«Բոլոր խախտումները վերացվել են». Սերգեյ Ստեփանյանը՝ տեղական թռչնամսի շուկայում հայտնաբերված խախտումների մասին

2017 թվականի ավարտին լրատվամիջոցները գրել էին, թե տեղական հավի մսի մեջ հայտնաբերվել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, սալմոնելա խմբի մանրէներ, հակաբիոտիկներ։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նմուշառված հավի միսը վերցված է եղել առևտրի կետերից, և իրենք պահանջել են, որ փորձանմուշները հենց արտադրողից վերցնեն.

«Շատ հնարավոր է, որ արտադրման վայրից առևտրի կետ տեղափոխելուց հետո է դրանց քանակն ավելացել։ ՍԱՊԾ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ նման բաներից խուսափելու համար մեր և իրենց մասնագետները միասին նմուշ են վերցնելու արտադրությունից և սպառման կետերից, և ստուգեն՝ տեղական արտադրության թռչնամսի մեջ սալմոնելայի, ՄԱՖԱՄ-ի քանակությունը գերազանցո՞ւմ է թույլատրելի սահմանը, թե՞ ոչ։ Ամեն երրորդ հավի մեջ սալմոնելա խմբի մանրէներ կան, բայց թույլատրելի սահման գոյություն ունի»։

Ստեփանյանն ընդգծեց՝ թարմ պաղեցված թռչնամիսն իր անվտանգության և որակական ցուցանիշներով մի քանի անգամ բարձր է խորը սառեցված թռչնամսից. «Սա միանշանակ է, որովհետև ցանկացած ապրանքի գինը բնորոշում է դրա որակը։ Ամբողջ աշխարհում թարմ պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը կամ խորը սառեցվածը»։

Նա նկատեց՝ խնդիրն այն է, որ Նոր տարվա շեմին, երբ թռչնամսի պահանջարկը մեծանում է, ժամանակին և որակով կատարեն սահմանված միջոցառումները.

«Ամբողջ խնդիրը դա է, ուրիշ բան չկա, որ մերոնք թերանան։ Շատ են մորթել այդ օրերին։ Որոշակի գլխաքանակի նորմատիվ գոյություն ունի, որ դրանից հետո պետք է ամբողջ արտադրամասը ախտահանվի, հատակը լվացվի քիմիական լուծույթով, սրահներն ախտահանվեն, տարաները մաքրվեն, և այլն, բայց քանի որ մորթը շատ է եղել, այդ պրոցեդուրաները քիչ են արվել, և, բնականաբար, եղածը գլուխ է բարձրացրել, սա է ամբողջը։

Այդ միկրոբները բոլոր տեղերում կան, դրանք մշտապես գործում են մսի արտադրության կետերում, ուղղակի հարկավոր է միշտ խեղդած պահել դրանց, որ սահմանված նորմայից չանցնեն։ Մենք մինչև դեկտեմբերի 30-ը եռակի ստուգում ենք արել՝ ՍԱՊԾ-ի ու մեր մասնագետների հետ միասին, բոլոր սպանդանոցների աշխատանքը մեկ օր դադարեցրել ենք, ամբողջական մորթը դադարեցրել ենք, ընդ որում՝ բոլոր ֆաբրիկաներում։ Բոլոր խախտումները վերացվել են»։

Սերգեյ Ստեփանյանը շտապում էր ՍԱՊԾ, որտեղ այսօր հավաքվելու են բոլոր արտադրողները և պայմանավորվելու են, թե ինչ է պետք անել, որպեսզի առաջիկայում վերոնշյալ խնդիրները չկրկնվեն. «Բոլոր նրանք, ովքեր ունեն սպանդանոց և սպանդ են կատարում, հավաքվելու են ՍԱՊԾ-ում, և քննարկենք հետագա անելիքները»։

Տեսանյութեր

Լրահոս