Բաժիններ՝

Խորհուրդներ վարորդներին. Պայքար սառցի դեմ

Ինչպես հայտնի է, Հայաստանում փողը միշտ քչություն է անում, եթե դա վերաբերում է հանրային նշանակության բաներին՝ կրթությանը, առողջապահությանը, ենթակառուցվածքներին եւ, իհարկե, ճանապարհներին: Պարզվում է, որ ձմեռը միշտ անակնկալ է գալիս: Այդ պատճառով մարդավարի չեն մաքրում ոչ միայն քաղաքային, համայնքային, այլեւ միջհամայնքային եւ պետական նշանակության ճանապարհները: Կամ մինչեւ սկսում են մաքրել, պարզվում է մեքենաներն արդեն իրենց անիվներով կարգին տրորել ու ճանապարհ են բացել:

Ավազ ու աղ են շաղ տալիս ուշացումով, հետո արեգակն է միանում ձնամաքրման գործին: Բայց հաճախ ստացվում է այնպես, որ ճանապարհների որոշ հատվածներում կամ ստվերոտ հատվածներում, եւ, հատկապես, ոլորաններում՝ գետնին սառցաշերտեր են մնում եւ դրանք պահպանվում են մինչեւ գարուն:

Օրինակ՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի միջնամասում, Աղստեւի ձորում, մի քանի հարյուր մետր երկարությամբ մի հատված կա, ուր ձմեռվա 2-3 ամիսներին գրեթե արեւ չի ընկնում եւ ձյունը կամ սառույցը չի հալվում: Այդպիսի հատվածները ոլորանների եւ զառիթափի պատճառով բավականաչափ վտանգավոր են եւ վարորդները պարտավոր են մաքուր ճանապարհից դրանց հասնելուց առաջ էականորեն գցել արագությունը, սառուցների վրա չսահելու եւ ճանապարհից չթռնելու համար:

Հասկանալի է, որ անվադողերը պիտի ձմեռային լինեն, սակայն ձմեռային անվադողերը կարող են անօգուտ լինել, եթե մեքենան մեծ արագությամբ է ելնում սառցապատ ճանապարհ, մանավանդ, ոլորանի հատվածում: Եթե արագությունը մեծ է, միայն հրաշքը կարող է փրկել մեքենան:

Մեկ այլ բան է, երբ սառցալեզվակներ են մնում ուղղագիծ ճանապարհին, ենթադրենք ճանապարհը մաքուր է, տեսանելիությունը բավարար, ձյուն կամ սառույց չկա, ու մեկ էլ մի 10-50 մետրանոց լայնակի շերտով սառույց է պատահում, բուքը բերել ձյուն է լցրել, արեւն էլ հալեցրել է, գիշերը մնացել, սառչել է: Անփորձ վարորդները այդ սառցաշերտերին հասնելիս, հաճախ վախից արգելակում են կամ ավելի ուժեղ են գազ տալիս դրանք արագ անցնելու համար: Երկու գործողությունն էլ վտանգավոր են:

Ուղղագիծ մաքուր ճանապարհներին մեքենան վարում են համեմատաբար արագ եւ նույնիսկ 60-70 կմ/ժ արագությամբ այդ սառցալեզվակների վրա ելնելիս կտրուկ արգելակելիս մեքենան կարող է անկառավարելի դառնալ, սահել եւ պտտվել, իսկ թե հանդիպակաց երթեւեկելի գոտիով էլ մեքենա գալիս եղավ, որի վարորդն էլ սկսեց խուճապահար անկանոն բաներ անել՝ արգելակել կամ ղեկը այսուայնկողմ անել, փորձանքն անպակաս կլինի:

Այս դեպքերում խորհուրդ է տրվում այդ սառցալեզվակներին հասնելիս ոչ արգելակել, ոչ էլ գազ տալ, այլ ոտքը ուղղակի հանել գազից, ինչի արդյունում մեքենան գլորվելով կանցնի սառցալեզվակի վրայով, ապա կարելի կլինի գազ տալ եւ շարունակել ճանապարհը:

Ընդհանրապես, ձնածածկ եւ սառցապատ ճանապարհներին մեքենա վարելուն վարժվելը բարդ բան է, բայց ոչ անհնար: Հարկավոր է մի տեղ գտնել, որ բանուկ չէ, ամայի հատված է, ձնածածկ է, սառցապատ, լավ կլինի, որ դա ոչ թե ճանապարհ լինի, այլ հրապարակի նման մի տարածք, ընտրել այնպիսի ժամ, երբ ոչ մի մեքենա չի անցնում-դառնում, եւ գնալ սառույցի վրա քշելու:

Մեքենան լավ հարկավոր չարչարել, ղեկը պտտել, արգելակել անակնկալ, արգելակած գազ տալ, արագ քշել եւ աջ կամ ձախ դառնալով արգելակել: Սա հնարավորթյուն կտա զգալ մեքենայի վարքը, սահքի եւ արգելակման կարողությունները, ձեր ռեակցիաները կստուգվեն եւ կվարժվեք իրական դրության մեջ համանման դեպքերին, կհասկանաք՝ ինչի է ընդունակ ձեր մեքենան եւ ինչի եք ընդունակ դուք: Իսկ ճանապարհներին, որեւէ տեղ գնալիս, մի զլացեք, պարբերաբար փորձեք հասկանալ, թե մեքենան սառցի վրա ինչպես է պահում իրեն արգելակելիս, փորձնական եւ զգույշ արգելակեք, բայց մինչ այդ զգուշացրեք ուղեւորներին, որ կաթվածահար չլինեն:

Վտանգավոր ճանապարհներին մեքենա վարելու ռիսկերը նվազեցնել կարելի է փորձով, մեծ փորձով, եթե, իհարկե, մեքենան սարքին է, իսկ անվադողերը՝ ձմեռային: Չմոռանաք, որ տարբեր բարձրություններում օդի հարաբերական խոնավության տարբերության պատճառով ձնածածկույթն ու սառույցը տարբեր կերպ են ենթարկվում նույն անվադողերին:

Տաքսիստ Գրիշ
asparez.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս