Արմենակ Ալաջաջյան. Հայաստանի բասկետբոլի լեգենդը
2017թ. դեկտեմբերի 4-ին 87-րդ տարեկան հասակում Կանադայի Տորոնտո քաղաքում կյանքից հեռացավ հայտնի բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը։
Արմենակ Ալաջաջյանի հաջողություններն ու հայկական աշխարհին ցուցաբերած աջակցությունն անսահման են` սկսած 1960-ականներին իր՝ որպես Սովետական Հայաստանի լավագույն սպորտսմեններից մեկը, ձեռքբերումներից, և վերջացրած Կանադայի հայ համայնքում և ՀԲԸՄ կազմում իրականացրած իր գործունեությամբ։ Հայաստանի բասկետբոլի լեգենդի կյանքը պայքարների միջով է անցել, սակայն այդ դժվար ճանապարհն անցնելիս նա միշտ ջանացել է ևս մեկ քայլ ավելի կատարել դեպի կատարելություն, և երբեք չի մոռացել օգնել իր համայնքին։
Երիտասարդ տարիները և հայրենադարձություն դեպի Հայաստան
Արմենակ Ալաջաջյանը ծնվել է 1930թ. դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքում։ Իր մայրը ցեղասպանությունից մազապուրծ եղած որբ էր, ով ջանք չի խնայել իր ընտանիքում սեր սերմանելու դեպի հայ համայնքը և հայ ինքնությունը։ Երիտասարդ տարիներին Ալաջաջյանը հաճախել է Եգիպտոսի «Պողոսյան» վարժարանը, որն ավարտել է 1947 թվականին։ 1948թ.-ին նա միանում է հայրենադարձության մեծ ալիքին և որոշում է գալ և ապրել Սովետական Հայաստանում։ 1948թ.-ին նա տեղափոխվում է Հայաստան և ընդունվում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։
Չնայած նրան, որ Ալաջաջյանը հասակով բասկետբոլում ընդունված չափանիշերից կարճ էր, նա կարճ ժամանակում սկսեց լուրջ հաջողությունների հասնել այդ ասպարեզում։ Սկզբում նա սկսել է խաղալ Երևանի «ՖԻՄԱ» թիմում, այնուհետև Հայաստանի համապետական թիմում, որից հետո տեղափոխվել է Ղազախստան և խաղացել Ալմա-Աթայի «Բուրեվեստնիկ» թիմի կազմում։ Նա բնականից տրված տաղանդով կամ հասակով չէ, որ կարողացել է բասկետբոլի ոլորտում առաջխաղացում ունենալ, այլ անսպառ շարունակական ջանքերի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ինչն իր կյանքի մի մասն էր։ Նա միշտ սիրված է եղել թե՛ իր մարզիչների, թե՛ երկրպագուների կողմից։
Բասկետբոլի լեգենդը
Ղազախստանում հաջողություններ գրանցելուց հետո, Ալաջաջյանին 1959թ.-ին հրավիրում են Մոսկվա, որտեղ նա սկսում է խաղալ «ԲԿՄԱ» թիմի (Բանակային սպորտային կենտրոնական ակումբ, Մոսկվա) կազմում։ Այդ ժամանակից սկսած Ալաջաջյանն այլևս միջինից բարձր մակարդակի խաղացող չէր համարվում, այլ ընդունվում էր՝ որպես կայացած արհեստավարժ բասկետբոլիստ։ Նետումների ճշգրտությամբ նա սովետական բասկետբոլի լավագույններից էր։ «ԲԿՄԱ» թիմին միանալուց կարճ ժամանակ անց, 1960թ.-ին, իր թիմն այն ժամանակ հավասարը չունեցող ռեկորդ է սահմանում. 11 խաղ, 11 հաղթանակ։
Հարկ է նշել, որ 1953-ից մինչև 1960թթ. «Կարմիր բանակի» թիմը ոչ մի անգամ Սովետական Միության չեմպիոն չէր դարձել։ Սովետական Միությունում կային այլ ուժեղ թիմեր, ինչպիսիք են Լատվիայի, Էստոնիայի և Վրաստանի թիմերը, սակայն շատ դժվար էր առաջին տեղը գրավել։ Ալաջաջյանի` այդ թիմին միանալուց հենց առաջին տարվանից սկսած՝ թիմը հաջորդ ութ տարիներին անընդմեջ դարձել է Սովետական Միության չեմպիոն։
Ալաջաջյանի երկրպագուներին դուր էր գալիս իր խաղալու ոճը, հատկապես՝ իր կիրառած հնարքները։ Խաղի ժամանակ իր ցույց տված հնարքներով նա տարբերվում էր բոլորից՝ որպես բացառիկ խաղացող։ Ալաջաջյանի խաղերից հետաքրքիր հիշարժան դեպքերից մեկը տեղ է գտել Անատոլի Պինչուկի` «Կսահմանափակվեմ բասկետբոլով» վերնագրված գրքում (Մոսկվա, 1991), որը պատմում է ամերիկյան թիմի հետ խաղի ժամանակ բասկետբոլիստի ցուցադրած հնարքի մասին։ 1964թ.-ին սովետական բասկետբոլի թիմը Մոսկվայում հանդիպում-խաղ է ունենում Ամերիկայի թիմի հետ, որի ժամանակ Ալաջաջյանը այնպիսի մի հնարք է ցույց տալիս, որ նույնիսկ հակառակորդ թիմի մարզիչը ոտքի է կանգնում և երկար ծափահարում։
Նա գնդակն առաջ էր տանում դեպի հակառակորդի զամբյուղը, երբ կանգ է առնում այնպիսի դիրքով, որ պետք է գնդակը նետեր զամբյուղ կամ փոխանցեր իր թիմակիցներից մեկին։
Սակայն նա նետման դիրք է ընդունում և գնդակը նետում ուղղահայաց հարվածով զամբյուղի ետին տախտակին, որի արդյունքում գնդակն ուժով ետ է գալիս իր մոտ։ Նա անմիջապես գնդակը ետ է ընդունում և այն փոխանցում զամբյուղին մոտ տարածության վրա հարմար դիրք ընդունած իր թիմակցին, ով իր հերթին՝ արագ կողմնորոշվում է, և վարկյանների ընթացքում գնդակը հայտնվում է զամբյուղում։
Որպես արհեստավարժ խաղացող՝ նա բազմիցս փորձարկել էր այդ հնարքը և հիանալի հասկանում էր, որ այդ վարկյանների ընթացքում մնացած հինգ խաղացողների հայացքը ենթագիտակցորեն կենտրոնացած է լինելու գնդակի և տախտակի վրա, ուստի մի պահ նրանք իրեն բաց էին թողնելու տեսադաշտից։ Ե՛վ Ալաջաջյանը, և՛ իր թիմակիցը լավ գիտեին, թե այդ դիրքում ինչքան կարևոր էր մեկ վարկյանի տարբերությամբ հմուտ գործելը, ուստի գերազանցորեն իրականացրեցին այդ հնարքը և առավելություն ստացան հակառակորդի հանդեպ։
Այդ անսպասելի և իր համար նոր հնարքը տեսնելով՝ ԱՄՆ ազգային թիմի մարզիչ Ջոն Մակ-Լենդոնը տեղից վեր է ցատկել և երկար կանգնած ծափահարել Ալաջաջյանին։ Իր խաղով Ալաջաջյանը նույնիսկ իր հակառակորդների հարգանքն էր վաստակել, և, երբ հակառակորդ թիմի խաղացողները նորով էին փոխարինվում, դաշտ մտնող խաղացողներն առաջինն իրեն էին մոտենում և ողջունում։ Արմենակ Ալաջաջյանը «ԲԿՄԱ» և Սովետական ազգային թիմերի կազմում վեցերորդ համարի տակ էր խաղում, և բասկետբոլի երկրպագուների կողմից ամենասիրված մարզիկներից էր։
Այս ձեռքբերումները հեշտ չեն եղել։ Դրանք երկարատև, քրտնաջան աշխատանքի և անսպառ համառության արդյունք են եղել։ Ալաջաջյանի մարզիչները հիանում էին իրենով։ Իր երկարատև մասնագիտական ուղու ամբողջ ընթացքում իր մարզիչներից և ոչ մեկն իրենից չի պահանջել ավելին, քան ինքն էր անում՝ այն պարզ պատճառով, որ պարզապես կարիք չկար իրեն ասելու, որ «պետք է ավելին անել, պետք է է՛լ ավելի աշխատել»։ Ամեն օր նա ձգտում էր կատարելության, մի քայլ ավելին էր անում, և է՛լ ավելի էր ձգտում առաջընթացի։
Հայաստանում ապրելու տարիների ընթացքում, երբ իր շրջապատում տղաների շրջանում ծխախոտ ծխելը տարածված երևույթ էր, նա թեկուզ հետաքրքրության համար գեթ մեկ ծխախոտ չի փորձել։ Ապրելով մի հասարակությունում, որտեղ ոգելից խմիչք օգտագործելը նույնպես տարածված էր, նա ոգելից խմիչք ընդհանրապես չէր օգտագործում։ Միայն մեկ անգամ տոնակատարության ժամանակ նա մի քանի կում կոնյակ է փորձել, որից հետո սկսել է բարձրաձայն ծիծաղելով՝ կողքիններին դիմել, անընդհատ կրկնելով՝ «ես արբած եմ, ես արբած եմ…»։
Հաջորդ օրն առավոտյան նա զարմացած դեմքի արտահայտությամբ մոտեցել է իր ընկերներին և լուրջ դեմքով հարցրել. «Ինչպե՞ս եք դուք կարողանում շշերով ալկոհոլ խմել»։
Սովետական համամիութենական թիմին միանալուց հետո նույնպես նա շարունակում էր ռեկորդներ սահմանել բասկետբոլի ասպարեզում։ Ամենահիշարժան ձեռքբերումներից մեկն իր մասնակցությամբ իր թիմի հաջող խաղն էր 1964թ.-ի` Տոկիոյի Միազգային օլիմպիադայի ժամանակ, որի արդյունքում թիմն արծաթե մեդալի արժանացավ։
Արտագաղթ դեպի Կանադա
Մինչ Արմենակ Ալաջաջյանը նոր ռեկորդների էր հասնում բասկետբոլի ասպարեզում, իր կյանքում սկսեցին լուրջ խոչընդոտներ առաջանալ, որոնք դժվարացնում էին Սովետական Միությունում իր գործունեությունը։ Այդ տարիներին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն (КГБ) հսկողության տակ էր պահում սովետական հասարակության մեծ մասին, ներառյալ՝ հաջողությունների հասած անհատականություններին։ Հանկարծ սկսեցին թույլ չտալ, որ Ալաջաջյանը շատ խաղերի մասնակցի և շատ երևա ասպարեզում. նրան նույնիսկ թույլ չէին տալիս, որ Եվրոպա մեկնի հյուրախաղերի մասնակցելու նպատակով։
Նրան արգելում էին այն պատճառաբանությամբ, որ իր մեծ քույրը Կանադայում է բնակվում, և դա կարող էր պատճառ դառնալ իր կողմից սխալ քայլերի։ Իր հարցազրույցներից մեկում Ալաջաջյանն ասել էր, որ ՊԱԿ-ը բազմիցս փորձել է իրեն ներգրավել այդ կառույցի հետ համագործակցության գործում, սակայն նա շարունակաբար համառորեն մերժում էր այդ առաջարկները, քանզի իրեն քաղաքականությունն ու իշխանությունը չէին հետաքրքրում. նրա միակ հետաքրքրությունը սպորտն էր։
«Վերջապես, 1963թ.-ին ես կարողացա Մադրիդ մեկնել և Եվրոպայի գավաթի խաղերին մասնակցել. Մարշալ Գրեչկոն անձամբ էր ինձ համար բարեխոսել, և ինձ թույլ տվեցին արտասահման մեկնել։ 1968թ.-ին ես դարձա Կարմիր բանակի կենտրոնական թիմի գլխավոր մարզիկը։ Այդ նույն շրջանում մենք Բարսելոնայի «Ռեալ Մադրիդ» թիմին հաղթեցինք և վերցրեցինք գավաթը։ Դա շատ դժվար խաղ էր, և լրացուցիչ ժամանակ էր տրամադրվել խաղն ավարտելու համար։
Մինչ այդ օրը, իսպանացիների թիմի ներկայացուցիչները միշտ հպարտությամբ շեշտում էին, որ երբեք իրենց տանը պարտություն չէին ունեցել… սակայն մենք այնպես արեցինք, որ ունեցան», իր հարցազրույցներից մեկում ասել է Արմենակ Ալաջաջյանն և ավելացրել, թե ինչ հիասթափություն էր իրեն սպասում Սովետական Միություն վերադառնալուց հետո։
«Երբ մենք Մոսկվա վերադարձանք, նրանք սկսեցին մեզ խուզարկել. ինչ-որ մեկը Պաշտպանության նախարարության աղբյուրներին ասել էր, որ մեր թիմի անդամներից ամեն մեկն արտասահմանում 6,000 դոլարի չափ կանխիկ գումար էր ստացել, և, որ ես դրա հետ կապ ունեի։ Դրանք սին և շինծու մեղադրանքներ էին։ Նրանք նաև մեզ մեղադրեցին նրանում, որ մենք «Կոմսոմոլի» աշխատանքներին չէինք մասնակցում։ Այդ միջադեպից հետո ես հասկացա, որ նրանք արդեն ինձ հանգիստ չէին թողնի, և այլևս իմ գործունեությունը հնարավոր չէր շարունակել, և այդ ժամանակ ես դիմեցի, որպեսզի մեկնեմ Կանադա իմ բարեկամների մոտ»։
ՊԱԿ-ի կողմից ճնշումների արդյունքում, հայ բասկետբոլի լեգենդը, ով հասցրել էր 17 ոսկե մեդալ և 1964թ.-ի «Տոկիոյի միջազգային օլիմպիադայի» արծաթե մեդալ նվաճել, այլևս չէր կարող իր գործունեությունը շարունակել Սովետական Միությունում և որոշեց արտագաղթել Կանադա՝ իր քույրերի մոտ։ Ալաջաջյանն արտագաղթեց Կանադա 1974թ.-ին, որտեղ կյանքն արդեն այլ դժվարություններով դիմավորեց նրան, քանզի նա արդեն երեսունչորս տարեկան էր, և, որպես ներգաղթած իմիգրանտ՝ կյանքն այլևս հեշտ չէր։ Այդ տարիներին Կանադայում ամենահայտնի խաղաձևը հոկեյն էր, և բասկետբոլին մեծ ուշադրություն չէր դարձվում։
Ալաջաջյանն ընկերներ ուներ ԱՄՆ-ում, ովքեր հենց բասկետբոլի ասպարեզում ունեին ձեռքբերումներ. նրանցից մեկը Լարրի Բրաունն էր, ով 1964թ.-ին Սովետական Միության դեմ Տոկիոյի օլիմպիական խաղերում ԱՄՆ թիմի կազմում էր խաղացել։ Այդ տարիներին նա NBA-ի բասկետբոլի թիմի մարզիկն էր։ Նա Ալաջաջյանին առաջարկում է մեկնել ԱՄՆ և շարունակել իր մասնագիտական գործունեությունը, սակայն Ալաջաջյանի մայրը դեմ է լինում, քանզի բոլորովին վերջերս էր իր տղան միացել ընտանիքի անդամներին, և իրենց համար անընդունելի էր, որպեսզի նա իրենց թողնի և մեկնի ԱՄՆ։ Նա որոշում է մնալ Կանադայում։
Որպես ներգաղթյալ՝ իր կյանքը Կանադայում սկսում է Տորոնտոյի կենտրոնական ավտոկայանատեղերից մեկում աշխատանքով, որտեղ նա երկար ժամեր էր անցկացնում մեքենա կայանելով։ Նրա ամբողջ կյանքը պայքարի միջով է անցել, և նա սովոր էր. Կանադայում կյանքի առաջին տարիներին նա երկար ժամեր էր աշխատում, որպեսզի կարողանա ավելի գումար վաստակել և դասավորել իր կյանքը։
Մի օր, երբ նա սովորականի պես մեքենա էր կայանում վճարի դիմաց, նա հանդիպում է Սովետական Միությունից Կանադա տեղափոխված և հաջողության հասած մի գործարարի, ով անմիջապես ճանաչում է բասկետբոլի լեգենդին և առաջարկում է օգնել ոսկու վաճառքի գործունեությամբ զբաղվել Տորոնտոյում, և այդ նպատակով պարտքով գումար է տրամադրում։ Ալաջաջյանը մի քանի ամիս է տրամադրում ոսկու բիզնեսի մանրուքներն ուսումնասիրելուն, որից հետո նաև ընտանիքից վերցրած պարտքի օգնությամբ Տորոնտոյի կենտրոնում ոսկերչական խանութ է հիմնում («AAA Diamonds LTD»): Այդ բիզնեսը տարիների ընթացքում հաջողությամբ է պսակվում, որը մինչ օրս հաջողակ գործող ձեռնարկություն է համարվում Տորոնտոյում։
Թեպետ ապրելու համար գումար վաստակելու միջոցը կապ չուներ բասկետբոլի հետ, Ալաջաջյանը շարունակում է Կանադայում իր հետագա կյանքի ընթացքում ներգրավվել բասկետբոլի մեջ։ 1974-1975թթ. նա աշխատանքի է անցնում «Համբեր Քոլեջում» («Humber College»)՝ որպես այդ ուսումնական հաստատության բասկետբոլի թիմի մարզիչ։ 1974-1990թթ. Ալաջաջյանը շարունակում է իր սպորտային գործունեությունը՝ որպես Տորոնտոյի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բասկետբոլի թիմի մարզիկ։ Տորոնտոյում ապրելու տարիներին նա նաև իր բարեգործական աջակցությունն է ցուցաբերել «Սուրբ երրորդություն» հայկական եկեղեցուն, հայ բարեգործական ընդհանուր միությանը և հայ համայնքի մի շարք այլ ծրագրերի։
Արմենակ Ալաջաջյանի գրքերը, հրապարակած նյութերն ու իր մասին պատմող հրապարակումները հազարավոր օրինակներով տարածվել են Սովետական Միությունում։ Բասկետբոլի ոլորտում իր ներդրումների մասին հրապարակումներ և ծրագրեր են ցուցադրվել և տպագրվել Հայաստանում և Սովետական Միությունում։ Ալաջաջյանը ռուսերեն լեզվով հրապարակված երկու գրքերի հեղինակ է. «Բասկետբոլիստի նոթեր» (Մոսկվա, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հրատարակչություն», 125 էջ), և «Ոչ միայն բասկետբոլի մասին» (Մոսկվա, «Մոլոդայա գվարդիա», 319 էջ.։ Թարգմանված է նաև Էստոներեն լոզվով)։
1990թ.-ի սկզբներին փորձ է արվել Ալաջաջյանին ընդգրկել ԱՄՆ Մասաչուսեթս քաղաքի «Հայտնիների թանգարանի» բասկետբոլի սրահում (Basketball Hall of Fame, Massachusetts), սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ այդ տարիներին արտասահմանյան բասկետբոլի աստղերի հանդեպ մեծ հետաքրքրություն չկար, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր Սովետական Միության հայտնիներին։ Վերջին տարիներին Արմենակ Ալաջաջյանի ներդրումը գնահատող միջոցառումների աճի միտում է նկատվում. 2014թ.-ին Երևանում անցկացված բասկետբոլի հանրապետական առաջնությունն Արմենակ Ալաջաջյանի պատվին է կոչվել։ Վերջին տարիներին Տորոնտոյի հայ համայնքը ներկայացնող բասկետբոլիստները ոգեշնչվում են Արմենակ Ալաջաջյանի անունով և ձեռքբերումներով։
Ընկերներն ու բարեկամները՝ Արմենակ Ալաջաջյանի մասին
Հայտնի կանադացի գրող և ցեղասպանագետ Ալան ՈՒայթհորնը հպարտությամբ է հիշում և պատմում իր մորեղբոր մասին։ Հատկապես նա հիշարժան է համարում իր դպրոցական տարիների ֆուտբոլի մարզիչ Ռոլլի Գոլդրինգի խոսքերն իր քեռու մասին։ Գոլրինգը Կանադայի բասկետբոլի թիմի կազմում է եղել, երբ թիմը մեկնել է մասնակցելու 1964թ.-ի Տոկիոյի օլիմպիադային։ «Հպարտությամբ եմ հիշում Ռոլլի Գոլդրինգի հետ 1964թ.-ին ունեցած իմ զրույցը։
Նա կանադական թիմին նախապատրաստում էր Տոկիոյի օլիմպիական խաղերին այդ ժամանակ։ Օլիմպիադայի ժամանակ Կանադայի թիմի առաջին խաղը Սովետական Միության թիմի հետ էր, որի կազմում նաև խաղում էր իմ մորեղբայրը։ Հաղթահարելով Սառը Պատերազմի խոչընդոտները, այս երկու մարզիկները մոտենում են միմյանց և միմյանց սպորտի ասպարեզում հաջողություններ են մաղթում։ Երբ Ռոլլին վերադարձավ Կանադա, ես իրենից հարցրեցի՝ արդյո՞ք խոսել էր իմ քեռու հետ. Ես մեծ ուրախությամբ լսում էի նրա պատմածներն իմ քեռու խաղի մասին։ Ցավոք, երկուսն էլ կյանքից հեռացան Տորոնտոյում վերջերս, մի քանի շաբաթ տարբերությամբ»։
Ալաջաջյանի ընտանիքի բարեկամներից Լևոն Յազեջյանը, ով տարիներ շարունակ եղել է Տորոնտոյի ՀԲԸՄ կառույցի գանձապահը, հուղարկավորության եկեղեցական ծիսակարգի ժամանակ իր ելույթում նշեց, որ Արմենակ Ալաջաջյանն իր ներկայությամբ միշտ բասկետբոլի թիմի խաղերի ժամանակ էներգիա և ռազմավարություն էր հաղորդում ՀԲԸՄ թիմին։ Նա հիշում է Ալաջաջյանի խոսքերը, որ նա հաճախ կրկնում էր խաղերից առաջ. «Բասկետբոլում խաղը վարկյանների ընթացքում է փոխվում. մի պահ կարող է պաշտպանություն լինել, վարկյաններ հետո` հարձակում։ Ես սիրում եմ, որ միշտ խաղի ընթացքը կարողանում ենք կառավարել»։
Լևոն Յազեջյանը նաև մեջբերել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի խոսքերը, ով Արմենակ Ալաջաջյանի մասին ասել է. «Արմենակը հրթիռի արագությամբ է հարձակվում»։ Սովետական Միության սպորտում ունեցած իր ավանդի և ձեռքբերումների համար (17 ոսկե մեդալ և Տոկիոյի` 1964թ. օլիմպիադայի արծաթե մեդալ) 2000թ. հունվարի 17-ին Ռուսաստանի Բասկետբոլի ֆեդերացիան Արմենակ Ալաջաջյանին ճանաչեց դարի հինգ լավագույն խաղացողներից մեկը։ Նույն տարում Հայաստանի կառավարությունն Արմենակ Ալաջաջյանի անունով, որպես Եվրոպայի և Սովետական Միության բազմակի խաղերի չեմպիոնի, հիշատակի դրոշմանիշ է հրապարակել։
Լևոն Յազեջյանը նշում է, որ Կանադայում իր կյանքի վերջին տարիներին Ալաջաջյանն անվերապահորեն ՀԲԸՄ բասկետբոլի բոլոր առաջնություններին ներկա է եղել, և թիմին ուղեկցել է աշխարհով մեկ իրենց ունեցած խաղերի ընթացքում. սկսած Հյուսիսային և Հարավային Ամերիկայով, վերջացրած Եվրոպայով։ Նա ոչ միայն թիմին ուղեկցել է մասնակցելու այդ խաղերին, այլ նաև մեծահոգաբար իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել այդ ուղևորությունների կազմակերպման համար։ Նա առատաձեռն մասնակցություն է ունեցել Տորոնտոյի հայ համայնքի կյանքում։ Նա իր միջոցներով վերանորոգել է ՀԲԸՄ բասկետբոլի սրահը, ինչպես նաև՝ նյութական աջակցություն է ցուցաբերել համայնքային միջոցառումների կազմակերպման ժամանակ։
Տորոնտոյի «Հայ բարեգործական ընդհանուր միության» գործադիր տնօրեն Սալպի Տեր-Ղազարյանը բարձր է գնահատում Արմենակ Ալաջաջյանի ներդրումը Տորոնտոյում բարեգործական հայկական կազմակերպության ձևավորման ու կայացման գործում։ «Նա ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի բասկետբոլի թիմի մարզիչն էր, և 1981թ.-ից ի վեր «Ալեք Մանուկյան» կենտրոնի կայացման գործում որոշիչ դերակատարում է ունեցել։ Երիտասարդներին շատ է աջակցել առաջ գնալու հարցում, և միշտ աջակցել է ՀԲԸՄ ծրագրերին, հատկապես հովանավորել է բասկետբոլի թիմին։
Բասկետբոլից բացի, Արմենակի համար մեկ այլ բան էլ կար, որին նա անվերապահորեն նվիրված էր. դա Հայաստանն ու հայ մշակույթն էր։ Երբ մենք երիտասարդ կատարողների կամ արվեստագետների էինք հրավիրում Հայաստանից Տորոնտոյում հանդես գալու, Արմենակը միշտ աչքի էր ընկնում իր մեծ սրտով և առատաձեռնությամբ։ Նա ժպիտ պարգևող բարերար էր, ով առաջին հերթին ինքն էր ուրախանում, երբ ինչ-որ մեկին կարողանում էր երջանկացնել»,- հիշեց Սալպի Տեր-Ղազարյանն Արմենակ Ալաջաջյանի գործունեության և հայ համայնքում թողած ավանդի մասին։
Արմենակ Ալաջաջյանը յուրահատուկ անձնավորություն էր, ով պայքարելով, դժվարությունների միջով իր ուղին է հարթել և թողել է մի անուն, որն իրեն ճանաչողները հպարտությամբ են հիշում։ Իր ապրած կյանքով, որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի և սփյուռքի զավակ, նա կարողացավ հաղթահարել կյանքի դժվարությունները և իր իրականացրած գործունեությամբ փոխեց իր շրջապատը դեպի լավը։
Բասկետբոլի ոլորտում Արմենակ Ալաջաջյանի մրցանակներն ու ձեռքբերումները
1953, 1961, 1963, 1965թթ. «Ոսկե մեդալ», նշված տարիներին Եվրոպական առաջնությունում հաղթող թիմի կազմում խաղալու համար։
1959-1966թթ. ԽՍՀՄ մրցումների հաղթող։
1960, 1961թթ. «Եվրոպական լիգայի» բասկետբոլի հաղթող։
1961թ. արժանացել է «Սպորտի վարպետ» միջազգային կոչմանը։
1960-1965թթ. ԽՍՀՄ կողմից արժանացել է «Ամենաարժեքավոր բասկետբոլիստ» մրցանակին։
1963թ. արժանացել է «Հռչակավոր սպորտային ձեռքբերումների մեդալի»։
1964թ. Տոկիոյի Օլիմպիադայի «Արծաթե մեդալ»։
1964թ. արժանացել է ԽՍՀՄ «Պատվո շքանշանի»` Տոկիոյի օլիմպիական խաղերում ցուցադրած ձեռքբերումների համար։
Պատրաստեց Կամո Մայիլյանը
Տորոնտո-Երևան