Էլեկտրոնային առևտրում 2020 թվականից կիրառվելու է 200 եվրոյին համարժեք սահմանագիծ
Հայաստանում էլեկտրոնային առևտուրը գնալով զարգանում է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։
«Միտումներ կան, որ էլեկտրոնային եղանակով կատարվող գնումների ծավալն է՛լ ավելի է մեծանալու»,- ասաց նա։
Վ. Միրումյանը նշեց, որ 2018 թ.-ից այս ոլորտում որևէ փոփոխություն չի լինելու, բայց 2020 թ.-ից կիրառվելու է 200 եվրոյին համարժեք սահմանագիծ։
«Այսօրվա գործող կարգի համեմատ տարբերությունն այն է, որ 200 եվրոն վերաբերում է 1 առաքանու արժեքին։ Այսինքն՝ այսօր 1 ամսվա ընթացքում 1000 եվրո է, իսկ 2020 թ.-ից կունենանք 200 եվրո, բայց 1 առաքանու մասով։ Դա նշանակում է, որ, եթե ամեն օր 200 եվրոն չգերազանցող առաքանի եկավ, ֆիզիկական անձը որևէ խնդիր չունի, անգամ, եթե եկավ, բայց 5 տարբեր առաքանիներով, որոնցից յուրաքանչյուրը չի գերազանցում 200 եվրոն, կրկին խնդիր չունի։ Թեպետ առաջին հայացքից կարող է թվալ, թե սահմանաչափ է նվազել, բայց երբ մենք դա դիտարկում ենք հաճախականության տեսանկյունից և 1 ամսվա տեսանկյունից, տեսնում ենք, որ հնարավորություններն ավելացել են»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը։
Ավելին, Վ.Միրումյանի խոսքով, երբ 200 եվրոն գերազանցող մաս կա, մաքսային վճարների դրույքաչափը 2 անգամ նվազել է, մասնավորապես՝ մաքսային արժեքի 30 %-ի փոխարեն՝ գործելու է 15%, իսկ արժեքային մեծության դեպքում՝ 4 եվրոյի փոխարեն՝ գործելու է 2 եվրո։