Հրե աքաղաղը հրաժեշտ է տալիս. Ի՞նչ բերեց այն Հայաստանին

2017 թվականը Հրե աքաղաղի տարի էր: Տարվա սկզբում աստղաբանները նշում էին նոր սկզբի հնարավորության մասին, և նրանք, ովքեր կօգտվեն դրանից, շատ կշահեն:

Կանխագուշակում էին, որ Հայաստանին քաղցր տարի է սպասվում, վտանգներ չեն լինի, ընդ որում՝ գերազանց տարի է լինելու արտաքին քաղաքականություն վարելու համար: Այս վերջին առումով, թերևս, աստղաբաններն իսկապես նշանակետին էին խփել։

«168 Ժամի» հետ զրույցում, ամփոփելով արդեն գրեթե անցած տարին, քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբանները, բոլոր խնդիրների հետ մեկտեղ, առանձնահատուկ նշում են Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Խորը և համապարփակ համաձայնագիրը։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը տարվա գլխավոր ձեռքբերումը համարում է հենց Եվրամիության հետ ստորագրված  պայմանագիրը։

«Այն անչափ կարևոր էր Հայաստանի Հանրապետության համար։ Դա սովորական պայմանագիր չի, ի վերջո, ամեն տարի տարբեր երկրների հետ տարբեր թեմաներով պայմանագրեր ենք կնքում, բայց սա շատ կարևոր պայմանագիր է, սովորական չի, ու Հայաստանին շանս է տալիս վերադառնալ բազմավեկտոր քաղաքականությանը և վերադառնալ, այսպես կոչված, «և-և»-ին, քանի որ այդ պայմանագրով ԵՄ-ի հետ այլընտրանքային հնարավորություններ կան՝ զարգացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տուրիզմ, բիզնես, առևտուր, էլ չասած՝ մարդու իրավունքների բլոկը, այսինքն՝ այն հնարավորություն է տալիս Հայաստանին այլընտրանքներ ունենալ»։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի կարծիքով ևս՝ խոչընդոտները հաղթահարվեցին, և այժմ կարելի է ասել, որ գլխավոր ձեռքբերումը ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումն է։

«Սակայն ստորագրելու պահից, չգիտես ինչու, այն մոռացության է մատնվել։ Ամենահետաքրքիրն այդ պայմանագիրն է եղել, իսկ մնացածը՝ ազգ-բանակ և այլն, որևէ կոնկրետություն չկա։ Ընտրություններն էին, որ սովորաբար լինում են, Ղարաբաղի հարցում որևէ առաջընթաց չկա։ Իհարկե, ավելի լուրջ իրադարձություններ կատարվել են միջազգային հարաբերություններում՝ ՀԱՊԿ-ի հետ զարգացումները, Թուրքիա և այլն, երբ բոլորը ստիպված եղան Ղարաբաղյան խնդրի շուրջ ինչ-որ համաձայնության գալ՝ ձևակերպված ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից։

Դա, իհարկե, լուրջ բան է, հատկապես, որ ադրբեջանական կողմը փորձում էր այլ ուղղությամբ տանել գործընթացը, բայց, փաստորեն, այդ գործընթացը գնաց այն ուղղությամբ, որ հայկական կողմի դիրքերն ամրապնդվեցին Ղարաբաղի հարցում։ Դա, իհարկե, կարևոր նշանակություն ունի, որ հետագայում էլ այդ ուղղության զարգացումը կարող է ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել։ Մնացածը տխուր է, ստագնացիա է տնտեսական հարցերում, ու միայն թվեր են կրակում։ Դա տխուր է, իհարկե»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ անցնող տարվա Հայաստանի գլխավոր ժառանգությունն անմրցունակ քաղաքական համակարգն է՝ ի դեմս խորհրդարանական ընտրությունների, որը, ցավոք սրտի, չի ձևավորվել ամենևին ծրագրային հենքի վրա և երկրի խնդիրները լուծելու համար։

«Սրա հետ մեկտեղ, բարեբախտաբար, գոնե տարեվերջին ունեցանք Հայաստան-Եվրամիություն պայմանագիր, բայց կրկին, վերադառնալով էլիտայի խնդրին, խնդրահարույց է մնում այդ ծրագրի էֆեկտիվ իրականացումն այսպիսի էլիտայի պայմաններում։ Եվ, թերևս, եթե 2018-ի ապրիլին չձևավորվի իսկապես բարեփոխիչների կառավարություն՝ ունակ մարդկանցով, կարելի է ասել, որ այդ հույսն էլ կկորցնենք»,- ասաց Ս.Սաֆարյանը։

Տեսանյութեր

Լրահոս