«Նախագահականից իջեցված մեկ հրահանգը բավարար է». Էդգար Վարդանյան

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը ներկայացրել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցը։ Այն պարունակում է հանձնարարականներ՝ անցկացնել զանգվածային բարեփոխումներ ընտրությունների բնագավառում՝ առկա թերացումները ու օրենսդրական երկիմաստ դրույթները վերացնելու համար, այդ թվում՝ քարոզչության, քարոզարշավի ֆինանսավորման կանոնների, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետների մասին։ Երևանում ԺՀՄԻԳ հանդիպումների ժամանակ կոչ է արվել քաղաքական իսթեբլիշմենթին՝ քաղաքական կամք դրսևորել ընտրողների վրա բոլոր տեսակի ճնշումների դեմ ու հրապարակավ խոչընդոտել ընտրակաշառքին։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում նախագահականից իջեցված մեկ հրահանգը բավարար է, որպեսզի ընտրակաշառք երևույթն առնվազն կորցնի իր համակարգային բնույթը:

«Եթե լինի նախագահականից համապատասխան հրահանգը, ամբողջ այն համակարգը, որը հիմնված է կաշառքի բաժանման միջոցով ձայներ ստանալու վրա, ուղղակիորեն կվերակառուցվի և կփորձի այլ կերպով ստանալ այդ ձայները: Ընտրակաշառքն ինչ-որ մասնակի երևույթ չէ, պայմանավորված չէ առանձին անհատների կամ խմբերի ինքնագործունեությամբ:

Ընտրակաշառքը համակարգային բնույթ է կրում, և մենք տեսնում ենք, որ, եթե լինում է ընտրակաշառքի բաժանում ոչ ՀՀԿ-ի կողմից, միանգամից դրա դեմն առնվում է: Դա խոսում է այն մասին, որ իշխանությունները տիրապետում են ամբողջ ինֆորմացիային և շատ արագ կարող են ցանկության դեպքում կանխել ընտրակաշառքի գրեթե յուրաքանչյուր դեպք, առավել ևս՝ մասսայական բնույթ կրող ընտրակաշառքի բաժանման դեպքերը»,- ասաց Է.Վարդանյանը:

Ըստ նրա` եթե իշխանությունները՝ որպես զիջում, քայլ կատարեն դեպի դաշտի ավելի ազատականացում, պայմանավորված նաև նրանով, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն է ստորագրվել, և նրանք ստիպված որոշակի քայլեր պետք է անեն, այս դեպքում որոշ արդյունքներ կունենանք, այսինքն` ընտրակաշառքը, որպես հիմնական տեխնոլոգիա, կարող է որոշակիորեն վերանայվել:

Քաղաքագետը նշեց, որ, եթե չլինի հանրային կազմակերպված ճնշում, այս առումով խորքային փոփոխություններ չեն լինի, ընտրակաշառքը կլինի քողարկված, այլ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ կկիրառվեն ցանկալի արդյունքն ապահովելու համար.

«Այստեղ, իհարկե, մեծապես կարևորվում է հանրության, քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր քաղաքական ուժերի դերը: Ի վերջո, նրանք կարող են ստիպել իշխանություններին՝ այդ արատավոր վարքից զերծ մնալ»:

Թե որքանո՞վ է ընտրակաշառքը որոշում ընտրությունների ելքը, Է.Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ ընտրակաշառքով ֆորմալ առումով է ձայն գնվում, բայց դա իշխանությունների կողմից տարբեր տեսակի ճնշումների բանեցման արդյունքում մարդկանց հնազանդությունը ֆիքսելու երևույթ է.

«Այսինքն` մարդկանց դնում են այնպիսի իրավիճակի մեջ, որ նրանք ընտրեն ընտրակաշառքը, և դա նշանակում է, որ նրանք հնազանդ են և ենթարկվում են իշխող քաղաքական ուժի կողմից թելադրված խաղի կանոններին, և դա որպես փոխհատուցում կամ որպես խրախուսանք է տրվում: Դա ծաղր է իշխող ուժի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս