
Երկու միանման չինացիներ ամուսնացել են երկու միանման չինուհիների հետ

Չինաստանում տեղի է ունեցել երկու զույգ նույնական երկվորյակների հարսանիքը: Այդ մասին հայտնել է The Mirror-ը: Չժեն Դաշուանը եւ Չժեն Սյաոշուանը, որոնք 26 տարեկան են, ամուսնացել են 23-ամյա Լյան Ցզինի եւ Լյան Ցինի հետ:
Երկու զույգն էլ միանման էին հագնվել. փեսացուները ներկայացել են մուգ գույնի հագուստներով, կեպկաներով եւ թիթեռնաձեւ կապած կարմիր փողկապներով, իսկ հարսնացուները՝ ճերմակ զգեստներով եւ միանման սանրվածքներով: Նրանք իրենց շրթունքները ներկել էին իրենց ընտրյալների թիթեռնաձեւ փողկապների երանգի կարմիր շրթներկով: Փեսացուների եւ հարսնացուների ընտանիքները ծանոթ են արդեն տասը տարի:
Հարսանիքը դեկտեմբերի 3-ին կայացել է Հեյլունցզյանի նահանգի Դացին քաղաքում: Արարողության տեսանյութն արագորեն տարածվել է չինական սոցցանցերում եւ հասել արեւմտյան ԶԼՄ-ներ: Եթե ամուսիններից մեկն իր կնոջը կասկածի դավաճանության մեջ, ապա գենետիկական թեստը թույլ չի տա որոշել, թե եղբայրներից որն է իսկական հայրը՝ նրանց ԴՆԹ-ների միանմանության պատճառով, նշում է The Mirror-ը: