խախտումներ: Այդ գումարներից վերականգնվել է 42 միլիոն դրամը, մնացած գումարների վերականգնման վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: