
Պաղեստինում կոչ են արել բոյկոտել ամերիկյան և իսրայելական ապրանքները

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավագ խորհրդականը կոչ է արել մուսուլմանական երկրներին՝ բոյկոտել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ապրանքները Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
«Քանի դեռ Իսրայելը չի ընդունի եւ չի գործի միջազգային իրավունքներին համապատասխան, մենք կոչ ենք անում (մուսուլմաններին)՝ բոյկոտել իսրայելական ապրանքները»,-գործակալությունը մեջբերում է Մահմուդ Սիդքի ալ Հաբաշի խոսքը:
«Այժմ ԱՄՆ-ի քայլից հետո դա նաեւ վերաբերում է ամերիկյան ապրանքների բոյկոտմանը: ԱՄՆ-ը եւ Իսրայելը մի կողմում են: Դա հակասում է մուսուլմանական հանրակցության շահերին»,-հավելել է խորհրդականը:
Ալ Հաբաշը հայտարարել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) դեկտեմբերի 13-ին կայացած արտահերթ գագաթնաժողովը ցույց է տալիս, որ մուսուլմանական երկրները լրջորեն են տրամադրված Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: