«Մենք եղբայրներ ենք ու աշխատել ենք երկար տարիներ. ուզում եմ՝ ժողովուրդը ճիշտ հասկանա». Արմեն Շահվերդյանը՝ «The Beautified Project»-ի լուծարման և իր նոր նախագծի մասին
Հարցազրույց «The Beautified Project»-ի նախկին անդամ, «New Gray» խմբի հիմնադիր, երաժիշտ Արմեն Շահվերդյանի հետ
– Արմեն, նախ «The Beautified Project»-ի մասին խոսենք. ինչո՞ւ որոշեցիք դադարեցնել ձեր համագործակցությունը։
– Այդ հարցն ինձ շատ են տվել։ Դա կապված էր և՛ մեր աշխատանքային գրաֆիկի հետ, որովհետև բոլորս հիմա շատ զբաղված ենք, և՛ խումբը բավականին պասիվացել էր՝ համերգների և գործունեության առումով։ Ես զգացի, որ ստեղծագործելու առումով ինձ մոտ դադար է տեղի ունենում, և 2 տարի առաջ սկսեցի իմ առանձին նախագիծը։
Թողարկեցի 2 տեսահոլովակ, ու տպավորությունն այնպիսին էր, որ ես դարձել եմ երգերն օնլայն առաջխաղացնող, իսկ նպատակս էր՝ այդ ամենը ներկայացնել ժողովրդին նաև կենդանի երաժշտության միջոցով։ Հետո մեր Անդրեն տեղեկացրեց, որ տեղափոխվելու է Անգլիա՝ իր գործունեությունը շարունակելու նպատակով, և նպատակահարմար գտանք, որ ճիշտ ժամանակն է՝ դադարեցնել խմբի գործունեությունը, և ամեն մարդ զբաղվի իր գործով։ Դրա համար որոշեցի իմ խումբն ունենալ։
– Այսինքն՝ «The Beautified Project»-ն արդեն պատմությո՞ւն է։
– Այո, դեռ չկա այնպիսի հորիզոն, որտեղ անձամբ ես տեսնում եմ աշխատանք «The Beautified Project»-ում, որովհետև որպես երաժիշտ՝ ինձ համար աճիս տեղը մի փոքր կանգնել էր։ Գուցե դա նաև իմ անձնական խնդիրն է, այսինքն՝ կարիք ունեի, որ իմ գործերն ավելի շատ լինեին, ուրիշ երաժիշտների հետ աշխատեմ, հասկանամ՝ ես որտեղ եմ։ Բայց ինչ-որ ժամանակ չի լինելու աշխատանք «The Beautified Project»-ի հետ։
– Ձեր նոր՝ New Gray նախագծից եմ ուզում խոսենք. ի՞նչ է սպասվում հանդիսատեսին, ի՞նչ ասելիք ունի New Gray-ը։
– Եղել են շրջաններ, երբ հավաքել եմ 5 երաժիշտ, նվագել ենք մի երկու օր, հետո նորից ցրվել ենք, այսինքն՝ դա առաջին հերթին՝ իմ երգերի մշակման համար էր։ Հետո եղբայրս ինձ անընդհատ ասում էր, որ ինքն էլ գործեր ունի, որոնք կարող են համահունչ լինել նախագծին։ Խմբի կիթառահար Էրիկ Սեյրանյանը, որը նաև «Lelocity» խմբից է, ամռանն ինձ առաջարկեց իմ երգերի վրա աշխատել։ Հավաքվեցինք սկզբում ես ու ինքը, հետո եղբայրս միացավ, և տեսա, որ խումբ է հավաքվել։ Այսինքն՝ այն, ինչ ես առանձին նախագիծ էի պատկերացնում, դարձավ խումբ։ Նաև Աշոտն ու Դավիթը սկսեցին հետաքրքիր լուծումներ ցուցադրել իմ գործերի վրա, և ես մտածեցի՝ ոչ թե դա լինի Արմեն Շահվերդյան, այլ լինի նոր անունով նոր նախագիծ՝ «New Gray»: Խմբի վոկալիստը լինելու եմ ես։
– Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշեցիք նորից խումբ կազմել, չէ՞ որ, այսպես ասած՝ Արմեն Շահվերդյան բրենդն արդեն քիչ թե շատ հայտնի էր, հնարավոր չէ՞ր միայն համագործակցել այդ երաժիշտների հետ, այլ ոչ թե՝ նոր խմբով հանդես գալ, ինչը նոր խոսակցությունների տեղիք տվեց։
– Ես կարող էի Արմեն Շահվերդյան թողնել, բայց խումբը կազմելուց և փորձերից հետո տեսա, որ հետաքրքիր գույն է ստեղծվել, և որոշեցինք խմբով հանդես գալ։ Գործեր կան, որ եղբայրս է կատարում, այսինքն՝ իր գործերն էլ են ընդգրկված։ Սա, կարելի է ասել՝ երկուսիս նախագիծն է։ Եթե Արմեն Շահվերդյան լիներ, ավելի շատ եսասիրական կլիներ, և մտածեցի՝ այս գույնը, որ Արմեն Շահվերդյանից ստեղծվել է խմբով, նոր գույն համարեմ, դրա համար «New Gray» անվանեցինք։
– Արդեն ձայնագրված երգեր ունե՞ք, որովհետև կարծեմ՝ նոյեմբերի 11-ից խումբը ֆեյսբուքյան էջ ունի։
– Այո, ես էջը շուտ եմ բացել, բայց չեմ հանրայնացրել։ Մինչև խմբի հավաքվելը ես ունեի ձայնագրած 7 գործ, որից «Քոնը» և «Sudden»-ն եմ թողարկել՝ որպես հեղինակային գործեր, իսկ մյուս գործերն ուղղակի ձայնագրված են, բայց դեռ վերջնական պատրաստ չեն։ Մենք խմբով ընթացքում ստեղծել ենք ևս 5 գործ, որոնք դեռ կիսատ են ձայնագրված։ Տեսահոլովակի մտքեր կան, դեկտեմբերի վերջին նկարահանվելու է մի տեսահոլովակ, հունվարին՝ ևս մեկը, բայց ես չեմ լինելու, այլ համագործակցություն է, չակերտները չեմ ուզում շատ բացել։ Նաև՝ այլ նախագծի հետ համատեղ համագործակցություն կա, երգը ես եմ գրել, տեսահոլովակն իրենք են առաջարկելու։ Դա էլ մինչև մարտ ամիսը կներկայացնենք։ Բայց այդ ընթացքում անընդհատ երգեր եմ թողարկելու, որոնք կարող են ունենալ սիրողական տեսահոլովակներ, կամ ուղղակի կներկայացվեն աուդիո տարբերակով։
– Քանի որ այս օրերին շատ է քննարկվում, չեմ կարող չհարցնել՝ ի վերջո, Անդրեի հետ դուք որևէ հակասություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ։
– Սուտ կլինի, եթե ասեմ՝ ոչ, որովհետև ես իմ եղբոր հետ էլ եմ կռվում, եթե հակասություն ասելով՝ «կռիվ» բառն են ուզում շեշտել։ Ես իմ եղբոր հետ էլ եմ վիճում՝ զուտ մասնագիտական մակարդակում։ Այսինքն՝ վեճեր, խոսակցություններ միշտ էլ եղել են, բայց մենք հասուն մարդիկ ենք ու ընկերական հարաբերությունների մեջ ենք։ Մենք եղբայրներ ենք ու աշխատել ենք երկար տարիներ։ Ուզում եմ՝ ժողովուրդը ճիշտ հասկանա՝ սա իմ արվեստի մի գույնն է, որ ես ուզում եմ ներկայացնել հանրությանը՝ անկախ նրանից, թե «The Beautified Project»-ը կլինի՞, թե՞ ոչ, և ինչ գույն է ունեցել։ Սրան թող նայեն՝ որպես զուտ իմ և իմ եղբոր առանձին նախագիծ։
– Երաժիշտների ընտանիքում եք մեծացել, մանկուց զբաղվել եք երաժշտությամբ, բայց որոշել եք սովորել Բժշկական համալսարանում։ Պատճառը ո՞րն էր։
– Հայրս ատամնատեխնիկ էր Իրանում, և ինքն ու մայրս բոլոր առիթներին երգում էին։ Մենք էլ սկսեցինք մանկուց երգել։ Հայրս միշտ ասում էր, որ պետք չէ երաժշտություն սովորել, քանի որ դա բնածին տրված է ինձ, և առաջարկում էր սովորել մի բան, որից կարողանամ գումար աշխատել։ Ես սկսեցի սիրել իր գործը, որովհետև 14 տարեկանից իր մոտ աշխատում էի, և դա էլ իր մեջ արվեստի գիծ ունի։ Տեղափոխվեցինք Հայաստան, ես ու եղբայրս դեռ տանը նվագում էինք, ոչ մի խումբ չկար, ու այդպես գնացի Երևանի պետական բժշկական համալսարան։
9 տարի սովորել եմ, մասնագիտություն եմ ստացել՝ օրթոպեդ-ստոմատոլոգ եմ, աշխատել եմ մոտ 3.5 տարի, և դրանից հետո հասկացա, որ իմ թևերը փակում է այդ մասնագիտությունը։ Այսինքն՝ այնքան քառակուսու մեջ է։ Երևի նաև խումբն էր «մեղավոր», որովհետև ես երկրորդ կուրս էի, երբ «The Beautified Project»-ը սկսեց, և պատճառ եղավ, որ որպես երաժիշտ՝ ինձ ավելի լավ ճանաչեմ, այսինքն՝ նոր գույներ սկսեցին սինթեզվել։
– Այսինքն՝ այլևս չե՞ք վերադառնալու ատամնաբուժության ոլորտ։
– Ես ատամնաբուժությանը նայում եմ՝ որպես բիզնես, և, եթե ֆինանսական միջոցներս բավականացնեն, մտածում եմ իմ կլինիկան ունենալու մասին։ Բայց դա զուտ գումարի հետ է կապված, չգիտեմ՝ կկարողանա՞մ անել, թե՞ ոչ։
– Դուք նաև կիթառի դասընթացներ եք անցկացնում, հիմնադրել եք Armen Shaverdian’s Guitar Clinic-ը. ինչպիսի՞ն է նոր սերունդը, հե՞շտ է նրանց հետ աշխատելը, ի՞նչ ճաշակ ունեն։
– Շատ լավ հարց էր․ ես ինքս իմ մեջ կոնֆլիկտ ունեմ՝ նոր սերնդին մոտիվացիա ապահովելու, որովհետև այս տեխնոլոգիաների դարում ամեն ինչ փոխվել է, թվանշային բաների վրա է շեշտը դրվում, և իրական գործիք նվագելը հետին պլան է մղվում։ Ամեն օր խնդիր ունեմ՝ մոտիվացիան պահելու։ Շատ լավ, խելացի երեխաներ կան, բայց որ ասեմ՝ շատ ուժեղ պարապում են, սուտ կլինի։ Այսինքն՝ եթե ես ձեռքս քաշեմ իրենց վրայից, 80 տոկոսով կկորեն։
Ունեմ 20 տոկոս, որ մինչև վերջ պատրաստ եմ իրենց կողքին լինել։ Ճաշակի առումով գերակշռում են փոփ սիրողները, բայց ուրախ եմ, որ փոփի լավ տեսակներ էլ կան, օրինակ՝ ինքս Փինք սիրում եմ, եթե Փինք են ուզում, թե «Try» գործն եմ տալիս։ Այս դարում «Led Zeppelin» քիչ են լսում, բայց եթե մի 5 տարի առաջ երեխաներն ունեին ճաշակի խնդիր, ապա հիմա լավ բաներ լսում են։
– Տարբեր երաժշտական գործիքների եք տիրապետում, նվագում եք կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ, և ինչո՞ւ։
– Ամեն մեկն իր տեղն ունի․ դաշնամուրն ինձ համար հարմոնիայի հանրագիտարանն է։ Ես հարմոնիան հիմնականում ձայնով եմ ստանում, բայց եթե զգում եմ, որ չեմ կարողանում, դաշնամուրով եմ ստանում։ Կիթառն իմ հիմնական գործիքն է, որով ես ստեղծագործում, արտահայտվում եմ։ Իսկ եթե հարվածային գործիքների մասին խոսենք, ապա այն ինձ հնարավորություն է տալիս մտքով ավելի շատ թռչել։
– Գիտեմ, որ հարվածային գործիքների հետ կապված նոր նախագիծ եք ուզում սկսել. Կասե՞ք՝ ի՞նչ նախագիծ է, և ո՞րն էր շարժառիթը։
– Ես արդեն 8 տարի է՝ ինքս ինձ վրա աշխատում եմ, պարապում եմ՝ զուտ ինքս ինձ զարգացնելու նպատակով։ Երբ գալիս են ինձ մոտ կիթառ նվագելու, նաև հարվածային գործիքներով են հետաքրքրվում, ինչը պատճառ եղավ, որ մտածեմ նաև Drum Clinic ունենալու մասին, որտեղ ես կարևոր բաները կսովորեցնեմ, նաև պլանավորում եմ՝ Հայաստանի լավ թմբկահարների հետ ունենալ հանդիպումներ, որոնք իրենց փորձով փոխանակվեն իմ լսարանի հետ։ Շատ չակերտներ չբացեմ, շուտով դրա մասին կիմանաք։
– Դուք ամուսնացած եք, և այսքան մեծ գործունեություն եք ծավալում. չե՞ն խանգարում մեկը մյուսին, հասցնո՞ւմ եք ընտանիքի հետ ժամանակ անցկացնել։
– Դե, դեռ ես ու կինս ենք, և բոլորը մեզ տալիս են ավանդական հայկական հարցը՝ ե՞րբ եք երեխա ունենալու, որովհետև 1.5 տարի է՝ ամուսնացած ենք։ Ես կյանքին մի քիչ այլ կերպ եմ նայում. իմ կինն իր կարիերայում շատ բարձր դիրքի է հասել, ես չեմ ուզում առաջին հերթին իրեն սահմանափակել։ Նա պրոֆեսիոնալ պարուհի է, և հիմա լավագույն խմբում է պարում։ Ես իր թևերը կփակեմ, եթե ասեմ՝ պետք է երեխա ունենանք։ Ինքն իր աշխատանքով է զբաղվում ամբողջ օրվա ընթացքում, ես՝ իմ, հետո օրվա վերջում հանդիպում ենք, գնում ենք տուն, քնում ենք (ծիծաղում է.- Ռ.Մ.)։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում