«Մեզ ասում են՝ թույն խմեք, այլ տարբերակ չունեք». Արթուր Սաքունց
«Արիստոտելն ասել է, որ մարդը քաղաքական էակ է։ Մարդ և քաղաքական էակ հասկացություններն անբաժանելի են։ Հիմա երբ փորձում են Հայաստանում քաղաքական էակ դարձնել մի մասին, իսկ մյուս մասին ասում են՝ ոչ, դուք քաղաքական էակ չեք, դա շատ տարօրինակ է»,- այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
Նա ընդգծեց՝ Արիստոտելի ժամանակ ո՛չ Բրյուսել կար, ո՛չ Վաշինգտոն, ո՛չ Մոսկվա, ո՛չ Կիև, ո՛չ Մինսկ, ո՛չ Աստանա, այլ կար պետություն-մարդ հասկացություն։ Հետևաբար, իրավապաշտպանի խոսքով՝ երբ դիսկուրսը փոխվում է դեպի Վաշինգտոն-Բրյուսել հարթության վրա, դրանով իշխանություններն ընդունում են, որ քաղաքացիական հասարակություն հասկացություն գոյություն ունի միայն Վաշինգտոնի և Բրյուսելի հետ խոսակցության ժամանակ, իսկ դրանով ընդունում են, որ Մոսկվայի, Մինսկի, Կիևի կամ Աստանայի հետ նման խոսակցություն գոյություն չունի։
«Բայց խնդիրն այն է, որ Երևան-Երևան երկխոսությունը չկա, որը շատ կարևոր է։ Երբ Երևան-Երևան երկխոսությունը լինի, ապա կհասկանանք նաև Վաշինգտոնին և Բրյուսելին, թե չէ հիմա Վաշինգտոնն ու Բրյուսելը մեզ փորձում են սովորեցնել, թե ինչպես Երևանը Երևանի հետ լեզու գտնի։ Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների պլանի վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացվել է 131 առաջարկություն, չի ընդունվել 101-ը, 20-ը ընդունվել է` մասնակցի։ Այդ առաջարկներն օդից չէին վերցվել»,- ասաց նա։
Սաքունցը նկատեց՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում ընդունեցին մի դրույթ, որով հասարակական կազմակերպությունները կարող են հանրային շահի ներկայացուցիչ հանդես գալ միայն շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերով. «Մինչ այդ Սահմանադրական դատարանն ընդունել էր, որ ընդհանրապես չկա այդպիսի սահմանափակում՝ hասարակական կազմակերպությունները կարող են որպես պատշաճ հայցվոր` դատարանում հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ գտնում են, որ իրավական ակտը կամ օրենսդրական նորմը պետք է բողոքարկվի, բողոքարկել։ Քաղաքական նպատակահարմարությունը գերազանցեց ՍԴ-ի որոշմանը»։
Նրա կարծիքով՝ չի կարող որևէ քաղաքական որոշում ընդունվել՝ ոտնահարելով մարդու իրավունքը. «Կարծիքները, որոնք ուղղված են մարդու իրավունքի խաթարմանը, անթույլատրելի են, և քաղաքական իշխանությունը եթե տուրք է տալիս նման կարծիքներին, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն և ավտորիտարիզմ։ Մեզ բոլորիս ասում են՝ թույն խմեք, այլ տարբերակ չունեք․ մենք թույն խմելու ցանկություն չունենք, մենք ուզում ենք ապրել, ոչ թե փախչել այս երկրից։ Միակ ճանապարհն իրապես արժեքների վրա հիմնված երկխոսությունն է»։