Ինչու է ՀՅԴ-ն ՀՀԿ-ից ավելի ջերմեռանդ պաշտպանում Կարեն Կարապետյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս ՀՅԴ-ի վերաբերմունքը առ վարչապետ Կարեն Կարապետյան կտրուկ փոխվել է, ինչպես ասում են, դբա լավը: Այն հատկապես ցայտուն էր 2018-ի բյուջեն խորհրդարանում քննարկելիս:
Պապից ավելի կաթոլիկի նման ՀՅԴ խմբակցությունը ՀՀԿ–ից ավելի ջերմեռանդ էր պաշտպանում վարչապետին ու նրա ներկայացրած ծրագիրը: Մեկը մեկին հերթ չտալով` գովաբանում էին Կ. Կարապետյանին: Իսկ ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ նույնիսկ նախարարների մակարդակով «դժվարանում էին» բարեւել վարչապետին:
«Փաստի» աղբյուրի վկայությամբ, պատճառն այն է, որ դաշնակցությունը գրեթե համոզվել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն չունի 2018 թվականի ապրիլից հետո կոնկրետ վարչապետի աթոռին նստելու: Բայց չէ, ՀՅԴ-ն չի քծնում, երբեք չի քծնում:
Խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավում մտածում են. եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պառլամենտում ՀՅԴ-ից ավելի հզոր կուսակցությունը ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, ու ՀՅԴ-ն կհայտնվի լուսանցքում: Իսկ Կարեն Կարապետյանի դեպքում հույս ունեն իրենք կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ:
Բայց այս ամենը նրանք անում են խիստ զգուշությամբ ու մտավախությամբ:
Որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը, Կարապետյանի վարչապետության օրոք, նույն պառլամենտական հզոր ուժը չի գնա համաձայնության նաեւ վարչապետի հետ:
Չնայած չի բացառվում նաեւ, որ այդ ուժը երկու դեպքում էլ չհամագործակցի իշխանությունների հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: