Բաժիններ՝

Օպերայի բեմից երկար դադարից հետո Բեթհովեն կհնչի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դասական երաժշտության սիրահարների համար դեկտեմբերի 16-ին կհնչի Լյուդվիգ Վան Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան եւ դաշնամուրային երրորդ կոնցերտը (մենակատար՝ Արուս Աճեմյան):

«Արմենպրես»-ի հետ զրույցում դիրիժոր Զավեն Վարդանյանն ասաց, որ դեկտեմբեի 16-ին Բեթհովենի ծննդյան օրն է, նաեւ նրա մահվան 190 ամյակը: «Բեթհովենը բոլորին հասանելի է, որովհետեւ նրա երաժշտության ազդման ուժը, այն կամքը, այն էներգիան, որ դրված է նրա ստեղծագործություններում այնպիսի ազդեցություն, ներգործություն ունի, որ եթե անգամ գիտակցաբար չեն ընկալում, ապա ենթագիտակցաբար երաժշտությունը ընկալվում է»,-ասաց նա:

Զավեն Վարդանյանն անդրադառնալով Բեթհովենի լիրիկական էջերին, փաստեց, որ նույնիսկ Նապոլեոնի ժամանակաշրջանում Բեթհովենի լիրիկան էլի հերոսականությամբ էր հնչում: «Պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ ունկնդրի վրա մեծ ներգործություն ունի նրա ստեղծագործությունների ներքին ուժը»,-ասաց դիրիժորը, հավելելով, որ աշխատում է իր ծրագրերում մշտապես Բեթհովեն ունենալ: «Ես պաշտամունք ունեմ Բեթհովենի նկատմամբ եւ ընդհանրապես ունեմ մի քանի հեղինակներ, որոնց նկատմամբ վերաբերմունք առանձնահատուկ է` դա Բախն է, Բեթհովենը, Վագները»,-ասաց Վարդանյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ մեզանում հիմա շատ քիչ է հնչում Բեթհովեն, Մոցարտ, Հայդեն ընդհանրապես չի հնչում: «Ճաշակ դաստիարակելու համար այս դասականները շատ կարեւոր են: Մենք բոլորս պետք է դաստիարակվենք դասականի վրա, այնուհետեւ կարող ենք մեզ թույլ տալ նաեւ այլ ազատություններ, բայց դասական երաժշտությունը ճանաչողական, դաստիարակչական կարեւոր նշանակություն ունի»,-ասաց Զավեն Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս