«Ճապոնիայում բավական հետաքրքրված կլինեն հայկական գինով, մեղրով, նաև մրգաչրերով». Էյջի Տագուչի

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թեև Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1991 թվականից, բայց, ըստ էության, դա եղել է ավելի շուտ՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ առաջին անգամ պատմության մեջ Ճապոնիան փրկարարական խումբ ուղարկեց Հայաստան, որն, ըստ դեսպանի՝ բավականին կարևոր գործ կատարեց այդ ժամանակ.

«Դա էլ հենց հանդիսացավ հիմքը՝ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։ Միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ երկու երկրների փոխհարաբերությունների և գործընկերության համար, և շատ այլ ոլորտներ կան, որոնք կուզենանք հետագայում զարգացնել»։

Դեսպանի խոսքով՝ Ճապոնիայից Հայաստան ներկրվում են մեքենաներ, սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա, և ըստ նրա՝ լավ կլիներ, եթե այդ ամենից բացի, նաև բժշկական սարքավորումներ և նոր տեսակի նյութեր ներկրվեին.

«Դա կհետաքրքրի հայաստանյան շուկային։ Ինչ վերաբերում է Հայաստանից կատարվող արտահանումներին, ապա, կարծում եմ, որ Ճապոնիայում բավական հետաքրքրված կլինեն հայկական գինով, մեղրով, նաև մրգաչրերով։

Կարդացեք նաև

Ամեն տարի Ճապոնիայում կազմակերպվում է սննդամթերքի էքսպո, և 2018թ. երբ կկազմակերպվի հերթական էքսպոն, կլինեն նաև մասնակիցներ Հայաստանից, որոնք կներկայացնեն իրենց արտադրանքը։ Դա էլ հենց կարող է խթան հանդիսանալ հետագա արտահանման համար»։

Խոսելով Հայաստանի ներդրումային միջավայրի և Ճապոնիային հետաքրքրող ոլորտների մասին, դեսպանն ասաց, որ ներդրումների ոլորտում Ճապոնիային հետաքրքիր կլինի նորարար տեխնոլոգիաների ոլորտը, որն, ըստ նրա՝ Հայաստանում շատ զարգացած է, տուրիզմի և գյուղատնտեսական ապրանքների ոլորտը.

«Այս տարին շատ կարևոր է, քանի որ մոտ ապագայում, միգուցե՝ հաջորդ շաբաթ, մեր կառավարությունների միջև կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր, որը խթան կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ծավալի ավելացման համար։

Այս համաձայնագիրը ոչ թե կոնկրետ սահմանում է, թե որ ոլորտներում պետք է ներդրումներ անել, այլ ընդհանուր համաձայնագիր է, որը պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության ժամանակ, որտեղ Ճապոնիան պետք է ներդրումներ կատարի։ Այն ուղեցույց և ընթացակարգ է՝ երկու կողմերի իրավունքների և պարտականությունների համար, այսինքն՝ որ Ճապոնիայի ներդրողները վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է ըստ համաձայնագրի։

Թափանցիկությունն ու արդյունավետությունը, նաև՝ հետագայի հանդեպ հավատը, շատ կարևոր են, երբ ցանկացած երկիր մեր այլ երկրում ներդրում է ցանկանում կատարել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս