«Կառավարության փոփոխությունն օբյեկտիվ պահանջ է». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ դժվար է խոսել այս տարվա ձեռքբերումների մասին:

Նրա խոսքով՝ և՛ իր, և՛ իրենց դաշինքի կողմից բարձրաձայնված խնդիրներն առանձնապես լուծումներ չեն ստացել, դրա համար վերամբարձ է ստացվում խոսել հաջողությունների մասին.

«Ինչ-որ քայլեր արվել են, օրինակ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, բարի ցանկությունների դաշտում դրսևորումներ եղել են, բայց եթե ՀՀ-ի միջին վիճակագրական քաղաքացին կասի, որ կենսակերպը բարելավվել է, ես կզարմանամ: Ես կդժվարանամ մեծ թվով ձեռքբերումներ նշել»:

Ինչպես հայտնի է, մյուս տարի ՀՀ-ում նախատեսվում է վարչապետի և նախագահի փոփոխություն:

168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի պատգամավորը, արդյոք կառավարության փոփոխության անհրաժեշտություն ինքը տեսնո՞ւմ է: Ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանն ասաց. «Փորձում եմ զուսպ լինել՝ ակնկալիքներս արտահայտելու իմաստով, բայց կարծում եմ՝ կառավարության փոփոխությունն օբյեկտիվ պահանջ է, կարծում եմ՝ քաղաքական մեծամասնությունն ինքը կգնա այդ քայլի իրականացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս