«Ուզում ենք մարտունակ հասարակությո՞ւն, թե՞ բանակ, որտեղ մանվելգրիգորյանների միջոցով պարտադրվում է սպայի չեղած արժանապատվությունը զոռով հասարակության մեջ ներդնելու խնդիրը». Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ սկզբունքորեն ապացուցված է, որ անընդհատ կրթությունն ավելի արդյունավետ է: Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ազգագրագետն ընդգծեց՝ չի բացառվում նաև, որ բանակից հետո էլ մարդը կրթությունը շարունակելու ցանկություն ունենա և զբաղվի գիտությամբ:
«Զինվորը, որ այսօր գնում է բանակ, պետք է լրացուցիչ կրթություն ստանա, բանակը պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրի՝ այդ կրթությունն ապահովելու համար: Դա նշանակում է՝ անվերապահ ընդունել, որ դպրոցը պետք է շարունակ անգրագետ հասարակություն արտադրի մեզ համար, այդ արտադրանքն այդպես անգրագետ պետք է գնա բանակ, և բանակը պետք է զբաղվի նրանց կրթությամբ: Իսկ հասարակության մյուս հատվածն այդպես անգրագետ էլ պետք է մնա: Ես գուցե մի քիչ շահարկելով եմ սա ասում, բայց, ի վերջո, ծրագիրը հանգում է դրան: Կրթության և գիտության միջոցների նվազեցման տրամաբանությունը բերում է նրան, որ կյանքի կառուցվածքում ամեն ինչ պետք է անել բանակին սպասարկելու համար, և սա է մեր նախարարի «Ազգ-բանակ»-ը»,- ասաց ազգագրագետը:
Հրանուշ Խառատյանը տրամաբանություն չի տեսնում, որ 4 տարի բակալավրիատում սովորած, գրագետ երիտասարդը գնա՝ 18 տարեկան շարքայինների հետ ծառայի:
«Մի՞թե ռազմական գիտելիք ձեռք բերելն անպայման 2 տարվա զորանոցային ծառայությունն է: 2 տարվա զորանոցային ծառայությունը մեզ մոտ դիտվում է բանակը: Ռազմական գիտելիքի ուսուցման տարբերակներ շատ կան: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ընտրության հնարավորություններն ավելի քիչ են: Պատերազմը, ի վերջո, քաղաքացիական բնակչության համար է վտանգավոր: Բանակն իր ներսում չի կարգավորվում, իր ներսում պահում է բազմաթիվ արատավոր երևույթներ: Հասարակության արժեհամակարգը բանակում պետք է ձևավորվի»,- ասաց նա:
Նա նկատեց՝ միայն պատերազմի համար չէ, որ մարդիկ խուսափում են բանակից. «Մինչև հիմա ՊՆ-ն սոցիալական արդարության մասին բարձրաձայն խոսելիս՝ երբեք չի անդրադառնում նախագահի դռները ծեծող սևազգեստ մայրերի խնդրին: Ինչո՞ւ մենք չենք քննարկում ռազմական գիտելիքի մատուցման և ստեղծման ալտերնատիվ ձևերը, ինչո՞ւ մեր հասարակության մեջ «մարտունակություն» բառը բացառապես կապվում է բանակի հետ: Ես կարծում եմ, որ շատ հստակ պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում. մարտունակ հասարակությո՞ւն, թե՞ բանակ, որտեղ մանվելգրիգորյանների միջոցով պարտադրվում է սպայի չեղած արժանապատվությունը զոռով հասարակության մեջ ներդնելու խնդիրը»: