«Բացահայտված ահաբեկչական միավորումն ուղղակիորեն կապված է 2018թ. սպասվող վարչապետի և նախագահի ընտրությունների հետ». Գուրգեն Եղիազարյան

«Համազգային խայտառակություն է, որ ԱՄՆ-ում բնակվող հայը մտածում է այդ ձևով օգտակար լինել իր երկրին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով այսօր ԱԱԾ-ի կողմից  տարածված հաղորդագրության մասին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանում ահաբեկչություն նախապատրաստելու, իրականացնելու համար թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում մարդկանց հավաքագրելու գործընթացի բացահայտման մասին, որի համար մեղադրվում է ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք.-ն, և նրա հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: ԱԱԾ-ն հայտարարում է նաև, որ կապվել է ԱՄՆ իրավապահների հետ:

Գ. Եղիազարյանի խոսքով՝ արդեն իսկ շատ վատ ենթադրությունների տեղիք է տալիս այն, թե ինչպես է այս անձն անվանում իր ահաբեկչական խումբը՝ «Արդարության մարտիկներ».

«Չէ՞ որ, սրանով ասում է՝ մենք ինչ երկրում ենք ապրում: Նույնիսկ ինքը՝ Սերժ Սարգսյանը, մի քանի անգամ ասել է, որ պետք է արդարություն թևածի մեր երկրում, որն այդպես էլ չկա: «Նորքի ահաբեկչական միավորում», «Սասնա ծռեր», «Իգլայի» սարքած գործ, սրանք բոլորն էլ կիսասարքած գործեր են, և հիմա՝ «Արդարության մարտիկներ», որը լուրջ մտածելու տեղիք պետք է տա մեր իշխանություն կոչվածին: Էս ի՞նչ են անում մեր ժողովրդի հետ, որ ստիպված են գնալ այդ ճանապարհով»:

Ըստ ԱԱԾ պետի նախկին տեղակալի՝ սա հնարավորություն կտա անարդար երկրում ցանկացած մարդու ներգրավել այդ խմբի մեջ. «Մի բան, որ Ֆեյսբուքում է, ֆիրտուալ է, բավական է մեկը պատահական մտնի այդ սայթը, արդեն կձևակերպեն՝ որպես «Արդարության մարտիկ»: Վատ է, որ ցանկանում են կոնկրետ մարդկանց անուններով ահաբեկչություններ, սպանություններ իրականացնել: Այսպես թե այնպես, որ տարբերակն էլ լինի, մենք մտածելու լուրջ բաներ ունենք մեր երկրում: Երբ մարդիկ զգում են, որ այս իշխանությունից պրծում չկա, որ սա կարող է իրեն նորից վերարտադրել, նորանոր խմբավորումներ կծնվեն»:

Հարցին, թե այդ անձը, հնարավո՞ր է՝ գործել է արտաքին որևէ ուժի աջակցությամբ՝ Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Հայաստանը կործանելու համար արտաքին ուժերը ստիպում են, որ այստեղ օրենքներ ընդունեն, ասենք՝ «բռնություն՝ ընտանիքի դեմ» խորագրի տակ: Որպեսզի կործանեն Հայաստանը, արտաքին ուժերը թմրամիջոցներ են տեղափոխում Հայաստան՝ 1 տոննա, 105 կիլոգրամ, կամ միգուցե 350 կիլոգրամ լինի հաջորդ խմբաքանակը:

Այսօր Հայաստանը կործանելու համար երկու բան է պետք՝ անարդարություն երկրի ներսում՝ ատելի իշխանություններով, և թմրամիջոցներ: Դրանից ավելի լուրջ միջուկային զենք երկրի համար չկա: Իրենց ինչի՞ն է պետք՝ մարտիկներ հանեն, հրասայլեր դուրս բերեն դաշտ, երբ կարող են տեղի անարդար իշխանություններով և թմրամիջոցներով կործանել մեր երկիրը»:

Գ. Եղիազարյանը գտնում է՝ այս ահաբեկչական միավորումն արտաքին ուժերի հետ կապ չունի, սա մեր ներքին խաղն է, մեր ներքին դժգոհությունն է՝ արտահայտված տարբեր ձևերով: Ըստ նրա՝ սա ուղղակիորեն կապված է 2018 թվականին Հայաստանում սպասվող վարչապետի և նախագահի ընտրությունների հետ.

«Երբ մամուլում հնչում են տեսակետներ, որ միայն Սերժ Սարգսյանը չունի ալտերնատիվ, որ առաջին 50 տարվա առաջնորդն ինքը պետք է լինի, որ իր նմանը չունենք, և այլն, մարդիկ էլ ելք չեն տեսնում»:

 

Տեսանյութեր

Լրահոս