Բաժիններ՝

Որքանո՞վ են օբյեկտիվ թանկացումները. ՏՄՊՊՀ-ն խախտում չի հայտնաբերել

Հունվարի 1-ից վառելիքի շուկայում արձանագրված թանկացումները բուռն քննարկումների տեղիք են տվել, թեև դրանց անխուսափելիությունը հայտնի էր վաղուց։ Այժմ խնդիրն այն է, թե որքանո՞վ են օբյեկտիվ այդ թանկացումները և արդյոք այստեղ բացակայո՞ւմ է սպեկուլյատիվ տարրը, այսինքն՝ տնտեսվարողները չե՞ն օգտվել առիթից և օբյեկտիվ պայմաններից, մասնավորապես՝ հարկային դրույքաչափերի փոփոխությունից, օգտվելով չե՞ն բարձրացրել նաև իրենց շահույթի չափաբաժինը։

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է վառելիքի շուկայում գնային փոփոխություններն ու դրանց հիմքերը և պարզել, որ թանկացումներն ամբողջությամբ պայմանավորված են 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Նա նշեց, որ օրենսգիրքով փոփոխվել են նաև բենզինի, դիզելային վառելիքի և բնական սեղմված գազի հարկային դրույքաչափերը:

Ըստ Գ. Սահակյանի՝ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումն ու օտարումն ազատված էր ԱԱՀ-ից, իսկ ակցիզային հարկը 1 տոննայի համար շուրջ 35 հազար դրամ էր, սակայն, նոր ՀՕ համաձայն, 2018 թ. հունվարից դիզելային վառելիքի ակցիզային հարկը նվազել է և 1 տոննայի հաշվարկով 13 հազար դրամ է, բայց միաժամանակ դիզելային վառելիքի առքն ու վաճառքն այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Ըստ այդմ, նկատեց Գ. Սահակյանը, այս ապրանքատեսակի հարկային բեռն ավելացել է ընդհանուր առմամբ շուրջ 60 դրամով:

ՏՄՊՊՀ նախագահի գլխավոր խորհրդականի խոսքով՝ 1 տոննա բենզինի ներմուծման ակցիզային հարկն ավելացել է 15 հազար դրամով՝ 25 հազարից դառնալով 40 հազար դրամ։ 1000 խմ սեղմված բնական գազի ակցիզային հարկն ավելացել է 16 670 դրամով՝  8330 դրամից դառնալով 25 հազար դրամ, նաև թանկացել է ԱԱՀ-ն՝ մոտ 3300 դրամով։ Այսինքն, նշեց Գ.Սահակյանը, ընդհանուր առմամբ 1000 խմ բնական սեղմված գազի հարկային բեռն ավելացել է մոտ 20 հազար դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս