Կրթության և գիտության նախարարությունը պետք է դարձնել ազդեցիկ կառույց
Որպես կրթության ոլորտի շարքային աշխատող՝ մտահոգված եմ կրթության հանդեպ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքով։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, թե հեռահար ինչ վնասներ է պարունակում կրթության համակարգը շարունակաբար խեղճացնելը և էլիտար կրթության ձեռքբերումներով իրականությունը վարագուրելը։
Վերջին 25 տարիներին Կրթության և գիտության նախարարության ենթակայությունից դուրս բերվեցին տարաբնույթ հաստատություններ, սահմանափակվեցին բազմաթիվ լիազորություններ։ Օրինակ՝ 90-ական թվականներին նախարարությունից վերցվեցին մանկապարտեզները և դպրոցները։ Իհարկե, 7-8 տարի առաջ նախարարությունը կարողացավ իր ենթակայությանը վերադարձնել ավագ դպրոցները։ Ավելի ուշ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վերցրեց մարզադպրոցները։ Վերջերս Պաշտպանության նախարարությունը վերցրեց Փոքր Մհեր կրթահամալիրը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ստեղծումով էապես նվազեց նախարարության մասնակցությունը բուհերի ընդունելության գործընթացին։ Նույնիսկ Կրթության զարգացման պետական ծրագրի մշակման աշխատանքներում նախարարությունը չէ գլխավոր դերակատարը։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Կրթության զարգացման պետական ծրագիրը մշակվում միջազգային կազմակերպությունների գումարներով, ոչ թե՝ պետական բյուջեի փողերով։ Կարծում եմ՝ անկախ պետությունը պետք է ի վիճակի լինի բյուջեից ֆինանսներ հատկացնելու պետական ծրագրի մշակման համար։
Վերջերս նախարարությունը զրկվեց նաև ակադեմիական տարկետման քվոտաներ տալու լիազորությունից։ Այսուհետ զինապարտները Պաշտպանության նախարարության միջոցով կորոշեն իրենց ծառայության ձևաչափը։ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն աստիճանաբար հայտնվում է անգլիական թագուհու կարգավիճակում։ Ամիսներ առաջ Հայաստան այցելած Վրաստանի կրթության և գիտության նախարարը նաև զբաղեցնում էր երկրի փոխվարչապետի պաշտոնը։ Սա կարևոր է, քանի որ կրթության և գիտության նախարարը պետք է որոշակի ազդեցության լծակներ ունենա պաշտպանության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտների վրա։ Իսկ մեզ մոտ ԿԳ նախարարությունը շատ դեպքերում կրթական հաստատությունների վրա ազդելու լծակներ չունի։
Կրթության և գիտության նախարարությունն այսօր Հայաստանում պետք է ունենա այն ազդեցությունը, ինչ ունեն Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը։ Այդ ազդեցությունը կարևոր է ոչ թե՝ երկրում ևս մեկ սուպերնախարար ունենալու, այլ՝ կրթության բարդագույն խնդիրները լուծելու համար։
Վերջին շրջանի ամենամտահոգիչ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում կրճատվում է կրթության բյուջեն։ Այն տեսակետը, որ կրճատումն անարդյունավետ ծախսերից ազատվելու միջոց է, համոզիչ չէ։ Կրթության ոլորտում իսկապես կան անարդյունավետ ծախսեր, բայց լուծումը պետք է լինի ոչ թե գումար կրճատելը, այլ անարդյունավետ ծախսերն արդյունավետ ծախսերով փոխարինելը։ Օրինակ, ինչո՞ւ չի կարելի անարդյունավետ ծախսերի գումարը հատկացնել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցի վերանորոգմանը։ 260 երեխա հաճախում է խայտառակ պայմաններում գտնվող դպրոց։ Եթե կան անարդյունավետ ծախսեր, ապա կառավարությունն իր ներսում պետք է փնտրի պատճառները։ Իսկ կրթության բյուջեի շարունակական նվազումով՝ կառավարությունը խախտում է կրթությանը ՀՆԱ-ի 4%-ը տալու՝ օրենքի ուժ ստացած որոշումը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված Կրթության զարգացման պետական ծրագրով 2015 թվականին կրթությանը պետք է հատկացվեր ՀՆԱ-ի առնվազն 4%-ը։ Համեմատության համար նշեմ, որ 1989 թվականին խորհրդային կառավարությունը կրթությանը հատկացնում էր ՀՆԱ-ի 8%-ը։ Ցավոք, նվազում է նաև միջազգային օգնությունը կրթությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կրթությունը մեծապես կախված է նաև միջազգային աջակցությունից, այս միտումը դրական չէ մեզ համար։ Օրինակ, եթե 2010 թվականին միջազգային օգնության 10.2%-ն էր ուղղվում կրթությանը, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը դարձել է 8.2%։
Փոխարենը՝ բարձրացվում է կրթությանը ներկայացվող միջազգային նշաձողը։ Մասնավորապես, վերջերս ընդունված Կայուն զարգացման նպատակներից 4-րդը վերաբերում է կրթությանը։ Այն ասում է, որ մինչև 2030 թվականը պետք է ապահովել որակյալ կրթություն՝ կարևորելով ներառականությունն ու համաչափ զարգացումը։ Նախկին փաստաթուղթը՝ Հազարամյակի զարգացման նպատակները, շատ ավելի ցածր նշաձող էր դրել կրթության համար՝ ապահովել համընդհանուր տարրական կրթություն։ Այլ կերպ ասած, եթե նախկինում կարևորվում էր երեխաների դպրոց գնալը, ապա այժմ կարևորվում է կրթության որակը։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ արհեստական ինտելեկտի տարածման արդյունքում էական փոփոխություններ են լինելու աշխատաշուկայի կառուցվածքում և մեր ապրելակերպում, ապա կրթության համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնելը դառնում է օրակարգի հարց։ Իսկ նման փոփոխություններ իրականացնելու համար ԿԳ նախարարության ռեսուրսները, աշխատաոճը, լիազորությունները պետք է վերանայվեն։