«Նույնիսկ Հայաստանի բիզնեսմենները փորձում են գտնել այլ տեղ՝ իրենց գումարները ներդնելու համար». Հովհաննես Իգիթյան
«Հայաստանում ներքին շուկայի սպառողները բավականին մեծ գումար վճարում են արհեստական կամ կոռուպցիոն ծախսերի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ եթե համեմատենք այն ծախսերը, որ անում են քաղաքացիներն այլ երկրներում, կտեսնենք, որ Հայաստանում այդ գումարը բավականին բարձր է:
«Հատկապես դրսի ներդրողը նայում է, թե շուկայում ինչքան գումար կա այս կամ այն ներդրման էֆեկտիվ օգտագործման համար: Հայաստանում այդ գումարը բավականին ցածր է, և սա պատճառներից մեկն է, որ մենք վերջին երկու-երեք տարիների ընթացքում ոչ միայն չունենք լրացուցիչ ներդրումների հոսքեր, այլ՝ հակառակը: Նույնիսկ Հայաստանի գումար ունեցող բիզնեսմենները փորձում են գտնել այլ տեղ՝ այդ գումարները ներդնելու համար»,- նշեց Հ. Իգիթյանը:
Հ. Իգիթյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ այս կառավարությունը ստեղծվել է մեկ նպատակի համար, որ ստեղծի էֆեկտիվ մենեջմենթ. «Էֆեկտիվ կառավարումը հիմնականում օգտագործվում է բիզնես ոլորտում, դա հիմնականում նշանակում է՝ ավելի օպտիմալացնել ծախսերը: Պետությունը, բացի բյուջեն լցնելուց, ունի նաև այլ խնդիրներ՝ սոցիալական, դեմոգրաֆիկ, մշակութային, զարգացման, ներդրումային ֆոնի ստեղծման, և այլն: Ամեն անգամ չէ, որ այդ խնդիրները լուծելու համար պետությունը պետք է ավելացնի ֆինանսական բեռը քաղաքացիների համար, որովհետև այդ հարցերը պահանջում են ծախսեր»:
Նա նկատեց, որ թանկացումներից հետո կառավարությունը որևէ ձևով չի նայում այս հարցի կոմպենսացմանը. «Կառավարությունը որևէ ձևով չի նայում, թե քաղաքացին ինչպես, որտեղից պետք է գումարներ հայթայթի»:
Հ. Իգիթյանի դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիները տարեկան մոտ 700-800 դոլար ավելի գումար են ծախսում էլեկտրաէներգիայի և գազի համար։ Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի վարձը մեզ մոտ 2 անգամ ավելի է, քան Վրաստանում և Ուկրաինայում, ջուրը՝ երեք անգամ թանկ, իսկ գազը, նույնիսկ Ուկրաինայի հետ համեմատած, ավելի թանկ է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: