«Կարելի է հույս տածել, որ ԱՄՆ-ը կարող է գնալ Եղեռնի ճանաչմանը». Արման Նավասարդյան
«Մենք կարող ենք սա դիտել՝ որպես այս տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձություններից և միջազգային հարաբերությունների ամենահեռանկարային և ամենախոստումնալից դեպքերից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:
Ա. Նավասարդյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հույսեր է փայփայում, որ սա առիթ կհանդիսանա, որպեսզի նա հանդես գա՝ որպես մուսուլմանական և արաբական աշխարհի առաջնորդ, երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը և իրեն հռչակել խալիֆ.
«Սա, իհարկե, զառանցանք է, որ երբեք չի կարող տեղի ունենալ, պարզապես նա կարողանում է շատ վարպետորեն օգտվել ստեղծված իրավիճակից, և 50-ից ավելի նախագահների հավաքեց Ստամբուլում, որպեսզի նախ խիստ քննադատության ենթարկի Իսրայելի «ահաբեկչական» և «հակաարաբական» քաղաքականությունը և վրեժ լուծի ԱՄՆ-ի քաղաքականությունից:
Նա շարժվում է այս երկու մոտիվներով: Նա հայտարարում է, որ Երուսաղեմը պետք է հռչակվի՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք: Ծիծաղելի է, որովհետև նա չի կարող իրեն հաշիվ չտալ, որ նույն Թրամփի ասածները քննադատության է ենթարկում՝ որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի որոշումների խախտում, փաստորեն, ինքն է գնում այդ ճանապարհով»:
Հարցին՝ ԱՄՆ նախագահի այս քայլը կարո՞ղ է ԱՄՆ-ում նոր ահաբեկչությունների առիթ հանդիսանալ, Ա. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Ահաբեկչությունը, անկախ դրանից, եղել է, կա և կլինի: Երբ խոսում ենք այն մասին, որ Սիրիայում պատերազմական գործողությունները վերջացել են, և անգամ ասվում է, որ ԻԼԻՊ-ը ջախջախված է, կարծում եմ՝ իրականությանը չի համապատասխանում: Այո, առճակատումը, ճակատային ռազմական գործողությունները կարծես թե Սիրիայում վերջանում են, բայց երբեք չմոռանանք, որ իսլամական ֆունդամենտալիզմն անցնում է ընդհատակ, որը պակաս վտանգավոր չէ, քան պատերազմական բաց գործողություններն են»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ստեղծված իրավիճակից ինչպե՞ս կարող է օգտվել հայկական կողմը: Ի պատասխան՝ Ա. Նավասարդյանն ասաց.
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր հեռանկարներ են բացվում մեր դիվանագիտության համար: Նախ՝ առաջին խնդիրը պետք է լինի՝ ամեն կերպ պաշտպանել մեր շահերը, համայնքը, հայ եկեղեցին, որն այնտեղ դարեր շարունակ գոյություն ունի: Բայց եթե, ըստ Թրամփի, տեղի ունենա սահմանների վերաձևավորում, ապա Հայաստանն անպայմանորեն պետք է կարողանա իր շահերը պաշտպանել:
Աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր է հայ-իսրայելական հարաբերությունների արդեն սկսված գործընթացը խորացնել, կանոնակարգել և հասնել այն խնդիրների իրագործմանը, որ դրված է Հայաստանի առաջ՝ երկկողմ հարաբերությունների զարգացում և դեսպանությունների բացում:
Մյուս խնդիրը Եղեռնի ճանաչման հարցն է: Հիմա հարմար պահ է ստեղծվել: Քնեսեթում այդ հարցի շուրջ միշտ տեղի են ունեցել բանավեճեր, և այլն: Հայաստանին պաշտպանող ուժերը, որ կան այնտեղ, հիմա կարող են այս իրադարձությունների ֆոնին գերակայություն ձեռք բերել, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ մեծ բացասական ռեակցիա է առաջացրել Իսրայելում այն առումով, որ երկիրը, որ ինքը տեռորիզմի բուն է միշտ եղել և կա, հիմա Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ: Սա պետք է օգտագործի հայկական կողմը և կարողանա հասնել Եղեռնի ճանաչմանը: Մյուս կարևոր հանգամանքն Ադրբեջանի մասնակցությունն է այդ գագաթաժողովին, որը հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի՝ իսրայելյան կողմին ցույց տալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի հետ բարեկամությունը»:
Ըստ Ա. Նավասարդյանի՝ նկատի ունենալով Դ. Թրամփի քաղաքական գործելակերպը՝ կարելի է հույս տածել, որ ԱՄՆ-ը կարող է գնալ Եղեռնի ճանաչմանը, որովհետև, նրա խոսքով, եթե առ այսօր ԱՄՆ-ը չի ճանաչում Եղեռնը, դա հիմնականում կախված է Ամերիկաթուրքական հարաբերությունների տեսակից, որակից և ընթացքից. «Եթե այսպես շարունակվի Թուրքիայի հետ հարաբերությունների վայրընթացը, ապա, կարծում եմ՝ շանսերը կարող են ավելանալ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: