Բաժիններ՝

«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի սկզբունքները համապատասխանեցվել են ԵՄ-ում կիրառվող սկզբունքներին»

Ազգային ժողովում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ նոր մաքսային օրենսքիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում:

Նրա խոսքով՝ անհամեմատ կրճատվում են թե՛ ապրանքների մաքսային հայտարարգրման, թե՛ տեղափոխման ժամկետները.

«Էապես կրճատվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները»:

Նա նշեց, որ ներմուծողն այլևս պարտադրված չի լինելու մաքսային մարմիններին ներկայացնել ժամանման վերաբերյալ տեղեկատվություն, մի մաքսային կետից մյուս մաքսային կետ տեղափոխելու համար այլևս անհրաժեշտ չի լինելու հայտարարագիր ներկայացնել:

Վ. Միրումյանի խոսքով՝ կրճատվում է ապրանքների հայտարարագրման ժամկետը՝ երկու ժամից դառնում է մեկ ժամ: Մաքսային մարմիններն այլևս մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների դեպքում ոչ թե միանգամից մերժելու են մաքսային հայտարարագիրը, այլ տեղեկացնելու են տնտեսվարող սուբյեկտներին՝ հնարավորություն տալով նրանց ուղղել մաքսային հայտարարագիրը:

«Ամրագրվում է փաստաթղթավորման մեկ միասնական պատուհան, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, և այդ տեղեկատվությունն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու ժամանակ այլևս անհրաժեշտություն չի լինելու այդ փաստաթուղթը ներկայացնելու:

Բոլոր ապրանքների ներմուծման մասով նախատեսված է մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Սա նույնպես նորություն է, նախատեսված է, որ տնտեսվարողի ցանկության պարագայում մաքսատուրքի վճարումը կարող է հետաձգվել մինչև մեկ ամիս՝ տոկոսների վճարմամբ:

Իսկ տոկոսները հաշվարկվում են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքից ելնելով: Ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մասով ապրանքները կարող են բաց թողնվել նախքան հայտարարագրի ներկայացումը:

Ներկայումս դա վերաբերվում է միայն շուտ փչացող ապրանքներին, հիմա դա վերաբերվելու է նաև ներդրումային ծրագրերով ներմուծվող կամ ցուցահանդեսի նպատակներով ներմուծվող ապրանքներին»,- նշեց Վ. Միրումյանը:

Նրա խոսքով՝ ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում 6-ամսյա ժամկետը հետաձգվել է մինչև 1 տարի, և քաղաքացիները հնարավորություն ունեն ժամանակավոր ներմուծման ընթացակարգով՝ ներմուծել ոչ թե 6 ամիս տևողությամբ, այլ 1 տարի:

Վ. Միրումյանը նաև ընդգծեց, որ ԵԱՏՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել անմաքս առևտրի խանութներից:

«Սկսած 2020 թվականից բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով են ներկայացվելու, իսկ մինչև 2020 թվականը հնարավորություն կա նաև թղթային եղանակով: Մաքսային ընթացակարգում արռկա ամբողջ փաստաթղթաշարժը պետք է տեղի ունենա էլեկտրոնային եղանակով»,- նշեց նախագծի հիմնական զեկուցողը:

Նա նկատեց, որ լիազորված տնտեսական օպերատորները բարեխիղճ ներմուծողները և արտահանողներն են.

«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի սկզբունքները համապատասխանեցվել են ԵՄ-ում կիրառվող սկզբունքներին: Գաղափարն այն է, որ հնարավորություն է ընձեռնված փոխադարձության սկզբունքով ճանաչել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը:

Այսինքն՝ եթե թե՛ ԵԱՏՄ օրենսդրությունում, թե՛ ԵՄ օրենսդրությունում այս ինստիտուտի ճանաչման չափանիշները նույնն են, դա հնարավորություն է տալիս, որպեսզի առաջիկայում անդամակցող յուրաքանչյուր երկիր ԵՄ որևէ երկրի հետ ունենա համապատասխան համաձայնագիր, և փոխադարձության սկզբունքով ճանաչեն լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը:

Նոր օրենսգրքով՝ լիազորված տնտեսական օպերտորին տրված են աննախադեպ լիազորություններ, որոշ դեպքերում անագամ մաքսային վերահսկողության գործառույթը վերապահված է լիազորված տնտեսական օպերատորին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս