«Հնարավոր է՝ ինչ-որ դետալների փոփոխություն լինի, գույների ուժեղացում, թուլացում, բայց սրանք վերջնական տեսքն են». ԿԲ մամուլի քարտուղարը՝ նոր թղթադրամների էսքիզների մասին
«Դիզայներների մրցույթը թաքուն չի եղել, Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ լինելու է մրցույթ, մրցույթին կարող են մասնակցել բոլորը, այսինքն՝ դա գաղտնի չի եղել, մենք դրա մասին այնքան ենք խոսել, ինչքան հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը՝ խոսելով երրորդ սերնդի թղթադրամների էսքիզների դիզայներների մրցույթի մասին:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները, որոնց հեղինակներն են դիզայներներ Էդվարդ Կուրղինյանը, Վարդան Վարդանյանը և Սուրեն Սիմոնյանը:
Նշենք, որ թղթադրամների դիզայնը և պատկերազարդման մեջ գործածված խորհրդանիշերը մեծ դժգոհություն են առաջացրել մասնագետների, առհասարակ՝ քաղաքացիների շրջանում։ Որոշ դիզայներներ, բլոգերներ և մշակութային գործիչներ քննադատում են էսքիզների դիզայնը, նաև նշում են, որ դիզայներների մրցույթը գաղտնի է տեղի ունեցել:
«Եթե այդ բոլոր դիզայներները, որոնք հիմա քննադատության են ենթարկում, խնդիր ունեն դիզայնի հետ, դա իրենց խնդիրն է, թող ժամանակին մասնակցեին դիզայնին, և ոչ թե՝ հիմա նստեին ու քննադատեին մի բան, որին իրենք չեն մասնակցել, իսկ ընդհանուր առմամբ, կարող եմ ուղղակի ասել, որ ճաշակին ընկեր չկա»,- ասաց ԿԲ մամուլի քարտուղարը:
Հարցին՝ ինչ-որ փոփոխություններ հնարավո՞ր են, Հ. Բերբերյանն այսպես պատասխանեց.
«Ոչ, ԿԲ-ի խորհուրդը հաստատել է էսքիզները, բնականաբար, դրանց վրա դեռ աշխատելու են տպագրատանը, այսինքն՝ հնարավոր է՝ ինչ-որ դետալների փոփոխություն լինի, գույների ուժեղացում, թուլացում, բայց սրանք վերջնական տեսքն են»: