«Հայաստանը և Հայաստանի մայրաքաղաքն անմիջական վտանգի ներքո են». Ռուբեն Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ռուսական դիվանագիտությունը հաշվի է առնում, որ Հայաստանում անհանգստություն կա՝ կապված Արցախի հարցի կարգավորման գործընթացում ՌԴ դիրքորոշման հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ Լավրովի հայտարարությունները հենց նպատակ ունեին հանգստացնելու հասարակական կարծիքը Հայաստանում։
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է. «Բանակցային փորձը ցույց է տալիս, որ ԼՂ հակամարտության բանակցությունները շուտ չեն ավարտվելու։ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր, մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ շարունակելու է աջակցել այդ հակամարտությունը լուծելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»։
168.am-ը թուրքագետից հետաքրքրվեց Թուրքիա-Ռուսաստան-Իրան մերձեցման՝ տարածաշրջանի համար հնարավոր վտանգների մասին։ «Այդ երեք երկրները, ամեն մեկը իր շահերից ելնելով՝ փորձում են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել իրենց քաղաքականության մեջ՝ Սիրիայի հետ կապված։ Այս երեք երկրների համագործակցությունը շատ կոնկրետ խնդիր է լուծում սիրիական ճգնաժամում։ Այդ երկրների մեջ եղած հակասությունները ոչ մի տեղ չեն անհետացել, դրանք լուրջ հակասություններ են՝ տարածաշրջանում ազդեցության ոլորտներ ունենալու հետ կապված»,- ի պատասխան՝ ասաց նա։
Իսկ մեր այն հարցին, թե Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար, նա պատասխանեց, որ բանակցությունները դրական ընթացք են ունենում, բայց պետք է արձանագրել, որ S-400-ները դեռևս Թուրքիայում չեն.
«Նախատեսվում է, որ 2 տարի հետո պետք է լինեն, այնպես որ, հիմա դեռ վաղ է 100 տոկոսով ասել, որ դրանք կհայտնվեն Թուրքիայում։ Սա Թուրքիայի կողմից մեծ խաղ է, նպատակ ունի ազդել ՆԱՏՕ-ի վրա։ Բայց մինչև այսօր համոզված չեմ, որ S-400-ները կհայտնվեն Թուրքիայում․տարբեր զարգացումներ կարող են լինել»։
Խոսելով Նախիջևանում ընթացող զորավարժություններից՝ թուրքագետն ասաց՝ դրանք նպատակ ունեն ցույց տալու, որ Հայաստանը և Հայաստանի մայրաքաղաքն անմիջական վտանգի ներքո են։
Թուրքագետն անդրադարձավ նաև Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու ցանկության մասին խոսակցություններին, և նշեց, որ Ադրբեջանը ԵՏՄ չի մտնի, քանի որ դրանով կզրկվի նավթային շահույթների մի մասից. «Ռուսաստանը կձգտի դրան, բայց Ադրբեջանը չի միանա ԵՏՄ-ին»։
Ռազմիկ Մարտիրոսյան