Բաժիններ՝

Ողջ աշխարհում մատչելի գներով ցանկացած իր կարելի է ձեռք բերել միայն աճուրդից. Հայաստանում կանցկացվի գեղանկարների առաջին կենդանի աճուրդը

Համաշխարհային պրակտիկայում աճուրդների կազմակերպումն ու անցկացումը խիստ ակտիվ և արդիական շուկայական երևույթ է: Աշխարհի ամենատարբեր երկրներում օրական մի քանի տասնյակ աճուրդներ են կազմակերպվում: Դրանք կարող են ներկայացնել ինչպես՝ անշարժ գույքի, այնպես էլ՝ անտիկվար իրերի և արվեստի ամենատարբեր ոլորտներ:

Առավել մեծ հետաքրքրությամբ աշխարհը հետևում է այս կամ այն երկրում անցկացվող հատկապես հայտնի նկարիչների ստեղծած արվեստի գործերի աճուրդներին, որտեղ կարելի է ականատես լինել, թերևս, ամենաանսպասելի զարգացումների: Այսպես, օրինակ, բոլորովին վերջերս Նյու Յորքում 100 միլիոն դոլար նախնական արժեքով մասնավոր սեփականատիրոջ կողմից աճուրդի էր հանվել Լեոնարդո դա Վինչիի վերջին՝ «Աշխարհի փրկիչը» յուղաներկ կտավը, որ ենթադրաբար ստեղծվել է 16-րդ դարում:

«168 Ժամի» հետ զրույցում կոլեկցիոներների ընտանիքի անդամ, Հայաստանում դեկտեմբերի 2-ին անցկացվելիք աճուրդի տնօրեն Աննա Գրիգորյանը պատմում է՝ մեծ հաճույք է կենդանի աուկցիոնին մասնակցելը: Ինքը՝ Աննա Գրիգորյանը, կենդանի աճուրդի մասնակցելու առիթ ունեցել է՝ ներկա լինելով անտիկ շրջանի սպասք ներկայացնող այսօրինակ միջոցառման.

– Կարող եմ ասել միայն՝ բացի նրանից, որ դու համեմատաբար մատչելի գներով ձեռք ես բերում չափազանց թանկ արժեք ունեցող իր, կենդանի աճուրդի բուն պրոցեսը նաև անմոռանալի պահեր է պարգևում քեզ: Եվ մի բան էլ՝ պետք է իմանալ, որ աճուրդին հայտնված ամեն նկար չէ, որ հետագայում կարելի է ձեռք բերել դրանից դուրս որևէ այլ տեղ: Կան սեփականատերեր, որոնք սկզբունքորեն միայն և միայն աճուրդների միջոցով են վաճառքի հանում իրենց մոտ եղած արվեստի այս կամ այն գործը:

Կարդացեք նաև

Դա պայմանավորված է արվեստի աշխատանքը որպես ոչ նյութական, այլ հոգևոր ձեռքբերում համարելու հանգամանքով և նրանց ցանկությամբ՝ բարձր պահելու իրենց անձնական իրի վաճառքի սանդղակը: Նրանցից շատերը երբեք և ոչ մի պայմանով չեն վաճառի իրենց ձեռքբերումը որևէ այլ տեղ, քան աճուրդն է:

– Սա Հայաստանում անցկացվող արվեստի գործերի առաջին աճուրդն է, բայց կարծեմ՝ դրան նախորդել են նմանօրինակ օն-լայն աճուրդներ, այո՞:

– Այո, այդպես է: 2013 թվականին կազմակերպեցինք առաջին օն-լայն աճուրդը, որին հիմնականում ներկայացված էին հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ: Դեկտեմբերի 2-ին անցկացվելիք աճուրդն առաջինն է, որտեղ այդպիսի ընտրանի ենք ներկայացրել: Մինչ այդ երբեք այսպիսի անուններ՝ Սարյան, Մինաս, Բաշինջաղյան, Նալբանդյան, աճուրդի չենք դրել:

– Ի՞նչ ներդրումներ են պահանջվել Հայաստանում առաջին կենդանի աճուրդի կազմակերպման համար:

– Աճուրդի կազմակերպումը բավականին ներդրում է պահանջում, սկսած նրանից, որ դու պետք է խոսես այդ աճուրդի մասին, ճանաչելի դարձնես այն, և այլն: Աշխարհում հարյուրավոր, հազարավոր աճուրդներ կան, որոնք ամենօրյա ռեժիմով ակտիվ գործում են: Մեզ ոչ մեկը չի ճանաչում: Դրսի գնորդը նախքան աճուրդին մասնակցելն իրեն հարց է տալիս՝ որտե՞ղ է գտնվում Հայաստանը քարտեզի վրա, արժե՞ արդյոք այս աճուրդին մասնակցելու հայտ ուղարկել, և արդյո՞ք հնարավոր է երաշխավորված լինել, որ ներդրված հսկայական գումարը չի կորչի ինչ-որ անհայտ մի տեղ:

Քայլ առ քայլ մենք գնում ենք դեպի արվեստի աշխատանքներ վաճառող աճուրդի հաջող ու հայտնի դառնալու ճանապարհով և հասկանում ենք, որ հաջողությունը միանգամից չի գալու: Մենք նույնիսկ ասուլիս կազմակերպեցինք՝ հանրությանն իրազեկելու համար: Ինչպես գիտեք, աշխարհում ընդունված օրինաչափություն չէ, որ աուկցիոնի կազմակերպումը հրապարակվի լրատվամիջոցների միջոցով կամ, այսպես ասած, գովազդվի այն:

Կան կոնկրետ նախատեսված հարթակներ, որտեղից գնորդն ինֆորմացվում է՝ ի՞նչ աճուրդ է նախատեսվում առաջիկայում: Ի ուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ այդ ասուլիսից հետո՝ դրսից ստացվող հայտերի տեսքով, մենք լավ արդյունք գրանցեցինք:

– Իսկ Հայաստանի՞ց:

– Հայաստանից դեռևս գրանցվածներ չունենք: Ինչ-որ զանգեր կան, բայց կգրանցվե՞ն այդ մարդիկ, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Կարծում եմ՝ պարզապես դեռ չեն համարձակվում Հայաստանում այդ քայլին դիմել:

– Ո՞ր չափանիշերն են համարվում առաջնային՝ Հայաստանում արվեստի աշխատանքների կենդանի աճուրդ կազմակերպելու պրոցեսում:

– Ընտրության առաջին պայմանը համապատասխան էքսպերտիզա անցած, վստահելի, օրիգինալ աշխատանքներ ունենալու պահանջն էր: Ըստ դրա՝ կառուցվեց նաև հեղինակների և աշխատանքների ընտրությունը՝ ընտրել այն կոլեկցիոներների գործերը, որոնց ինքնությունը մենք կարող ենք երաշխավորել:

Առաջին հերթին մեր աշխատանքը էքսպերտների՝ Վարդան Վարդանյանի և Համլետ Մաթևոսյանի հետ էր, ովքեր Մշակույթի նախարարության փորձագիտական բաժնի հայտնի փորձագետներն են: Փորձագետ Մարինա Ստեփանյանը նույնպես շատ հարգված մասնագետ է և կրկին համագործակցել է մեզ հետ: Երկրորդ քայլով մենք դիմեցինք նկարների սեփականատերերին: Հենց այստեղից է առաջացել կոլեկցիոներների ակումբի ստեղծման գաղափարը:

Փաստորեն, ստացվում է, որ աճուրդի կազմակերպման գաղափարը հիմք հանդիսացավ նաև կոլեկցիոներների ակումբի ստեղծման գաղափարին:

Մենք հասկացանք, որ Հայաստանում արվեստի գործերի աճուրդներ կազմակերպելու գաղափարը զարգացած չէ առաջին հերթին՝ այն պատճառով, որ կոլեկցիոներներն էլ միավորված չեն՝ շատերը միմյանց չեն ճանաչում, շփում չկա, և այլն: Համաշխարհային պրակտիկայում կոլեկցիոներների մեծ մասն իրար շատ լավ են ճանաչում, և ոչ միայն՝ մի երկրի ներսում: Նրանք անընդհատ կապի մեջ են իրար հետ՝ խորհրդակցելով, խորհուրդների փոխանակմամբ, և այլն:

Կան մարդիկ, ովքեր կոնկրետ արվեստ, կոնկրետ ուղղություն, շրջան կամ հեղինակ են հավաքում: Այդ մարդիկ փնտրում են ոչ միայն այդ աշխատանքները, այլև դրանք իրենց անձնական կոլեկցիաներում ունեցող սեփականատերերին:

– Հայաստանում արվեստի գործեր հավաքող կոլեկցիոներներ շա՞տ կան:

– Այո, շատ կան, ովքեր մշտապես այցելում են ամենատարբեր ցուցահանդեսների: Նրանցից մի քանիսի մոտ եղած գործերը մենք աճուրդի ենք դրել, այսինքն՝ առաջիկա աճուրդի լոտերն են: Տվյալ պարագայում նրանք ոչ թե գնորդ, այլ վաճառող են:

– Պարզապես նրանց անունները, որպես կանոն, հայտնի չեն, չէ՞:

– Աշխարհում ոչ մի տեղ էլ նրանք չկան, չեն երևում: Արվեստասեր մարդիկ չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել, որովհետև արվեստն ինքնին այնպիսի մի բան է, որ սիրում է լինել գաղտնի, թաքնված: Նույնիսկ աշխարհի ամենահայտնի թանգարաններում ամենալավ աշխատանքները կիսամութ լույսերով լուսավորված, ոչ ամենատեսանելի վայրում են:

Արվեստն ինքն իրենով շատ ինտիմ մի բան է՝ սկսած դրա արարելու պրոցեսից, մինչև հետագա ընթացքը: Լուվրում, օրինակ, ես շատ ծանր սթրես ապրեցի, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում մոտենալ Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավին: Այնպիսի մեծ հերթ էր գոյացել նկարի առջև, որ տեղաշարժվելն անգամ անհնար էր: Իսկ կտավն ինքն իրենով փոքրիկ մի աշխատանք է՝ պատի մեջ՝ խորքում մի տեղ: Հիշում եմ՝ որքան խառը ապրումներ ունեցա ես, այդ չվերջացող աղմուկի մեջ չէի կարողանում ընկալել արվեստի այդ գլուխգործոցը:

Ստիպված սպասեցի այնքան ժամանակ, մինչև կարողացա մի փոքր մոտենամ, գիտակցորեն անջատվեմ արտաքին աշխարհից, որպեսզի կարողանամ ընկալել արվեստի այդ բացառիկ աշխատանքը: Օրինակ, ես չեմ սիրում մասնակցել ցուցահանդեսի բացման արարողության: Դրանք ես դիտարկում եմ՝ պարզապես որպես իրադարձություն, իսկ մեկ այլ օր այցելում եմ հատուկ նկարները նայելու համար:

– Տարածված կարծիք կա, որ աճուրդներում վաճառվող իրերը, որպես կանոն, անպայման չափազանց թանկ գին ունեն: Իրականում կարծես այնքան էլ այդպես չէ, թե՞ սխալ եմ ընկալել:

– Առհասարակ դա շատ տարածված միֆ է, թե աուկցիոնից շատ թանկ գնով են նկարներ գնում կամ վաճառում: Հակառակը: Ամբողջ աշխարհում բոլորը գիտեն՝ մատչելի գներով ցանկացած իր կարելի է ձեռք բերել միայն աճուրդից: Աշխարհում ընդունված կարգ է՝ արվեստի գործերը գնել հենց աուկցիոնից, որովհետև նախևառաջ՝ դա նկատելիորեն մատչելի է, հետո դու վստահ ես, որ ձեռք ես բերում ստուգված և ապահով արվեստի գործ:

Մենք ստրատեգիկ քայլի գնացինք և մի քանի հեղինակների աշխատանքների համար թանկ գներ սահմանեցինք՝ օրինակ, մեկնարկային բարձր գներ սահմանվեցին Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի և Լևոն Թութունջյանի հազվագյուտ աշխատանքների համար: Այստեղ խնդիրը ոչ թե թանկ գնի, այլ հեղինակի ու հատկապես՝ նրանց աշխատանքի հանրահռչակման, արժեքավորման խնդիրն է: Այս հեղինակների պարագայում մենք գործ ունենք բացառիկ և հանճարեղ նկարչության հետ:

– Որտեղի՞ց և ինչպե՞ս ձեզ հաջողվեց ձեռք բերել աճուրդի այդքան արժեքավոր և բացառիկ լոտերը:

– Սարյանն ու Այվազովսկին ձեռք ենք բերել մասնավոր սեփականատերերից, Մինասի և Ժանսեմի աշխատանքները տրամադրել են հեղինակների ընտանիքները, Երվանդ Քոչարի աշխատանքը՝ կրկին մասնավոր սեփականատիրոջից, միայն այն տարբերությամբ, որ այս պարագայում ինքն է մեզ գտել և աճուրդի համար տրամադրել հեղինակի շատ հազվագյուտ աշխատանքները:

Իսկ ժամանակակից նկարիչներից շատերը, ովքեր մասնակցում են աճուրդին, արդեն երկար տարիներ համագործակցում են մեզ հետ: Մենք գիտենք իրենց որակն ու մակարդակը: Հետևաբար, մեր ընտրությունը, առաջին հերթին, որակի, ինքնության նպատակներ է ունեցել:

– Անցյալ օրը մամուլի էջերում մի հոդված հանդիպեցի, որտեղ Մշակույթի փոխնախարարներից մեկն ասում էր, թե վերջին 10 տարում գերատեսչությունը մասնակցել է արտերկրում կազմակերպվող շուրջ 30 միջազգային աճուրդների և գնել մշակութային արժեք ներկայացնող 100 ցուցանմուշ: Հետաքրքիր է՝ Մշակույթի նախարարությունից աճուրդին մասնակցելու հայտ ստացե՞լ եք:

– Դեռ ոչ: Մշակույթի նախարարությունից մենք դեռ հայտ չենք ստացել, երևի մեր ներկայացրած լոտերն իրենց դեռևս հետաքրքիր չեն թվացել:

– Ե՞րբ է աճուրդի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը։

– Մինչև դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 17:00-ը հայտեր դեռ կընդունվեն: Որպես կանոն՝ մեծ թվով գրանցումներ լինում են հենց վերջին օրը:

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանում կազմակերպվող առաջին կենդանի աճուրդից:

– Լավ ակնկալիքներ ունենք: Իլյուզիաներ, իհարկե, չունենք, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանում այդ շուկան դեռևս ձևավորված չէ, բայց քանի որ մտել ենք գետը, պետք է պատասխանատվությամբ անցնենք այն: Գիտենք, որ մի օրում չենք կարող ունենալ Փարիզի կամ Լոնդոնի նկարչական աճուրդներին համարժեք մի բան, բայց զարգացման հույսեր ունենք, որովհետև հեռանկարներ տեսնում ենք: Ի վերջո, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղից և ինչ-որ մեկը պետք է, չէ՞, սկսեր:

– Ըստ արդեն գրանցված հայտերի, ո՞ր հեղինակներին են առավել նախընտրություն տվել աճուրդի ապագա գնորդները:

– Արդեն գրանցված հայտեր կան Լևոն Թութունջյանի աշխատանքների, Քիքիի, Ժանսեմի նկատմամբ, մեծ է հետաքրքրությունը նաև Մինաս Ավետիսյանի կտավների առնչությամբ:

– Որպես ժամանակակից արվեստի սպառման համաշխարհային տեմպերի անմիջական ականատես և նաև մասնակից՝ ի՞նչ ուղիներով է նախընտրում առաջ ընթանալ և գոյատևել մեր օրերի արվեստը:

– Աշխարհի փորձը վկայում է, որ արվեստի զարգացումն անդադար և միայն պետական հոգածությամբ չէ պայմանավորվում: Չեմ կարծում, որ, օրինակ, Լուվրի ֆինանսավորումն ամբողջովին պետությունն է հոգում. գոյություն ունեն մեկենասներ, հովանավորներ, առանց դրա չի լինի: Նույնը պետք է իրականացնել այստեղ՝ Հայաստանում:

Մեր թանգարաններն իրենց պատշաճ գոյության համար պետք է օգտվեն համաշխարհային ֆոնդերի տրամադրած հնարավորություններից, պետք է փորձեն հետաքրքրել հովանավորներին, որպեսզի նրանք որոշակի ներդրումներ կատարեն այս կամ այն թանգարանում, չէ՞ որ Հայաստանում էլ կան արվեստ սիրող և գնահատող մեծահարուստ մարդիկ, ուղղակի նրանք, որպես կանոն, այդ առումով նախընտրում են գաղտնի մնալ: Հայաստանում շատ քիչ թանգարաններ կան, որ այս ուղղությամբ աշխատանքներ են կատարում, դրանք մատների վրա կարելի է հաշվել:

Ես գիտեմ, որ կա «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն, ու խնդրեմ՝ օրինակ մի ներկայանալի թանգարանի, որտեղ ուղղակի բարձրակարգ ցուցահանդեսներ են կազմակերպվում ու միջոցառումներ անցկացվում:

Այսինքն՝ կա ապացույց, որ, եթե դրսից ներդրում է կատարվում, ապա կարող ենք ունենալ համաշխարհային մակարդակի ներկայանալի արվեստի կենտրոն: Միայն Կասկադին մոտենալով անգամ՝ սկսում ես վայելել այդ հաճույքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս