Բաժիններ՝

Տեսանյութում պատկերված կնոջը ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գործող հագուստի խանութից գաղտնի հափշտակել է քաղաքացու «Նոկիա լումիա» տեսակի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի կին, դրամարկղի մոտ դրված հեռախոսը վերցնում, ապա՝ հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս