Թերահավատությունը շատ մեծ է

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների  հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ

Պարոն Սարգսյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց սկսելու հարցում կարևոր է, որ պայմանավորվածությունները գոհացուցիչ ձևով պահվեն, և հենց անհրաժեշտ բոլոր պայմաններն ի մի բերվեն, բանակցային գործընթացին մեկնարկ կտրվի, իսկ այդ գործընթացը պետք է սկսվի հայտ ներկայացվող երկրում, այլ ոչ թե՝ Բրյուսելում։ Ստացվում է, որ Բրյուսելը միայն արձագանքելու է Երևանում տեղի ունեցող գործընթացներին, բարեփոխումներին։ Ձեզ համար նկատելի՞ է այդ փոփոխությունների մեկնարկը, ի՞նչ իրավիճակ է այսօր։

– Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերահավատությունը շատ մեծ է, ինչը բնական է։ Նրա նպատակները պարզ չեն։ Սերժ Սարգսյանն արդեն գրեթե 10 տարի նախագահի պաշտոնում է, և բոլորը պարզ ու հստակ լսել են, թե ինչի մասին է նա խոսում, բայց ուրիշ որևէ բան երկրում դեռ չի նկատվել, որը կստիպի, որ Հայաստանն անցնի այդ ծրագրի իրականացմանը և կատարի Եվրամիության հետ պայմանավորվածությունները։

Անգամ ԵՄ-ի հետ այդ փաստաթղթի ստորագրումն ինքնին նույնպես հարցեր է առաջացնում, որովհետև կարծես թե կենտրոնում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն ու զարգացումն է և կոռուպցիայի դեմ պայքարը։ Զարմանալի է ընդհանրապես, թե ինչու են գնացել և նման փաստաթուղթ ստորագրել։ Հասկանալի չէ, թե ինչով են զբաղվում մարդիկ, որոնք քրեաօլիգարխիկ համակարգ են ստեղծել և մաս են կազմում, դա իր էությամբ կոռուպցիոն համակարգ է, բայց կառավարությունում ինչ-որ նոր օղակ են ստեղծել, ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, և չեմ կարող հասկանալ, թե ինչ է դա նշանակում։

Հույս են դրել միայն նրա վրա, որ այս ձևական քայլերն անելը բավարա՞ր կլինի, ինչպես տարիներ շարունակ արվում էր Հայաստանում։ Ես չգիտեմ, թե իշխանության, գործող համակարգի հույսը որն է։ Եթե ինչ-որ բան արվի, պետք է կոնկրետ արվի, ամեն ինչ տեսանելի է այս փոքր երկրում։

Ոչ մի խոսք չկա, թե ինչ կոնցեպտ է լինելու, կիրառվելու, ինչպես են պատժվելու կոռուպցիոներները, ընդհանրապես հակակոռուպցիոն գործունեությունն ինչ կոնցեպտ ունի։ Ոչ մի կոնկրետություն չկա։

Բայց միայն հոլովակներ տեսանկարահանել, ուղարկել Արևմուտք, որպես թե՝ համաձայն ենք ձեր տեսակետների հետ, բավարար չէ։ Կամ` Սերժ Սարգսյանը բառացի կրկնում է Միացյալ Նահանգների դեսպանի բազմաթիվ անգամ արած հայտարարությունը, որ կոռուպցիան ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում։ Եվ ի՞նչ, ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ որևէ մեկը դրա դեմ պայքարելո՞ւ է։ Ո՞վ կարող է պայքարել։ Մարդ, ում ամբողջ իշխանությունը հիմնված է կոռուպցիայի վրա՞։ Միշտ խոսում է այդ մասին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ էլ խոսեց, որ այսպես ու այսպես է եղել, և նա չի թաքցնում, որ սա կոռուպցիայի վրա հիմնված պետական համակարգ է։

– Համայնքապետերի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ այլևս չի ներելու, Նոր տարուց հետո չմիջնորդեն։

– Չգիտեմ, կարող է՝ ուզում է հեռանալ։ Եթե ինքը հեռանա, ուրիշ մարդիկ և ուրիշ կադրեր լինեն, կառավարեն պետությունը, դա ուրիշ հարց է։ Բայց ո՞վ է նման բաների հավատում։

– Սարգսյանի վերջին ելույթները Ձեզ հուշում են, որ կարո՞ղ է հեռանալ, թե՞ հակառակը։

– Եթե երկար ժամանակ տանում ես մի քաղաքական գիծ, հետ ես մնում բոլոր միջազգային գործընթացներից, գալիս է մի պահ, երբ արդեն անձնական հարցն էլ դու չես որոշում, դա էլ են ուրիշները լուծում։

Մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք ՀՀ իշխանության պահվածքն ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից հետո, և հանրությունը հստակ հասկացել է, որ այս մարդիկ որևէ սկզբունք չունեն և թելադրվում են ուրիշ պետությունների կողմից, անգամ որոշումներ են ընդունում՝ ուրիշ պետությունների շահերից ելնելով։ Կարծեմ՝ որևէ մեկի համար որևէ կասկած չկա սրանում։ Հիմա եթե Սերժ Սարգսյանը ցանկանա մնալ, ինչպե՞ս պետք է մնա։ Կրկին ուրիշները պետք է որոշեն։

Այդ պատճառով էլ երևի ուզում է տպավորություն ստեղծել, որ ինքը դեռ օգտակար կլինի, լավ կլինի, որ մնա, անընդհատ խոսում է ապագա երկարատև ծրագրերի մասին։ Այնպես են խոսում ապագայի մասին, կարծես նոր են եկել իշխանության և ուզում են այս երկիրը 10-20 տարում բերեն ինչ-որ դրական արդյունքների։ Դրանք միայն խոսակցություններ են, որոնցով ուզում են համոզել, թե՝ մենք կանք ու լինելու ենք, և իրենց հովանավորներին ամեն կերպ համոզում են, որ՝ լավ կլինի, որ մեզ պահեք։ Կարծում եմ՝ այդ ամենը շատ պարզ է, և ուրիշ բան ես դեռ չեմ տեսնում։

– Իշխանության ղեկին մնալու համար նաև Եվրոպայի՞ աջակցությունն է հարկավոր։

– Հայաստանի միջազգային խնդիրների հետ կապված վերջին 1 ամսվա իրադարձությունները՝ Եվրոպայի հետ համաձայնագրի ստորագրումը, Ղարաբաղի խնդրի շուրջ այդ լայն միջազգային կոնսենսուսը, ցույց տվեցին, որ գործընթացներն անջատ չե՞ն և աշխարհում շատ հարցերի շուրջ կա կոնսենսուս։ Եվ բնական է, որ ՀՀ-ում իշխանության հարցում էլ ինչ-որ կոնսենսուս պետք է լինի։

– ԵՄ-ի հետ հարաբերություններում վիզաների ազատականացումը կարծես առաջնային տեղում է։ Կարո՞ղ է դա փոփոխությունների ապացույց դիտարկվել։

– Եվրոպացիները հստակ պայմաններ են դրել և Հայաստանից սպասում են ինչ-ինչ գործողությունների։ Դրանցից մեկը և ամենակոնկրետը վիզաների ազատականացումն է։ Նաև ֆինանսավորման հարցը կա, որ հայտարարեցին՝ 200 մլն եվրո վարկ կտրամադրեն։ Թե ի՞նչ պայմաններ են, կոնկրետ չեն խոսում այդ մասին։ Բայց այս մեխանիզմն է ընդունված՝ Հայաստանը պետք է անի քայլեր, որի դիմաց կստանա վիզաների ազատականացում, ֆինանսներ և այլն։

Ամբողջ աշխարհի հետ եվրոպացիներն այդպես են աշխատում և այստեղ էլ են նույն կերպ աշխատում։ Մերոնք էլ երևի կուզեն, որ ցույց տան, թե անում են, գումարը ստանան, բայց ամեն ինչ թողնեն նույնը, ինչպես մինչև հիմա եղել է ընտրությունների և շատ ուրիշ հարցերում, երբ փորձում էին բարեփոխում ցույց տալ, բայց իրականում ոչ մի բան մենք չէինք տեսնում։

– Հաջորդ տարի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի սպասվող այցը Հայաստան ի՞նչ նշանակություն կունենա և ինչպե՞ս կազդի ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա։

– Գործողությունների նույն կոմպլեքսն է։ Ի վերջո, եվրոպացիներն իրենք էլ միամիտ չեն և ասում են՝ լավ, ստորագրել ենք, բայց դա իրականություն կդառնա՞, թե՞ ոչ։ Նման այցը ոչ թե աջակցության, այլ նույն կոնտեքստի մեջ է։ Եվրոպացիները շատ հստակ հայտարարել են, վերջին անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասել, որ Արևելյան գործընկերության ծրագիրն առաջին հերթին Եվրոպայի անվտանգության խնդիր է։

Մարդիկ ավելի պարզ ի՞նչ պետք է ասեն։ Իրենց դա է հետաքրքրում՝ ազդեցություն ունենան այս տարածաշրջանում, որպեսզի եվրոպական աշխարհի անվտանգությունն ապահովեն։

Թե Հայաստանն ինչպե՞ս կօգտվի դրանից, ի՞նչ առաջընթաց կգրանցվի, եվրոպացիների համար երկրորդական հարց է։ Ուզում ես՝ արա, չես ուզում՝ մի արա։ Նույն վերաբերմունքը Վրաստանի, Ուկրաինայի դեպքում է։ Եթե երկիրն ինքը քայլեր չի անում, նրանք անտարբեր են։

Տեսանյութեր

Լրահոս