«5 հոգանոց ընտանիքին հարկավոր է 50 հազար դրամ՝ Ամանորի համար, չհաշված՝ հյուրերին հյուրասիրելու ծախսը». Սոցիոլոգ
«Հայերի համար ամենասիրված տոնը միշտ եղել է Ամանորը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ դա հիմնականում ընտանեկան տոն է. «Ընտանիքի պարագլուխները, հիմնադիրները կարծես հաշվետվություն են տալիս ընտանիքի առաջ, թե տարվա ընթացքում իրենց հաջողություններն ինչպիսին են եղել, դրա համար սեղանի գինն ու որակը դառնում է նրանց աշխատանքի գնահատականը»:
Սոցիոլոգի խոսքով՝ այս տոնը տարբերվում է նրանով, որ կարող ես չաշխատել, ուտել, խմել և հյուր գնալ. «Մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել, որ ազգականներն իրար տուն են գնում, հարևաններն իրար հետ համատեղ սեղան են գցում, Նոր տարի են դիմավորում: Սովետական Միության ժամանակ, երբ մենք առաջին հարցումն արեցինք մարքետինգի ոլորտում, պարզվեց, որ ընտանիքների մոտ ամեն 10-րդը զանգ է տալիս, զգուշացնում է, որ տանը չեն լինի: Սովետական Միության ժամանակ մարդկանց 7-10 տոկոսը տանն Ամանոր չէր դիմավորում, կարողությունները բավական սուղ էին:
Պապիկ-տատիկները կամ գնում էին՝ երեխաների տանն էին դիմավորում, կամ երեխաներն էին գնում պապիկ-տատիկի տուն: Հիմա այդ տոկոսն ավելացել է այն առումով, որ նախորդ տարիների համեմատ՝ մեկ շնչին ընկնող եկամուտը 10 տոկոսով իջել է: Ռուսաստանից փոխանցումները ևս իջել են, մենք 2.5-3 միլիարդ դոլար էինք ստանում: Ռուսաստանում հարցում են արել հայ արտագաղթողների մեջ իրենց ապագա նպատակների վերաբերյալ, 75 տոկոսը մտադիր է արմատավորվել, ստանալ ՌԴ քաղաքացիություն, ընտանիքը բերել Ռուսաստան»:
Հայաստանում մարդկանց կեսն է աշխատավարձով իր տնտեսական վիճակը կարողանում ապահովել.
«Ապրանքների գների բարձրացումն ազդել է սեղանի որակի և գնի վրա: Դա շղթայական է: Եթե մսի գինն է բարձրանում, ուրեմն՝ մսով պատրաստված ինչ-որ բանի գինը բարձրանում է: Նույնը՝ ալյուրը, կարագը, կաթը, կաթի փոշին: Մոտ մի քանի 100 ապրանքների գնի բարձրացում է տեղի ունեցել, թեկուզ՝ 1-2 տոկոսով, բայց դա էլի նշանակալից է»:
Նրա դիտարկմամբ՝ մեր միջին ընտանիքը 5 հոգի են. «5 հոգու համար սեղանը մեծ արժեք չի ներկայացնում: Առավելագույնը կարող է նստել 50 հազար դրամ: Այսինքն՝ մեկ շնչին ընկնող ամսական մի եկամուտը կարող է գնալ շատ համեստ ամանորյա սեղանի համար, բայց հյուրեր են գալու, այսինքն՝ այդ գումարն ավելանում է»:
Ա. Ադիբեկյանը նկատեց, որ մարդիկ վարկ են վերցնում, պարտք են անում Ամանորի համար. «Գնում են բանկ, սև օրվա փողերից են վերցնում՝ Նոր Տարին դիմավորելու համար: Մինչև հին Նոր տարին ձգում են այդ սարքած ուտեստներով, հետո սկսվում է անկում, ու բավականին լուրջ վիճակ է՝ մինչև գարնան սկիզբը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: