
Կանադայում մարդատար ինքնաթիռ է կործանվել

West Wind Aviation ընկերության ինքնաթիռը, որում գտնվում էին 22 ուղեւորներ եւ անձնակազմի երեք անդամներ, դեկտեմբերի 13-ին կործանվել է Կանադայի Սասկաչեւան նահանգի հյուսիսի օդանավակայաններից մեկից ոչ հեռու:
Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆոն դյու Լակ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռի մեկնումից քիչ հետո, երկշարժիչ ATR-42-ն ընկել է թռիչքավայրէջքային գոտուց մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ոստիկանության տվյալներով՝ դրա հետեւանքով ոչ ոք չի զոհվել, մի քանի մարդ վերքեր են ստացել:
Դատելով արտակարգ պատահարի վայրից ստացված առաջին լուսանկարներից, ինքնաթիռն ընկել է ծառերի վրա, վնասվել են նրա թեւերն ու կողային մասերը: Տեղի ունեցածի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Կանադայի տրանսպորտային անվտանգության վարչությունն ստուգում է սկսել միջադեպի փաստով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: