«Փոթորիկ մեկ բաժակ ջրում». ՀԱԵ միաբանը Վիգեն Սարգսյանի խաչքավորության վերաբերյալ խոսակցությունների մասին
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին կատարվող Ջրօրհնեքի արարողությանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից խաչի կնքահոր պարտականության ստանձնումը սոցիալական ցանցերում քննարկումների առիթ դարձավ: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ:
– Հայր Սուրբ, Վիգեն Սարգսյանի խաչքավորությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ: Ի՞նչ եք կարծում որքանով էին այդ խոսակցություններն արդարացված ու ինչո՞վ էր այն պայմանավորված:
– Սա կրկին այն դեպքերից է, երբ արհեստականորեն բարձրացված այս «աղմուկի» համար պարզապես պետք է ասել. «Փոթորիկ մեկ բաժակ ջրում»։ Տեղեկատվական դաշտի վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը փաստում է, որ ամեն անգամ, երբ Հայոց Եկեղեցին իր առաքելության մեջ առաջընթաց է արձանագրում, նոր ձեռքբերումներ ունենում կամ ազգային, եկեղեցական և պատմական կարևոր տոն կամ դեպք նշում, սոցցանցերի նույն օգտատերերը, նույն իրավապաշտպաններն ու նույն ԶԼՄ-ները սկսում են աղմկել և փրկչի դեր ստանձնել։ Ավելին՝ նման դեպքերում կրկին շրջանառության մեջ են դրվում եկեղեցու կամ որևէ եկեղեցականի դեմ նախկինում գրված նյութեր՝ տարիներ առաջ գրվածը ներկայացնելով իբրև նոր, այդ խորամանկ քայլով էլ ծուղակը գցելով շատերին։ Եթե ուշադիր հետևենք մեր երկրում ընթացող գործընթացներին, ապա կտեսնենք, որ հիմնական հարվածն ուղղված է Հայոց Եկեղեցու և ընտանիքի ինստիտուտի դեմ։ Ամեն ինչ արվում է արդարացնելու մեղքը, իսկ մարդու իրավունքների ներքո հասկացվում է ամենաթողություն և քաոս, երբ փոքրամասնությունը փորձում է մեծամասնությանը պարտադրել իր «արժեքները», որոնք խորթ են մեր մտածողությանն ու ազգային հոգեբանությանը։ Ուստի այս համատեքստում ամբողջովին ընկալելի է բարձրացված «աղմուկը», քանզի գործում է նույն սցենարը նույն մարդկանցով։ Բայց ուրախալի է նաև, որ մեր ժողովուրդն իր իմաստությամբ ընդդիմանում է նման երևույթներին։
– Ի՞նչ խորհուրդ ունի խաչքավոր լինելը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում և ինչպե՞ս կատարվեց Մայր տաճարում խաչի կնքահոր դերում պաշտպանության նախարարի ընտրությունը:
– Հայոց Եկեղեցու ամեն անդամի համար, անկախ նրա սոցիալական դիրքից, զբաղեցրած պաշտոնից, քաղաքական հայացքներից կամ տարիքից, մեծ պատիվ և պատասխանատվություն է եկեղեցական շապիկ հագնել, խորան բարձրանալ և Ջրօրհնեքի խաչքավոր լինել հատկապես Միածնաէջ Մայր Տաճարում։ Մայր Աթոռում ընդունված է խաչքավոր ընտրել ազգային-եկեղեցական կյանքում նշանակալից ավանդ և վաստակ ունեցող մարդկանց՝ արվեստի, մշակույթի և գիտության գործիչների, զինվորականների և ազգային բարերարների։
Սրանով եկեղեցին գնահատում է նրանց, քաջալերում և մղում հայրենանվեր ու աստվածահաճո նոր գործերի և սխրանքների։ Ուստի որևէ արտառոց կամ անպատեհ բան չկա, որ այս անգամ Մայր Տաճարում Ջրօրհնեքի խաչքավորը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր (Մայր Տաճարում խաչքավոր են եղել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և գնդապետ Ջալալ Հարությունյանը: Զինվորականները տարբեր եկեղեցիներում և Մայր Տաճարում մասնակցել են նաև Ոտնլվայի արարողությանը)։ Կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարի՝ իբրև խաչքավոր ընտրությունը, բացի նրա՝ մեր եկեղեցու նախանձախնդիր անդամ լինելուց, պայմանավորված էր երկու հանգամանքով ևս:
Նախ՝ անհերքելի է, որ հայոց բանակը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է և բոլորիս հպարտությունը։ Իբրև եկեղեցի՝ հոգևորական և աշխարհական դասերով, մշտապես աղոթում ենք մեր պետականության ամրապնդման, սահմանների խաղաղության, հայոց բանակի անսասանության և անպարտելիության համար։ Գաղտնիք չէ նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես տարբեր ձևերով, այդ թվում՝ նաև նյութական, շարունակական աջակցություն է ցուցաբերում մեր զինվորներին ու նրանց ընտանիքներին։ Ի դեմս Պաշտպանության նախարարի՝ այս քայլով մեկ անգամ ևս մեր զորակցությունն ենք հայտնում մեր բանակին։ Երկրորդ՝ լրացավ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության 20-ամյակը, որը պետություն-եկեղեցի արդյունավետ համագործակցության օրինակ է։
– Մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում քննադատում էին պաշտպանության նախարարին մեծամասամբ տեղյակ չէին Հայ Եկեղեցու այս ավանդույթի վերաբերյալ և խաչը հավատացյալներին մոտեցնելը անհարիր էին համարում պետական գործչին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
– Իսկ ո՞վ է ասում, որ խաչը տկարության կամ թուլության խորհրդանիշ է։ Ընդհակառակն, խաչը հաղթանակի և փրկության նշանն է քրիստոնյաներիս համար, որից սարսափում են սատանան և դիվական զորությունները։ Մեր պատմությունը լավագույն վկայությունն է խաչի զորությամբ տարած բազում հաղթանակների, երբ հարկ եղած դեպքում այն դարձել է անպարտելի զենք։ Հիշենք թեկուզ 1992 թ. Շուշիի պատմական ազատագրումը, երբ հայ զինվորների թևերին և զրահամեքենաների վրա հաղթական խաչն էր: Շփվեք մեր զինվորների կամ հրամանատարների հետ, և նրանք ձեզ բազում հրաշքներ կպատմեն իրենց կյանքից խաչի հետ կապված։ Սահմանը պահում են ոչ միայն զենքով և արիությամբ, այլև հավատքի ամրությամբ: Փաստ է նաև, որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և մեր օրերում հոգևորականների ձեռքի խաչը հաճախ վերածվել է սրի և պաշտպանել մեր ժողովրդին:
Իսկապես ցավալի և տխուր է որոշ մարդկանց գիտակցաբար կամ անգիտակցաբար ծաղրը խաչի հանդեպ: Պողոս առաքյալի խոսքով` խաչը մեր պարծանքն է, ուստի ամեն քրիստոնյա այն հպարտությամբ և արժանապատվությամբ պիտի կրի: Երբ խաչքավոր նախարարը Ս. Պատարագից հետո թափորով շարժվում էր դեպի Վեհարան, մարդիկ մոտենում և համբուրում էին նրա ձեռքի խաչը, օրհնություններ և բարեմաղթանքներ հղում և՛ անձնապես խաչքավորին, և՛ մեր բանակին:
Միով բանիվ` հակառակ բոլոր տեսակի անհիմն մեղադրանքների և զրպարտությունների, Հայոց Եկեղեցին, գիտակցելով ազգային բանակի կարևորությունը մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում, շարունակելու է ջանքեր գործադրել հայ զինվորի հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման ուղղությամբ` մշտապես լինելով հայ զորականների կողքին: