Ինչու է կառավարությունը կրճատել նախատոնական օրերը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օրինագծով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի 1-ից:
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։
Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը:
Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։