«ԱՄՆ-ին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից»». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից»:
Այդ մասին գրել է Politico հրատարակությունը: Նշվում է, որ մի խումբ սենատորներ եղել են Սպիտակ տանը, որպեսզի նախագահին առաջարկեն փոխզիջումային համաձայնություն, որը վերաբերում է Հաիթիից, Սալվադորից եւ Աֆրիկայի երկրներից եկած միգրանտներին: «Մեր ինչին են պետք այդ բոլոր մարդիկ, որոնք ժամանում են կեղտոտ ծայրագավառներից»,- մեջբերում է հրատարակությունը Թրամփի արձագանքն օրենսդիրների առաջարկությանը:
Միացյալ Նահանգների ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Թրամփը հանդիպել է հունվարի 10-ին:
Սպիտակ տունը չի ժխտել, որ Թրամփը նման հայտարարություն է արել: «Վաշինգտոնում որոշ քաղաքական գործիչներ գերադասում են պայքարել այլ երկրների շահերի համար, բայց նախագահ Թրամփը միշտ կպայքարի հանուն ամերիկացի ժողովրդի շահերի»,- նշել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP