«ԿԺԴՀ-ն կարող է դիմանալ նաև հարյուրամյա պատժամիջոցների». Կիմ Չեն Ըն
ԿԺԴՀ-ն դժվարություններ չի կրի նույնիսկ եթե «թշնամիները պատժամիջոցներ սահմանեն տասը եւ հարյուր տարով»: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ ելույթ ունենալով Գիտությունների պետական ակադեմիայի գիտնականների առջեւ:
«Ծանր փորձությունների պայմաններում Կորեական հեղափոխության հաղթանակների գաղտնիքներից մեկն այն է, որ մենք առաջնահերթ ուշադրություն էինք դարձնում գիտության ու տեխնիկայի զարգացմանը: Ինքնուրույն ազգային տնտեսության հիմքի, գիտատեխնիկական կադրերի ու նրանց պայծառ գլուխների շնորհիվ մենք դժվարություններ չենք ունենա նույնիսկ եթե թշնամիները պատժամիջոցներ սահմանեն տասը եւ հարյուր տարով»,-ԿԺԴՀ-ի ղեկավարի խոսքը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը կարգադրել է դրամական պարգեւներ հանձնել ակադեմիայի աշխատակիցներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: