Բաժիններ՝

Հայաստանին է հանձնվել «Իգլա»-ի գործով հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը

Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների և Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:

Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է և 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս