Գյումրու համայնքային նախակրթարաններում պետք է սահմանվի ծնողական վարձավճարների ցածր, միևնույն գին

Այն, որ Գյումրու նախակրթարաններում ծնողական վարձավճարների մուծման դժվարություններ կան, նշված է նաև «Գյումրի համայնքի զարգացման ծրագրում»: Քաջատեղյակ լինելով խնդրին՝ Գյումրու քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկեր համայնքապատկան նախակրթարաններ հաճախող երեխաների ուսման վարձավճարները նվազեցնելու նպատակով գործուն մեխանիզմներ մշակելու համար:

Քաղաքապետարանը սոցիալապես անապահով միայն որոշ ընտանիքների պարագայում նախակրթարաններ հաճախող երեխաների համար վարձավճարների մասնակի փոխհատուցում է իրականացնում:

Գյումրու համայնքային ենթակայության մանկապարտեզներում ամենացածր ծնողական վարձավճարը 6000 դրամ է: Սակայն 21 համայնքապատկան մանկապարտեզներից ընդամենը 4-ում է այսպիսի գին սահմանված, մնացածում ծնողական վարձավճարները զգալիորեն բարձր են: Որոշ դեպքերում բարձր վարձավճարները մանկապարտեզներ հաճախող երեխաների համար չհիմնավորված են: Թեև ծնողական վարձավճարների մեծ մասը ծախսվում է երեխաների համար սնունդ գնելու նպատակով, սակայն պետք չէ մոռանալ, որ այդ վարձավճարների փոքր մասն էլ կոմունալ ծախսերին է հատկացվում, իսկ լոկալ ջեռուցման համակարգ Գյումրու ոչ բոլոր նախակրթարաններն ունեն, որոշ դեպքերում վառարաններով են տաքացնում տարածքը:

Օրինակ, «Սուրբ Մարիամ» ՀՈԱԿ-ում ծնողական վարձավճարը 7000 դրամ է, սակայն այս նախակրթարանի շենքային և գույքային պայմաններն անբավարար են, տարածքն էլ վառարանով է տաքացվում:

Կարդացեք նաև

Ի՞նչ իմաստ ունի 7000 դրամ ծնողական վարձավճար սահմանել մի նախակրթարանի համար, որի շենքային պայմանները վատն են, որը չունի լոկալ ջեռուցման համակարգ, նորմալ գույք, և որտեղ հաճախող երեխաներն առնվազն առօրյան կազմակերպելու տեսանկյունից՝ իրենց հարմարավետ չեն զգա:

Հիշեցնենք, որ բացի Երևանից, ՀՀ մյուս շրջաններում նախակրթարանները երեխաների համար վճարովի են:

168.am-ի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Գյումրու նախակրթարանները երեխաների համար անվճար դարձնել չի լինի, քանի որ այդ նպատակով Գյումրու բյուջեի կառուցվածքում մոտ 6 տոկոսի փոփոխություն կատարել հնարավոր չէ (տես հրապարակումը):

Արդյո՞ք հնարավոր չէ նվազեցնել ուսման վարձավճարները, կամ համայնքը բոլոր նախակրթարանների համար սահմանի մեկ գին՝ 3000 դրամ, ինչպես Ախուրյան համայնքում է:

Համեմատության համար նշենք, որ Ախուրյան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 9256 մարդ, համայնքի բյուջեն՝ 272.628.000 դրամ է:
Բյուջե-բնակչություն հարաբերակցության արդյունքում պարզ է դառնում, որ Ախուրյանի բյուջեից մեկ շնչին (ախուրյանցիներից յուրաքանչյուրին) բաժին հասնող գումարը կազմում է 29454 դրամ:

Գյումրու բյուջեն կազմում է 3.165.500.000 դրամ գումար: Բնակչության թիվը քաղաքում պարբերաբար նվազել է՝ հասնելով 116.000-ի (2017-ի հունվարի 1-ի վիճվարչության տվյալներով): Գյումրիում բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարը կազմում է 27288 դրամ գումար՝ մոտ 1.07 անգամ պակաս Ախուրյան համայնքում մեկ շնչին բաժին ընկնող գումարից: Ունենալով Գյումրուց գրեթե 12 անգամ քիչ բնակչություն, այնուամենայնիվ, Ախուրյանում որոշ սոցիալական ծրագրեր ավելի լավ են իրականացվում:

Դրա վառ ապացույցներից մեկն հետևյալն է. Գյումրու 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ամենացածր ծնողական վարձավճարները կրկնակի ավելի են Ախուրյանի նախակրթարանների վարձավճարներից և կազմում են ամենաքիչը 6000 դրամ՝ 50 տոկոսով ավելի:

Մինչդեռ Ախուրյանում նախակրթարանների վարձավճարներն ընդամենը 3000 դրամ են կազմում:

Պարադոքս չէ՞, որ ախուրյանցիների եկամուտներն ավելի շատ են, իսկ գյումրեցիներինը՝ քիչ: Իր բոլոր թերություններով հանդերձ, Ախուրյանում արտադրական գործունեությունն ավելի լավ է կազմակերպված, քան հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում:

Ուրեմն մեր բյուջեն, քաղաքը լավ չի կառավարվում, կամ բյուջեի կառուցվածքային փոփոխությունները լավ չեն արված, բյուջետային հատկացումները նպատակային չեն:
Ինչպե՞ս այս երևույթը կբացատրեն մեր քաղաքային իշխանությունները: Ինչո՞ւ է այսպես, այն դեպքում, երբ Ախուրյան համայնքի բյուջեն 11 անգամ պակաս է Գյումրի քաղաքի բյուջեից:

Իհարկե, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ըստ «Ախուրյանի զարգացման ծրագրի»՝ Ախուրյանում նախակրթարաններն ընդամենը երեքն են՝ Ախուրյանի «Լեոնարդո Գմյուրի անվան» նախակրթարան, «Ախուրյանի առաջին քայլեր նախակրթարան», «Ախուրյանի Հեքիաթ» կրթահամալիր ՀՈԱԿ, տարբեր են նաև հաստիքացուցակները: Ախուրյանում նախակրթարաններ հաճախող երեխաների թիվն էլ քիչ է՝ 200-ից ավելի, Գյումրու համայնքապատկան նախակրթարաներ հաճախում է թվով 2309 երեխա: Այս ցուցանիշը գրեթե 91 տոկոսով ավելի է Ախուրյանի նախակրթարաններ հաճախող երեխաների թվից: (Տես այստեղ.):

Այնուամենայնիվ, Գյումրու քաղաքապետարանը մեր կատարած հաշվարկից պետք է որոշակի հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի Գյումրու համայնքապատկան նախակրթարաններում ծնողական վարձավճարները նվազեցնելու ուղղությամբ:

Մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները՝ պարզելու համար, թե Շիրակի մարզի այլ համայնքներում համայնքապատկան նախակրթարաններում ծնողական ինչպիսի՞ վարձավճարներ են գործում, արդյո՞ք դրանք Գյումրու համայնքապատկան նախակրթարանների ծնողական վարձավճարներից մատչելի են, թե՞ ոչ:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս